Որոնել
Արխիվ
18.12.2019  18:16

Եղանակ և սենսացիոն ռեկորդ. Հայկական թիմերի տնային խաղերի հաճախելությունը

Աշխարհում թիմերի խաղերի հաճախելությունը բարձրանում է ըստ հանդիպման կարևորության: Որքան մեծ նշանակություն ունի հանդիպումը, այնքան ավելի շատ մարդ է գնում մարզադաշտ և հակառակը: Հայաստանում դա այլ կերպ է աշխատում: Ընթացիկ մրցաշրջանը ցույց է տալիս, որ ստադիոն գնացողների համար առաջնային է եղանակը, հետո նոր` հանդիպման կարևորությունը: Առաջնության սկզբում` օգոստոս և սեպտեմբեր ամիսներից հետո, Հայաստանի առաջնությունում հաճախելիությունը գրեթե կրկնակի իջել է, չնայած նրան, որ խաղերի կարևորությունն ավելի է բարձրացել:

Եթե ամռան և աշնան սկզբին, օրինակ, «Ուրարտուի» տնային խաղերին 600-700 մարդ էր ներկա լինում, նոյեմբերին այդ թիվը կազմում էր 200-300: Կթվա, թե պատճառը վատ արդյունքներն են, այդ դեպքում ահա օրինակ Բարձրագույն խմբի առաջատար «Լոռիից»: Վանաձորցիների սկզբի խաղերին ներկա էին 500-550 մարդ, իսկ վերջին հանդիպումներին չէր հասնում 200-ի: Համեմատաբար կայություն պահպանել է միայն «Շիրակը», որի ցուցանիշները նույնպես նվազել են, բայց աշնան վերջում այն միևնույն է 500 սահմանից չէր իջնում, ինչը Հայաստանի համար շատ լավ ցուցանիշ է: «Շիրակն» ընդհանրապես տնային խաղերի հաճախելիությամբ Հայաստանի առաջնության առաջաատրն է:

ArmFootball.com-ը հաշվարկել է պաշտոնական տվյալները և ստացել հետևյալ թվերը: Գյումրու քաղաքային ստադինում Վարդան Բիչախչյանի թիմի խաղին միջինը 700 մարդ է ներկա լինում: Նրան հետևում են «Լոռին» ու «Փյունիկը», որոնց բաժանում է անհավանական` 1 երկրպագուի ներկայություն:

Տնային խաղերի հաճախելությամբ ակումբների դիրքերը.

1. «Շիրակ» - 700 հանդիսական (միջինը մեկ խաղում)

2. «Լոռի» – 446

3. «Փյունիկ» - 445

4. Ուրարտու - 436

5. «Արարատ» - 418

6. Արարատ-Արմենիա – 406

7. «Ալաշկերտ» - 336

8. «Նոա» - 264

9. «Գանձասար-Կապան» - 253

10. «Երևան» - 141

 

Պաշտոնական տվյալներում բացակայում են առաջնության 5 խաղերի տվյալներ: ՀՖՖ-ից և այդ ակումբներից մեզ տեղեկացրեցին, որ արձանագրություններում այն չի ներառվել, ուստի այլևս հնարավոր չէ պարզել, թե որքան մարդ է եղել հանդիպումներին: Դրանք են 3-րդ տուրի «Շիրակ» – «Երևան», 5-րդ տուրի «Փյունիկ» – «Երևան», «Ալաշկերտ» – «Շիրակ», «Գանձասար» - «Արարատ» և 6-րդ տուրի «Շիրակ» – «Գանձասար» խաղերը: Այդ պատճառով, նշված հանդիպումները հաշվարկված չեն ցուցակում:

Կարելի է հետևություն անել, որ եթե այդ խաղերի ցուցանիշները լինեին, «Շիրակի» և «Փյունիկի» հաճախելության վերջնական թիվը մի փոքր ցածր կլիներ, որովհետև փորձը ցույց  է տալիս, որ «Երևանի» դեմ տնային խաղերը ամենաքիչ երկրպագուներին են գրավել ստադիոն:

Առաջնությունում ամենաշատ երկրպագուները ներկա են եղել 10-րդ տուրի՝ «Լոռի» – «Փյունիկ» խաղին (2:2): Վանաձորի ակադեմիայում այդ մրցավեճին հետևել է 1000 մարդ: Այդ խաղի շուրջ աժիոտաժը բարձր էր գարնանը տեղի ունեցած սկանդալային հանդիպումից հետո, երբ չեմպիոնական նշանակություն ունեցող 11-մետրանոց չնշանակվեց «Փյունիկի» օգտին, իսկ խաղից հետո ծեծկռտուք սկսվեց և գործի դրվեցին նույնիսկ քարեր:

Բարձրագույն խմբում ձմեռային արձակուրդից առաջ կայացած 70 խաղում (չհաշված նշված 5-ը) մարզադաշտում ներկա է եղել ընդհանուր 26 450 մարդ: Ցավալի է, բայց Եվրոպայի որոշ երկրներում դա միջակ թիմի տնային մեկ խաղի ցուցանիշ է: Մեր առաջնությունում մեկ խաղի հաճախելությունը միջինը կազմում 375 ֆուտբոլասեր է:

Սկզբում նշել էինք, որ Հայաստանի առաջնությունը տարբերվում է եղանակային պատճառով, բայց դա դեռ ոչինչ է այն ցուցանիշի համեմատ, որ ամբողջ մրցաշրջանում ռեկորդային ցուցանիշը գրանցվել է Առաջին խմբի թիմերի մասնակցությամբ: Հայաստանի գավաթի 1/8 եզրափաչի «Արագած» – «Վան» հանդիպմանը (0:6) ներկա է եղել 1050 հանդիսական:

Ամենայն հավանականությամբ, պատճառը «Վանի» համար պատմական նորամուտն էր Գավաթում: Ընդհանրապես, Չարենցավանի թիմը լավագույն հաճախելությունն ունի Առաջին խմբում և եթե ավելի շատ տվյալներ լինեին հաշվարկելու համար, հավանաբար, Վանի ցուցանիշը լավագույններից մեկը կլիներ նույնիսկ Բարձրագույն խմբի ակումբների համեմատ:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000