Որոնել
Արխիվ
07.12.2019  14:35

Արթուր Սողոմոնյան. «2019թ.-ի դեկտեմբերի 6-ը, անկասկած, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է»

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում իր հիասթափությունն է հայտնել ՀՖՖ-ի որոշումից՝ թույլ չտալ ՀՖՖ նախագահի իրենց առաջադրած թեկնածուին՝ Արսեն Աղաջանյանին մասնակցել ընտրություններին:

- 2019թ.-ի դեկտեմբերի 6-ը, անկասկած, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածուների ցուցակը: Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցուցադրեցին իրենց կողմնակալությունը և օբյեկտիվության իսպառ բացակայությունը՝ թաղելով դրական փոփոխությունների բոլոր հույսերը:

Որոշման սկզբունքը ինքնին տրամաբանական չէր, թեկնածուներից մեկը որոշում է՝ մրցակիցներից ում թույլ չտա, իսկ ում թողնի, և, բնականաբար, արանքից հանում է, իմ կարծիքով, ամենաուժեղ և անկախ թեկնածունի՝ Արսեն Աղաջանյանին: Ընդ որում, հայտարարված պատճառը տրամաբանությունից ընդհանրապես դուրս է. Արսեն Աղաջանյանի պահած ակումբները Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված չեն, հետևաբար պրոֆեսիոնալ չեն: Այդ որոշումը կայացնողները, հավանաբար, տեղյակ չեն, որ կանոնադրության համաձայն, թեկնածուն պետք է երկու տարի կապ ունենա ֆուտբոլի հետ՝ այդ թվում և սիրողական, իսկ պրոֆեսիոնալ սպորտի մասին խոսք անգամ չկա: Գործկոմի թեկնածուների մեծ մասը, այդ թվում՝ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը, չեն կարող հաստատել, որ երկու տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ կապ են ունեցել, հետևաբար նաև իրավունք չեն ունենա ընտրվել: Բայց, հասկանալի պատճառներով, հանվել է միայն «Փյունիկի» թեկնածուի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:

Հայկական ֆուտբոլում իրավիճակը ավելի անհեթեթ է դառնում: Նախագահի թեկնածուներից երկուսը այն մարդիկ են, ովքեր վերջերս հայտարարեցին, որ հրաժարական են տալիս, քանի որ չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները և հայկական ֆուտբոլը ամբողջովին կործանման առաջ են կանգնեցրել: Դրանից հետո առաջադրել են իրենց թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Ընդ որում, նրանցից մեկը նաև ակումբի սեփականատեր է, իսկ նորմալ երկրներում նման բանն արգելված է: Երրորդ թեկնածուն՝ Խորեն Հովհաննիսյանը, երկրպագուների մեծ աջակցությունն ունի, սակայն, ցավոք, նրա շանսերը քիչ են, որովհետև Արմեն Մելիքբեկյանն ունի ներկայիս ֆեդերացիայի աջակցությունն ու ղեկավար ռեսուրսները, իսկ Թովմաս Գրիգորյանը նախորդ ֆեդերացիայի աջակցությունը: 

Ակնհայտ է, որ այս երկու թեկնածուներից մեկի հաղթանակի պարագայում իմաստ չկա դրական փոփոխություններ ակնկալել հայկական ֆուտբոլում. կամ մենք կգլորվենք հետ, կամ կմնանք այն վիճակում, որում գտնվում ենք հիմա: Ինձ համար, իսկապես, ցավալի է հետևել իրադարձություններին, մնում է հուսալ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենան հաջորդ ընտրությունները, և նրանք, ովքեր պատասխանատու կլինեն անբավարար արդյունքների համար, իրավունք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունը,- գրել է Սողոմոնյանը:

Նշենք, որ գրառման մեկնաբանություններում Սողոմոնյանը նշել է, որ իրենք քվեարկելու են Խորեն Հովհաննիսյանի օգտին, իսկ Աղաջանյանը ՀՖՖ-ի որոշումը չի բողոքարկելու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000