Որոնել
Արխիվ
07.01.2020  15:35

«Հայաստանում իմ մարզիչը միշտ հարբած էր». Հայ մասնագետը ֆուտբոլիստներ է պատրաստում Չինաստանի համար

Վերջին տարիներին բազմաթիվ հայեր մեկնում են Չինաստան տարբեր աշխատանքներ կատարելու համար: Նրանց թվում են նաև ֆուտբոլի մարզիչներ: ArmFootball.com-ը զրուցել է Տիգրան Խալաթյանի հետ, ով դեկտեմբերին մասնակցում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած մարզչական սեմինարին:

- Ինչո՞վ եք զբաղվել մինչև մարզիչ դառնալը:

- Կարելի է ասել ՀՀ շարքային քաղաքացի էի: 2007-2009 թվականներին ծառայել եմ բանակում: Հետո սովորել եմ Երևանի պետական համալսարանում` հյուրընկալության մենեջմենթ մասնագիտությամբ: Ինստիտուտի տարիներին արդեն սկսեցի գնալ մարզչական աշխատանքի կողմը`ինքնուրույն հաճախելով թիմերի մարզումներին, հետևելով դրանց ընթացքին և նոթատետրում գրառումներ կատարելով: Մարզիչները չգիտեին էլ, որ այնտեղ եմ: Այդ պատճառով նույնիսկ համալսարանում մագիստրատուրան չհանձնեցի, մնում էր միայն թեզը գրել: Այդպես կլանվել էի ֆուտբոլով: Սկսեցի ֆուտբոլային գրականություն կարդալ:

- Իսկ ֆուտբոլային անցյալ ունեցե՞լ եք:

- Մինչև 16 տարեկան: Խաղացել եմ «Կիլիկիայում», «Քանաքեռում», «Միկայում», երբ ակումբում էր Սուրեն Բարսեղյանը: Նա ասաց, որ կարող եմ 15 տարեկան թիմի հետ մարզվել, բայց պետք է բարելավեմ ֆիզիկական տվյալներս: Շատ նիհար էի, բայց արագ էի վազում: Գործում էի ամբողջ ձախ եզրում: Ֆուտբոլում ձախլիկները պահանջված են, մրցակցությունը քիչ էր (ժպտում է-խմբ.):

- Ինչո՞ւ չշարունակեցիք:

- Եկան ինստիտուտ ընդունվելու քննությունները, բանակը, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ:

- Արդյո՞ք ազդեց մարզիչների գործոնը, որ չշարունակեցիք ֆուտբոլ խաղալ:

- Մեծապես ազդեց: Անուններ չտամ, բայց օրինակ բերեմ: Մարզիչ եմ ունցել, ում երբեք մարզումների ժամանակ սթափ վիճակում չեմ տեսել, միշտ հարբած էր: Մարզիչ եմ ունեցել, ով թիմում խրախուսում էր բանակային որոշ բացասական սովորություններ: Երբ նոր երեխա էր գալիս թիմ, նրա նկատմամբ մյուսների կողմից ճնշումներ էին լինում: Եվ դա մարզիչը չէր վերացնում, այլ խրախուսում էր: Ասում էր` կարգն այդպես է. հները պետք է ուժեղ լինեն: Միայն ինձ վրա չի ազդել մարզիչների գործոնը, իմ սերնդի շատ խաղացողների դուրս է թողել ֆուտբոլից: Շատ ուժեղ ֆուտբոլիստներ կային, ովքեր եթե լավ մարզիչներ ունենային, գնահատվեին, սովորեին, հիմա հայկական ֆուտբոլը շատ լավ խաղացողներ կունենար: Իսկ հիմա նրանք այլ մասնագիտությամբ են աշխատում և ֆուտբոլ են խաղում միայն հաճույքի համար` սիրողական մակարդակում:

- Նշեցիք մարզչական առաջին քայլերի մասին` մարզումներին հետևելով: Իսկ ի՞նչ քայլեր եք կատարել պրոֆեսիոնալ ասպարեզ մտնելու համար:

- Պատահականությունների շարք էր, որն ինձ հասցրեց մարզչական արտոնագրի: Առաջին անգամ 2014 թվականին մտածեցի այդ մասին և զանգահարեցի ՀՖՖ` մարզչական դասերի մասնակցելու համար: Ինֆորմացիան տվեցին, բայց ասացին, որ բոլոր 16 տեղերն արդեն զբաղված են… որոշեցի սպասել:  2015 թվականի գարնանը նրանք զանհագարեցին (իմ տվյալները մնացել էին նրանց մոտ) և ասացին վերսկսվում են դասերը, արդյո՞ք ցանկություն ունեմ մասնակցել: Ասացի այո, գնացի, բոլոր վճարումները կատարեցի և մոտ 3 ամիս տևած դասընթացներից հետո, երեք քննություններ հանձնեցի (պրակտիկ, տեսական և խաղի կանոնների իմացության մասին), բարձր գնահատականներ ստացա: Մի փոքր մտավախություն ունեի, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլ չխաղալու պատճառով կարող եմ դժվարությունների հանդիպել, որովհետև նման կարծրատիպ կա` «ֆուտբոլ չխաղացածները մարզիչ չեն դառնում»: Բայց պարզվեց այդպես չէ: Մարզիչը մասնագիտություն է, և ցանկացած մարդ կարող է մարզիչ դառնալ: Քննություններից հետո ստացա B կարգի արտոնագիր:

- Որքա՞ն էին վճարումները:

- 400 հազար դրամ էր, բայց կեսը սուբսիդավորում էր ֆեդերացիան: Հիմա չգիտեմ, որքան արժե:

***

- Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Չինաստանում:

- Այնտեղից զանգ ստացա ֆուտբոլի հետ կապ ունեցող իմ ընկերներից մեկից` Հարոյան Սոսից, ով հիմա «Փյունիկում» է աշխատում: Ասաց նման հնարավորություն կա, դու էլ արտոնագիր ունես: Գործընթացը երկար տևեց, մոտ կես տարի (  հատկապես փաստաթղթերի կարգավորման պատճառով): Այդպես 2016 թվականի հունվարի 4-ին հայտնվեցի Չինաստանում և սկսեցի աշխատել Soccerworld ակադեմիայում, իսկ 2017 թվականի հոկտեմբերից` «Ռայս» (Rise) ակադեմիայում: Մինչև հիմա այնտեղ եմ: 

- Չինաստանում շա՞տ են հայ մարզիչները:

- Ես չորսին եմ ճանաչում: Նրանք նույնպես մանկապատանեկան ֆուտբոլում են: Բոլորն էլ արտոնագրեր ունեն:

- Դուք ո՞ր քաղաքում եք բնակվում:

- Ֆոշանում:

- Իպ Մանի քաղաքո՞ւմ:

- Այո, հենց այդ պատճառով էլ գնացել եմ Ֆոշան: Տարբերակ ունեի նաև Նանկինում, սակայն ընտրեցի Ֆոշանը: Այն նաև ավելի հարավային քաղաք է, տաք եղանակ է և, ըստ տրամաբանության, ավելի ֆուտբոլային պետք է լիներ: Նաև Իպ Մանի, քունգ ֆուի և մյուս մարտարվեստների հայրենիքն է:

- Սկզբի ժամանակ ինչպե՞ս էր:

- Չինաստանի մասին պատմելիս կարելի է շաբաթներով խոսել: Մարդիկ, հասարակական չափանիշներն ուրիշ են, այլ հարաբերություններ են: Այդ ամբողջ աշխարհն ազդում է նաև ֆուտբոլի վրա: Նրանք ամբողջ աշխարհի համեմատ ունեն մեկ առավելություն ու թերություն: Առավելությունն այն է, որ նրանք շատ-շատ են և լայն ընտրության հնարավորություն կա: Բայց նրանց թվաքանակը նաև խնդիր է, որովհետև շատ բարդ է ստեղծել այնպիսի համակարգ, որ գտնես իսկապես տաղանդավոր երեխաների, ապագա ֆուտբոլիստների ու մարզիչների: Նրանց համակարգն ուղղակի կայացած չէ, և հիմա փնտրտուքների մեջ են: Զուտ պատճեն անելով այլ երկրներում կայացած մոդելը, հնարավոր չէ` այնտեղ այդ երկրի հսկայական տարածքի ու բնակչության թվաքականի պատճառով:

- Ինչպիսի՞ն է Չինաստանի մանկապատանեկան  ֆուտբոլի մոդելը:

- Այն բաղկացած է մի քանի համակարգերից: Կան պրոֆեսիոնալ ակումբների ակադեմիաներ, սիրողական ակադեմիաներ, որն ավելի շատ բիզնեսի համար է, որտեղ երեխաները վճարում են ժամանցի համար, և կան այսպես կոչված «կամպուսային» ֆուտբոլ, որի մեջ ներառվում են հասարակ դպրոցները:

- Նման է ամերիկյան սպորտի մոդելին:

- Այո: Կրտսեր, միջին և ավագ դպրոցներ, ապա համալսարաններ: Կա նաև դրաֆտային համակարգ, որը մի փոքր խառն է: Եթե ինչ-որ երեխա ավագ դպրոցում է և լավ ֆուտբոլ է խաղում, կարող է պրոֆեսիոնալ ակումբի ակադեմիան գա ու դրաֆտի միջոցով վերցնի նրան:

- Ձեր ակադեմիան նշվածներից ո՞ր համակարգով է աշխատում:

- Երեքով էլ: Սիրողականով զբաղվող երեխաները գալիս են զվարճանալու համար: Նրանց ծնողները նպատակ չեն դրել իրենց երեխային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դարձնել և բերում են զբաղմունքի համար: Հիմա աշխարհն այնպես է, որ երեխաները շատ ժամանակ չունեն դուրսը ֆուտբոլ խաղալու, նման սովորություն չկա էլ այնտեղ: Իսկ մեր ակադեմիան հնարավորություն է տալիս նրանց: Ակադեմիայի մոդելում արդեն այն երեխաներն են, որոնք որոշակի մակարդակ ունեն: Մենք սելեկցիա ենք անցկացնում և ընտրում շնորհալիներին:
Իսկ հասարակական դպրոցների հետ աշխատում ենք երրորդ մոդելի շրջանակում, երբ մեր մարզիչները գնում են այնտեղ և մարզում նրանց ֆուտբոլի թիմը:

- Դա ինչ-որ կերպ կապվա՞ծ է Չինաստանի ներկայիս ղեկավար Սի Ցզինպինի ֆուտբոլ սիրելու և այն դպրոցում համակարգային հիմքերի վրա դնելու հետ:

- Այո, դա կամպուսային զարգացման համակարգն է: Չինաստանում բոլոր տարիքային երեխաներն առավոտյան 8-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն անցկացնում են դպրոցում: Այսինքն այդ երեխաներին դպրոցից դուրս գտնելը ֆիզիկապես անհնար է: Այդ պատճառով նրանց սպորտային առաջընթացի հնարավորություն տալու համար ֆուտբոլը պետք է գնա դպրոց:

- Ձեր ակադեմիայում մինչև քանի՞ տարեկան են սովորում:

- 14: Հետո տրվում է ընտրության հնարավորություն որակական լավ ունակություններ ունեցող երեխաներին: Տարբեր պրոֆեսիոնալ ակումբների մարզիչներ գալիս են և նրանց միջև ընտրություն կատարում: Եթե ծնողները համաձայն են լինում, պայմանագիր կնքելով միանում են այդ ակադեմիաներին: Չընտրված երեխաները հնարավորություն են ունենում խաղալ իրենց դպրոցների թիմերի կազմերում: Դա նրանց ֆուտբոլից չկտրելու միջոց է, եթե ուզում են մնան այդ սպորտաձևում: Բացի այդ, նա մինչև 18 տարեկան կարող է կտրուկ առաջընթաց ունենալ, և նշված համակարգի շնորհիվ շարունակելու է մնալ տեսադաշտում:

- Ես մի քանի ծանոթներ ունեմ, ովքեր Չինաստանում անգլերեն են դասավանդում, և հեշտությամբ պատկերացնում եմ, թե ինչպես են կարգավորում երեխաների հետ շփումը: Ինչպե՞ս է դա հայ մարզիչն անում:

- Իմ օրը շատ խառն է անցնում: Շաբաթական աշխատում եմ 7 օր, ունեմ 5 տարբեր տարիքային թիմ: Ամեն թիմ շաբաթական երեք մարզում ունի, այսինքն բոլորը միասին 15 մարզում` մեկ շաբաթում: Կա նաև գրասենյակային աշխատաժամանակ, որի ընթացքում վերլուծում ենք շաբաթվա աշխատանքը և մյուսի անելիքը ծրագրում: Գրեթե ամբողջ օրն ակադեմիայում եմ:

Ինչ վերաբերում է լեզվին, սկզբում նրանց հետ խոսում էի անգլերեն, իսկ մեկ այլ չինացի մարզիչ թարգմանում էր: Հետագայում ես էլ չինարեն սովորեցի և հիմա իմ մարզումների հիմնական մասն այդ լեզվով եմ անցկացնում: Այսպես ասած` «ֆուտբոլային չինարենով»: Նաև փորձում էի անգլերեն իմացող երեխաների միջոցով մյուսներին փոխանցել իմ խոսքը, որովհետև երեխաներն իրար ավելի մատչելի են բացատրում: Նաև կա ամենակարող ֆուտբոլային լեզուն. դու պարզապես ցույց ես տալիս վարժությունը, և նրանք կրկնում են:

- Այնտեղ նաև բնակվո՞ւմ եք:

- Ոչ: Տուն եմ վարձակալում և ինքս էլ վճարում:

- Ակադեմիայում մյուս մարզիչները նույնպես տարբեր երկրների՞ց են:

- Մեր ակադեմիայում միայն մեկ իսպանացի կա, մյուսները չինացի են: Իսկ երկրում մասնագետներ կան եվրոպական գրեթե բոլոր երկրներից:

- Պայմաններն ինչպիսի՞ն են: Որքա՞ն աշխատավարձ են ստանում մարզիչները:

- Հայաստանի համեմատ շատ-շատ լավ պայմաններ են` ֆինանսական և ենթակառուցվածքային առումով: Ամեն ինչ կա լավ ֆուտբոլիստ ունենալու համար: Աշխատավարձը շատ բարձր է, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետև պայմանագրային գաղտնիք է, բացի այդ սխալ եմ համարում այն բացահայտել: Այո, աշխատավարձը բարձր է, բայց անհամեմատ մեծ աշխատանք ենք տանում, գումարած առօրյա ծախսերը և հոգսերն ավելի շատ են, քան Հայաստանում է:

- Ի՞նչ է հայ մարզիչներին հարկավոր Չինաստանից առաջարկ ստանալու համար:

- Մարզչական կրթություն: Արտոնագիր է հարկավոր, անգլերենի իմացություն և ամենակարևորն ազատ միտք ունենալ նորամուծություններին ու նոր մշակույթին հարմարվելու համար:

- Իսկ չինացիները դա ինչպե՞ս են ստուգելու:

- Բոլոր պայմանագրերում առաջին մեկ ամիսը փորձաշրջանային է: Այդ ընթացքում նրանք հասկանում են:

- Ձեր աշխատանքն ինչպե՞ս են գնահատում: Չափանիշը ո՞րն է:

- Չինաստանում ֆուտբոլային մշակույթ չունեն, բայց կան մարդիկ, ովքեր առաջադեմ հայացքների տեր են, և հասկանում են, որ մանկապատանեկան թիմի մարզչի աշխատանքն արդյունքից կախված չէ: Մարզչի գործը կայացած ֆուտբոլիստ պատրաստելն է: Կան նաև մարդիկ, ովքեր դատում են արդյունքներով կամ բիզնես պլանի տեսանկյունից:  Օրինակ, ունես շատ սաներ, ուրեմն լավ ես աշխատում, չունես` վատ:

- Ձեր ակադեմիայում ինչպե՞ս է:

- Բարեբախտաբար, մեր ղեկավարն ունի նպատակ ակադեմիան դարձնել լավագույնը` ֆուտբոլիստ կրթելու տեսանկյունից: Դրա համար մեր արդյունքը ֆուտբոլիստ զարգացնելն է: Օրինակ, եթե ինչ-որ տարիքային խմբում ունենք 50 երեխա, և նրանցից 2-ը հնարավորություն ունեցան փորձաշրջան անցնել պրոֆեսիոնալ ակումբի ակադեմիայում, ուրեմն մեր աշխատանքը լավ կգնահատվի:

- Եթե նման հավակնոտ նպատակներ ունի, ինչո՞ւ սեփական ակումբը չստեղծել, որ այդ ակադեմիան ձեզ ծառայի:

- Նման ծրագիր կա, բայց դա շատ բարդ գործընթաց է: Հայաստանի պես չէ: Այնտեղ ֆուտբոլային ակումբ ունենալու համար հսկայական ծախսեր են պետք: Մեկ արտագնա հանդիպման գնալու համար մեծ ծախսեր են կատարվում, երկրի տարածքն ահռելի է:

- Ձեր ակադեմիան  քանի՞ խաղադաշտ ունի:

- Երկու: Մեկը 100-մետրանոց խաղադաշտ է, իսկ մյուսը` 70: Տարածքը վարձակալում ենք, որովհետև Չինաստանում մեծ խնդիր է նաև հող գնելը և սեփական ակադեմիան կառուցելը: Վաճառքի համար համապատասխան տարածք, որ այն քաղաքի կենտրոնին մոտ լինի, երեխաներին համար և միաժամանակ մեծ, որ ակադեմիա դառնա, պարզապես չկա:  Մեր ակադեմիան 2016 թվականին է հիմնադրվել: Քանի որ խաղադաշտերը մեծ են մանկապատանեկան ֆուտբոլի համար, հաճախ կեսն ենք օգտագործում: Բացի այդ, այնտեղ դպրոցները պարտադիր պետք է ֆուտբոլի խաղադաշտ ունենան, և մենք երբեմն այնտեղ ենք մարզումներն անցկացնում: Այսինքն մարզվելու տեղ շատ կա, բայց այն սեփական չէ: Երբ մեր ակադեմիան հասնի 1000 սաների, կարելի կլինի մտածել զարգացման հաջորդ քայլի մասին:

- Ստացվում է Հայաստանում որոշ վայրերում ավելի լավ պայմաններ կան:

 - Չէի ասի, որովհետև չինական պրոֆեսիոնալ ակումբներում այլ մակարդակ է: Երկրի չեմպիոն «Գուանչժոու Էվերգրանդի» ակադեմիայում 100-ից ավելի խաղադաշտ կա, և այնտեղ 6000 երեխա է ֆուտբոլով զբաղվում: Աշխարհի ամենամեծ ակադեմիան է:

- Ինչպես հայտնի է, չինական ֆուտբոլում մեծ գումարներ են ներդվում: Ըստ Ձեզ` ե՞րբ այդ երկրի հավաքականը հզոր ուժ կդառնա աշխարհում:

- Բոլոր հավաքականների հաջողությունը միշտ կապված է մանկապատանեկան ֆուտբոլի հետ: Չինացիներն այդ գործոնին ուշադրություն դարձնում են, բայց ոչ անհրաժեշտ մակարդակով: Թանկարժեք լեգիոներների բերելը ոչ թե առաջնության զարգացման կամ հավաքականի խաղացողներին ուժեղացնելու համար է, այլ ֆուտբոլային մշակույթ ստեղծելու: Ֆուտբոլ սիրում են, դիտում են, բայց չեն խաղում: Մարզադաշտ չեն գնում, բացի մի քանի գրանդ թիմերի տնային հանդիպումներից: Ահռելի խնդիր է նաև եվրոպական ֆուտբոլի խաղերը դիտելու ժամերի հետ կապված: Բոլոր առաջնությունների ու Չեմպիոնների լիգայի խաղերն այնտեղ շատ ուշ ժամերի են: Գիշերը ժամը 3-ին խաղեր դիտելով՝ դժվար է ֆուտբոլային մշակույթ ստեղծել:

- Բայց դա նաև նշանակում է, որ երեկոյան ստադիոն գնալուն այլ ֆուտբոլ չի խանգարում:

- Այո, բայց ֆուտբոլային մշակույթի բացակայության պարագայում դա վատ է ազդում: Նրանց մոտ չկա մշակույթ գնալ և երկրպագել սեփական թիմին, բացառությամբ այդ գրանդներից:  Քանի որ բնակչության թիվն ահռելի է, մարզադաշտի հաճախելիության համեմատ կոնտրաստը մեծ է: Օրինակ, իմ քաղաքում 7 միլիոն մարդ է բնակվում, հարևան Գուանչժոում` 14 միլիոն: Նրանց համար 10 հազար մարդ ստադիոն բերելը հեշտ է, բայց դա բավարար չէ: Եթե 14 միլիոնի մեջ 10 հազարն է ֆուտբոլի գնում, հասկանում ես, որ դա այն մշակույթը չէ, որ հարկավոր է:

***

- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

- Դեռևս կրթվել, որովհետև ֆուտբոլը ժամանակատար ու ստեղծագործ մարզաձև է: Եթե ֆուտբոլում դադարում ես կրթվել, ապագայի ծրագրեր ունենալ չես կարող: Կարճաժամկետ ծրագրերն են՝ շարունակել աշխատել, փորձ ձեռք բերել, ծանոթություններ ունենալ, որպեսզի հնարավորություն ստեղծվի արտոնագրման A կարգ ստանալ, ինչը մոտ մեկ տարի տևող գործընթաց է:

- Պարտադի՞ր է այն Հայաստանում ստանալ:

- Ոչ, բայց մերը եվրոպական արտոնագիր է, իսկ Չինաստանինը` ասիական: ՈՒԵՖԱ-ի արտոնագիրն ավելի հարգի է համարվում:

- Իսկ պատանիների հետ աշխատելու ցանկություն կա՞:

- Արդեն ունեմ Մ16, Մ17 և Մ18 տարիքի թիմեր: Երբ Հայաստանում էի, նրանք մասնակցում էին Գուանդոնգի նահանգի մրցաշարին, որում ներկայացնում էին Ֆոշան քաղաքը: Հասան կիսաեզրափակիչ, մեր քաղաքի համար դա պատմական նվաճում է:

- Հայաստանում հաճա՞խ եք լինում:

- Տարեկան մեկ անգամ, որովհետև շատ հեռու է:

- Ընտանիքո՞վ եք այնտեղ բնակվում, ուզո՞ւմ եք հաստատվել:

- Ոչ, դեռ ամուսնացած չեմ: Ծրագրեր էլ չունեմ: Ֆուտբոլային մարզչի կյանքն այնպիսին է, որ չի կարող ասել ինչ-որ տեղ ուզում է հաստատվել: Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել:

- Եթե Հայաստանից առաջարկ ստանաք, կվերադառնա՞ք:

- Եղել է այդպիսի առաջարկ: Ակումբը չեմ նշի: Մերժեցի, որովհետև այս պահին ինձ օգտակար եմ զգում մանկապատանեկան ֆուտբոլում: Տեսնում եմ, որ իմ աշխատանքն արդյունք է տալիս, և ամենակարևորը` այն սեղմված չէ խաղի արդյունքով, այլ ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Ուզում եմ ինչ-որ բան տալ ֆուտբոլիստներին, այլ ոչ թե կենտրոնանալ ամեն հաջորդ խաղի մարտավարության վրա: Չինաստանում նաև ունեմ թիմ, որի հետ արդեն 4 տարի է աշխատում եմ: Ուզում եմ նրանց հասցնել ակադեմիան ավարտելու տարիքին: Չեմ սիրում գործը կիսատ թողնել:

- Վերջում այսպիսի հարց: Ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլում: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ տարիքային երեխաների մարզիչը:

- Պետք  որոշակի ինտելեկտուալ մակարդակ ունենա: Մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մասնագետը մարզիչ չէ, նա ուսուցիչ է: Նա ոչ միայն ֆուտբոլ խաղալ է սովորեցնում երեխային, այլ նաև ցույց է տալիս հասարակության համար պիտանի անձնավորություն դառնալու ճանապարհը: Մանկապատանեկան ֆուտբոլում չի կարելի առաջնորդվել սեփական շահերով կամ նեղ ֆուտբոլային հասկացություններով: Այստեղ ֆուտբոլային առումով խելացի ու կիրթ մասնագետների կարիք կա, ովքեր երեխաների հետ շփվելու կարգ, ձև գիտեն: Նրանք առօրյա խնդիրները հասկանալու, մտածելակերպն ընկալելուն տիրապետում են: Շատ ժամանակ հայկական ֆուտբոլում մարզիչները երեխաներից պահանջում էին բաներ, ինչը նա չէր կարող անել, որովհետև նա երեխա է: Նրանց առջև պրոֆեսիոնալ մակարդակի խնդիրներ է դրվում, ինչը սխալ է: Եթե մարզիչը գիտելիքները ձեռք է բերել 20 տարի առաջ և դրանից հետո չի թարմացրել, նա չի կարող հիմա արդյունավետ աշխատել: Անհնար է: Ոչ-ոք ինձ չի կարող համոզել, որ նման գիտելիքներով այսօր հնարավոր է լավ ֆուտբոլիստ կրթել:

Մենք էլ ինդիվիդուալ ազգ ենք: Ամեն ինչ կենտրոնացած է սեփական «ես»-ի, մտերիմ, ծանոթ- բարեկամների շրջանակներում, և դա շատ է խանգարում: Այսինքն` մի բան, որ ինձ համար լավ է, ծանոթի, բարեկամի համար լավ է, բայց դա ճիշտ չէ, մենք միևնույն է դա անում ենք: Անհրաժեշտ են նաև ենթակառուցվածքներ, որպեսզի երեխաները ցանկության դեպքում հնարավորինս շատ առնչվեն ֆուտբոլին: Նաև ֆինանսական պայմանների բարելավում, որպեսզի մարզիչը երեխայի հետ աշխատելուց բացի ուրիշ ոչնչի վրա չկենտրոնանա, այլ ոչ թե ստիպված երկրորդ աշխատանքի` տաքսի վարելու կամ խանութում աշխատելու մասին մտածի: Իհարկե, մանկապատանեկան ֆուտբոլում ահռելի աշխատավարձերի մասին մտածելն անմիաստ է, բայց գոնե արժանավայել մակարդակի լինի:

Հայկական ֆուտբոլում աշխատանք շատ կա: Երբ նայում եմ, որ Բարձրագույն խմբի տուրի խորհրդանշական հավաքականի 11 ֆուտբոլիստներից 9-ը լեգիոներ են, հասկանում եմ, որ 4 տարի հետո մեր հավաքականի վիճակը շատ տխուր է լինելու:  


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000