Որոնել
Արխիվ
07.01.2020  23:29

Կոլիվանով. «Մեր առջև խնդիր է դրված «Արարատին» դարձնել չեմպիոն»

«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր և թիմի առջև դրված նպատակների ու ակումբի հետ ունեցած հիշողությունների մասին, նաև դիմել է երկրպագուներին:

- Պարոն Կոլիվանով, ինչպե՞ս ստացվեց առաջարկը և ինչպե՞ս ընդունեցիք այն:

- Խնդիրն այն է, որ Վալերի Հովհաննիսյանին ճանաչում եմ վաղուց, երբ դեռ «Ուրալում »էր աշխատում: Մենք կես տարի առաջ էլ այս հարցի շուրջ խոսում էինք: Հետաքրքիր առաջարկ արեց: Նա պրոֆեսիոնալ է, գիտի՝ ինչ է ցանկանում: Մեր առջև այնքան էլ հեշտ խնդիր դրված չէ, պետք է փորձենք առաջին հորիզոնականը զբաղեցնել, դրա համար ամեն ինչ կանենք: Հասկանալի է, որ հեշտ չի լինելու, սակայն բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ պատճառով կհամագործակցենք, բոլոր մանրամասները քննարկել ենք:

- Հետևե՞լ եք թիմի խաղին մրցաշրջանի առաջին հատվածում:

- Գիտեմ, որ շատ լավ է հանդես եկել թիմը, երկրորդ տեղում ընթացող թիմերի հետ հավասար միավորներ ունի: Ամեն դեպքում երկրորդ հատվածն ավելի հետաքրքիր է լինելու, այնտեղ առաջին 6 թիմերը միմյանց հետ են խաղալու:

- Հստակ ծրագիր ունե՞ք, թե ինչպես պետք է հասնեք հաջողության:

- Շուտով սկսվելու են հավաքները, կամաց-կամաց ճանաչելու եմ տղաներին: Նրանցից շատերին ես գիտեմ, աշխատել եմ նրանց հետ: Երկրորդ հավաքի ընթացքում արդեն հիմնական կազմը կհավաքվի: Գաղտնիք չէ, որ անհրաժեշտ է հզորացնել կազմը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի երջանկացնենք մեր երկրպագուներին, որոնք հաճախելու են մարզադաշտ: Գլխավորն այն է, որ կատարենք իմ և մարզչական շտաբի առջև դրված խնդիրը:

- Դուք ծանոք եք «Արարատին», ի՞նչ հիշողություններ ունեք ակումբի հետ կապված:

- Ես դեռ ԽՍՀՄ-ում խաղացել եմ «Արարատի» դեմ: «Արարատը» շատ հզոր թիմ էր, բարձր հորիզոնականների համար էր պայքարում, ագրեսիվ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլ էր խաղում, հատկապես դժվար էր խաղալը Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում: Մի քանի անգամ գրավել եմ «Արարատի» դարպասը, դա իմ աշխատանքն էր (ծիծաղում է): Կարծում եմ, ովքեր հետևել են այդ տարիներին «Արարատի» խաղերին, հիշում են, որ մի անգամ բավականին գեղեցիկ գոլ խփեցի տուգանային հարվածից: Եթե հիշողությունս չի դավաճանում, դա մրցաշրջանի լավագույն գոլ ճանաչվեց:

- Ի՞նչ կասեք «Արարատի» երկրպագուներին:

- Ամենից առաջ կցանկանամ, որպեսզի շարունակեն երկրպագել թիմին: Մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի ուրախացնենք նրանց՝ լավ խաղով ու հաղթանակներով: Ամեն դեպքում, «Արարատի» երկրպագուները ցանկանում են տեսնել լավ խաղացող թիմ: Նրանք, ովքեր գալիս են մարզադաշտ, ցանկանում են տեսնել թիմ, որը գեղեցիկ ֆուտբոլ է խաղում: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի երջանկացնենք նրանց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000