Որոնել
Արխիվ
02.01.2020  16:04

«ՀՖՖ նախագահն ինձ ընդունեց զինվորական համազգեստով. բարձր աշխատավարձ չուզեցի». Լիստկևիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի ղեկավար Միխալ Լիստկևիչը, ով նախկինում եղել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, հարցազրույց է տվել polsatsport.pl-ին, որի ժամանակ պատմել Հայաստանում հայտնվելու և աշխատելու մասին:

- Աշխատում եք Հայաստանի մրցավարական կորպուսի ղեկավար: Ինչպե՞ս եք ստացել այդ պաշտոնը:

- Դրա համար մի փոքր հաջողություն էր պետք: Այդ վայրերից իմ ընկերը զանգահարեց և հարցրեց, թե արդյո՞ք ինչ-որ մեկին ճանաչում եմ, ով կարող է համապատասխանել այդ պաշտոնին: Ես տվեցի իմ անունը, և նրանք հրավիրեցին ինձ: Ավելի վաղ ՀՖՖ-ն խնդրում էր, որ առաջնության «Փյունիկ» - «Արարատ» խաղը լեհ որևէ մրցավար սպասարկի: Կշիշտուֆ Յակուբչիկը դա շատ լավ արեց, այդ պատճառով հող էր նախապատրաստվել: Ինձ աշխատանքի ընդունեց ՀՖՖ այն ժամանակվա նախագահը, ով նաև ԱԱԾ-ի պետն էր: Նա զինվորական համազգեստով էր և սիգար էր ծխում: Նա հարցրեց` արդյոք իմ ծառայությունները թանկ են: Պատասխանացի` ոչ, բայց ինձ ևս մեկ գործընկեր է հարկավոր: Նա համաձայնվեց: Ինձ հետ վերցրեցի Մարչին Շուլցին, ով շատ լավ է պատրաստում մրցավարներին:

- «Թանկ չէ»… դա որքա՞ն է:

- Հայաստանն աղքատ երկիր է: Միջին աշխատավարձը մոտ 1000 լեհական զլոտի է (126 հազար դրամ): Ես դրանից զգալի շատ եմ ստանում, բայց լեհական պայմաններում դա մեծ գումար չէ: Ինձ համար կարևոր էր, որովհետև թոշակի անցնելուց հետո չեմ կարող պրոֆեսիոնալ կարգավիճակով աշխատել: Քանի որ ազատ տիրապետում եմ ռուսերն լեզվին և սիրում եմ ճանապարհորդել, հաճույքով համաձայնեցի: Բնակվում եմ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում (Ավան Ակադեմիա): Այնտեղ 10 մեծ դաշտեր կան, այդ պատճառով ժպտում եմ, երբ «Լեգիայի» նախագահ Դարիուշ Միոդուսկին հպարտանում է իր ակադեմիայի 8 խաղադաշտերով: Իմ հարևանը Խինես Մելենդեսն է, Վիսենտե դել Բոսկեի նախկին օգնականն Իսպանիայի հավաքականում և Մադրիդի «Ռեալում»: Իսպանացին ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենն է, պատասխանատու է հավաքական թիմերի նախապատրաստման և ուղվածության համար: Այո, լավ շրջապատում եմ:



Լիստկևիչը լեգենդար Զբիգնև Բոնեկի հետ

- Որքա՞ն մեծ է ձեր ղեկավարած մրցավարական կազմը:

- Ցավոք, Հայաստանում ընդամենը 70 մրցավար կա: Նրանցից, միգուցե, 20-ն են համապատասխանում գնահատականի: Չնայած նրան, որ տաղանդ ունեմ լեզուներ և ազգանուներ սովորելուն, Հայաստանում դրանք այնքան բարդ են ու կրկնվող, որ չեմ կարողանում հիշել: Օգտագործում եմ անունները: Խնդիր է նաև ընտանեկան կապերը: Պետք է այնպես անեք, որ մրցավարին չնշանակեք այն խաղին, որում հանդես է գալու նրա որդին կամ փեսան: Արագորեն եմ հետազոտում Հայաստանը, որովհետև այն հեռու է և այնտեղ չկան շատ օդային տեղաշարժեր, արտագնա խաղի համար ժամանակ չես ծախսում: Ամսական նվազագույնը երկու շաբաթ այնտեղ եմ անցկացնում: Մարչինի հետ փոխվում ենք տեղերով:

- Մարդիկ ինչպիսի՞ն են:

- Հիասքանչ: Եթե այնտեղ բոլոր հրավերներն ընդունեի, ինձ երկրորդ լյարդ հարկավոր կլիներ: Նրանք շատ բաց են, բայց տարակարծիք: Դուք պետք է դրա արանքում գործեք: Հայերը ձեզ կսիրեն կամ կատեն, չեզոք վիճակ չի լինում: Անգլերենն այնտեղ անիմաստ է, պետք է ռուսերեն իմանաք, իսկ ես միշտ այն սիրել եմ: Ընդգծում եմ` Ռուսաստան, այլ ոչ թե ԽՍՀՄ: Ինձ դուր է գալիս ռուսների ոճը, գրականությունը և մշակույթը: Հայաստանում մարդիկ հպարտանում են Շառլ Ազնավուրով, Շերով, այսինքն Շերլին Սարգսյանով և Անդրե Աղասիով: Իսկ ֆուտբոլում առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանով: Լեհերին այնտեղ սիրում և հարգում եմ: Ինձ մի հայ շքեղ ամառանոց նվիրեց, և հպարտացավ, որ այն կառուցել է Վարշավայի «Տասնամյակի» ստադիոնի հարևանությամբ տեղակայված հագուստի իր խանութի միջոցով:

- Ֆուտբոլում խելահեղություն չկա՞:

- Ոչ, որովհետև երկրի առաջին մարզաձևը ծանրամարտն է: Բարձրագույն խմբում ընդամենը 10 թիմ են, իսկ Առաջինում` 18: Եվ վերջ: Երբ ստադիոնում 1000 մարդ է հավաքվում, արդեն հաջողություն է համարվում: Խնդիրն արհեստական խոտածածկով խաղադաշտերն են ու չափազանց շատ արտասահմանցիները: Այդ ամենը մի քանի օլիգարխների նախագծերն են, որոնք հաճախ չեն լինում իրենց ակումբներում, այլ թիմերը ղեկավարում են Ռուսաստանից` օգտագործելով միջնորդների:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000