Որոնել
Արխիվ
18.12.2019  11:45

«Նպատակս է կրկին արժանանալ Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրությանը». Պետրոսյան

«Մրցաշրջան-2019»-ն «Ուրարտուի» պաշտոնական կայքն ամփոփել է եզրային պաշտպան Նարեկ Պետրոսյանի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ խոսել են թիմի ելույթներից, առաջիկա անելիքներից ու  նպատակներից.

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Տարին ավարտեցինք 8-րդ հորիզոնականում, դա բնականաբար լավ արդյունք չենք կարող համարել։ Միավորներ շատ կորցրինք, որոշ խաղերում կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել, բայց ինչ-որ բան չէր ստացվում, երևի բախտներս չէր բերում։ Սակայն մենք չենք հանձնվում, գիտակցում ենք, որ ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ: Առաջնության երկրորդ կեսում անելու ենք առավելագույնը, որպեսզի շտկենք իրավիճակը ու հնարավորինս վեր բարձանանք մրցաշարային աղյուսակում։ 8-րդ հորիզոնականը սազական չէ այս ակումբին»։

ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գավաթում մեր ելույթներն անհամեմատ ավելի լավ ստացվեցին, կարողացանք երկու բավականին ուժեղ մրցակցի հաղթել ու հիմա էլ շարունակում ենք պայքարը։ Հասկանալի է, որ առաջնության անհաջող արդյունքներից հետո գավաթի խաղարկությունը լավագույն հնարավորությունն է իրավիճակը շտկելու համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջող հանդես գանք գավաթի խաղարկությունում։ Բայց դա չի նշանակում, որ անտեսելու ենք առաջնությունը։ Յուրաքանչյուր խաղում դուրս ենք գալու խաղադաշտ՝ հաղթանակի հետևից»։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Տպավորությունները գլխավոր մարզչից դրական են։ Նա արագ ֆուտբոլի կողմնակից է։ Արդեն հասկացել ենք, որ Գրիգորյանին դուր են գալիս աշխատասեր ֆուտբոլիստները։ Լավ է, որ հիմա առաջնությունում դադար է, նախապատրաստվելու ժամանակ կա, սա շատ լավ հնարավորություն է նրա պահանջներն ու խաղային փիլիսոփայությունն ամբողջությամբ հասկանալու համար»։

ՔԻՉ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վնասվածքները խանգարեցին։ Մրցաշրջանը մեկնարկեցի լավ մարզավիճակում, ինձ բավականին լավ էի զգում, բայց հետո եղավ վնասվածքը, կարծես թե ապաքինվել էի, սակայն նույն վնասվածքը կրկնվեց։ Հենց դա էր պատճառը, որ քիչ էի խաղում։ Այս տարվա ելույթներս գնահատում եմ նորմալ, չնայած այն մտքին եմ, որ կարող էի ավելի լավ խաղալ, եթե իհարկե չբացակայեի։ Նպատակս «ՈՒրարտուի» կազմում որքան հնարավոր է լավ հանդես գալն է, որպեսզի նորից արժանանամ ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը»։

ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Պայքարը շարունակվում է։ Արդեն ասացի, որ մենք չենք հանձնվելու, շարունակելու ենք քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանանք թիմային հաջողություն գրանցել։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնենք մրցաշարային աղյուսակում։ Մեր թիմի հաջողությունն իրատեսական է»։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000