Որոնել
Արխիվ
03.02.2020  15:19

Ավագիմյան. «Խաշմանյանն ասում էր թիմի առաջատարը կդառնամ, իսկ մյուս մարզիչը` հավաքականում կխաղամ, բայց…»

«Ալաշկերտից» հեռացած Արթուր Ավագիմյանը միացել է ուկրաինական «Չեռնոմորեցին»: Topsports.am-ի հետ զրույցում նա պատմել է Հայաստանում անցկացրած անհաջող ժամանակաշրջանի մասին:

«Ես չէի հասկանում՝ ինչի համար եմ տեղափոխվել «Ալաշկերտ»: Դրա պատճառը թերևս այն էր, որ պարզապես խաղաժամանակ չէի ստանում: Չեմ ցանկանում խոսել այն ամենի մասին, ինչ այնտեղ ինձ հետ պատահել է: Դժվար ժամանակաշրջան էր, որն ինձ կոփեց որպես մարդ, որպես անհատականություն: Այնտեղ շատ լավ մարդկանց եմ հանդիպել, բայց նաև նրանց, որոնք մի բան էին ասում և լրիվ այլ բան անում: Խոսքիս վերջին մասը վերաբերում է «Ալաշկերտին»: Այնտեղ էի տեղափոխվել ֆուտբոլ խաղալու համար: Ակումբի նախագահը ֆինանսական տեսանկյունից ինչպես խոստացել էր, այնպես էլ կատարել է: Աշխատավարձը միշտ ճիշտ ժամանակին տրվում էր, բայց այնտեղ գումարի համար չէի տեղափոխվել, այլ որ խաղաժամանակ ստանայի և հրավիրվեի Հայաստանի ազգային հավաքական:

Ես ֆուտբոլի երկրպագու եմ և ամբողջ սրտով նվիրվում եմ այդ մարզաձևին: Այնտեղ աշխատող ոչ մի մարզիչ կամ խաղացող չի կարող ասել, որ մարզումների ժամանակ վատ տեսք ունեի, և որ դա էր չխաղալուս պատճառը: Տղաները անգամ կատակում էին և ասում՝ մարզումների չեմպիոնն եմ:

Աբրահամ Խաշմանյանն ասում էր, որ «Ալաշկերտ» եմ եկել թիմի առաջատարը դառնալու համար: Վստահեցնում էր, որ կտա ժամանակ հարմարվելու, սակայն հետո երկրորդ թիմի կազմում հանդես գալս բացատրում էր նրանով, որ դա իր որոշումը չէր: Երբ եկավ հաջորդ մարզիչը (Արմեն Ադամյան-խմբ.), ինձ ասաց, որ ես մեծ պոտենցիալ ունեմ և անպայման խաղաժամանակ կստանամ: Նրա օգնականն էլ ասում էր, որ մի քանի տարի հետո ինձ տեսնում է Հայաստանի հավաքականի կազմում: Իսկ իրականում դրանք ուղղակի խոսքեր էին: Նրանք ինձ միայն մեկ հնարավորություն տվեցին առաջին թիմի կազմում և երեքը՝ երկրորդ թիմում: Չնայած, որ թիմում հանդես եկող բրազիլացիները կարող էին ձախողել երեք խաղ, և միայն չորրորդում աչքի ընկնել և նրանց մոտ ամեն ինչ շարունակում էր մնալ հիասքանչ:

Ես արդեն հստակ որոշել էի, որ հեռանալու եմ ակումբից: Ուղղակի ուզում էի աճել, սակայն հասկացա՝ այդ ակումբն ինձ համար չէ: Շնորհակալություն ակումբի նախագահին, որ հնարավորություն տվեց ինձ հեռանալու, և մենք նրա հետ համաձայնության եկանք:

Վերջին անգամ հայրենիքում եղել էի, երբ մեկ տարեկանի էի: Վերադարձա 22 տարեկանում: Երևանը և այն վայրերը, որտեղ եղա, ինձ շատ դուր եկան: Այժմ ամեն ինչ հիասքանչ է: Արդեն միացել եմ Օդեսայի «Չեռնոմորեցին» և թիմի հետ պատրաստվում եմ ուղևորվել Թուրքիա՝ հավաքների»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ավագիմյանն ընդամենը կես տարի անցկացրեց: «Ֆուտբոլ Պլյուսի» հետ զրույցում «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարել է, որ կիսապաշտպանն Ուկրաինա է վերադարձել ընտանեկան խնդիրների պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000