Որոնել
Արխիվ
10.02.2020  23:57

Պետրոս Ավետիսյան. «Փոքր տարիքում բակում փորձում էի կրկնել Ռոնալդինյոյի հնարքները»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ով այս ձմռանը լքեց «Արարատ-Արմենիան»՝ համալրելով «Տոբոլը», ղազախական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր կարիերայի, անցած ճանապարհի և Ղազախստանի առաջնությունում ակնկալիքների մասին։ 

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից, երբ հայրս ինձ տարավ «Մալաթիա» ՖԱ։ Հետո, այն դարձավ ՖԱ «Բանանց», իսկ այժմ անվանափոխեցին՝ դարձնելով «Ուրարտու»։ Հիշում եմ, թե որքան ինձ դուր եկավ առաջին մարզումն ու այդ օրվանից սկսեցի անհամբեր սպասել հաջորդ մարզումներին։ Մինչև հիմա այդպես է։ 

Մանկության տարիներին իմ սիրելի ֆուտբոլիստները Ռոնալդինյոն և Զիդանն էին։ Նրանք դաշտում աչքի էին ընկնում կրեատիվ խաղով։ Բակում ես շատ էի փորձում կրկնել Ռոնալդինյոյի տարբեր հնարքները։

Մխիթարյանը հանրաճանաչ խաղացող է, ով կարողացել է ֆուտբոլում հասնել շատ բաների։ Իհարկե, հաճելի է, որ ինձ համեմատում են նրա հետ, բայց յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու խաղաոճը։

«Տոբոլի» դեմ խաղերը լավ եմ հիշում։ Հայաստանում մեծ աժիոտաժ էր, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը խաղում էր Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։ Առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվեցինք 1-2 հաշվով, բայց պատասխան խաղում հաղթեցինք 1-0 ու դուրս եկանք հաջորդ փուլ։

Ղազախստանի առաջնությունում միշտ խաղացել են հայ ֆուտբոլիստներ և հայկական մամուլում նրանց մասին միշտ գրել են։ Ես հետևել եմ Ղազախստանի առաջնությանը։ Արդեն, հրավիրվում են որակյալ լեգիոներներ և տարեցտարի առաջնությունն ավելի լավն է դառնում։

«Տոբոլ» տեղափոխվելու հետ կապված առաջին հերթին խորհուրդ եմ հարցրել հորիցս, հետո, խոսել եմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով տարիներ առաջ աշխատել է այստեղ։ Նաև, խոսել եմ Կառլեն Մկրտչյանի հետ, ով այստեղ խաղացել է։ Ինձ խորհուրդներով օգնել է նաև Մարկոս Պիզելին։ Ղազախստանի առաջնության մասին բոլոր կարծիքները դրական են եղել։ Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկն ասաց, որ իր ֆուտբոլիստ Սեբայը նույնպես խաղում է «Տոբոլում» և ակումբում ոչ մի խնդիր չի առաջանում։

Ինձ շատ լավ ընդունեցին թիմում։ Այստեղ մարզական հավաքները կազմակերպվում են շատ բարձր մակարդակով։ Լավ կոլեկտիվ է աշխատում՝ մարզչական անձնակազմ․․․ Խաղում ենք ուժեղ մրցակիցների հետ և համագործակցությունն օրեցօր ավելի շատ է ստացվում։

Գրիգորի Բաբայանը շատ լավ մարզիչ է։ Նա հետաքրքիր մարզումներ է անցկացնում։ Հավատում եմ, որ նրա գլխավորությամբ մենք կհասնենք արդյունքի։

Հաճելի է սոցիալական ցանցերում «Տոբոլի» երկրպագուներից ոգևորիչ գրություններ ստանալը։ Դա ստիպում է լիարժեք նվիրվել մարզումներին և ուրախացնել նրանց առաջնության ընթացքում։ Իմ առջև խնդիր եմ դրել խփել գոլեր և օգուտ տալ թիմին՝ հասնելով մեր առջև դրված նպատակներին»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000