Որոնել
Արխիվ
03.12.2019  23:41

«Փյունիկը» ՀՖՖ նախագահի թեկնածու է առաջադրել

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ նոր նախագահը պետք է լինի ֆուտբոլին նվիրյալ մարդ, որը կցանկանա հիմնովին փոփոխություններ կատարել հայկական ֆուտբոլում, և անի ամեն բան այն առողջացնելու համար:

«Փյունիկ» ՖԱ-ի կարծիքով Արսեն Աղաջանյանը լիովին համապատասխանում է այդ բոլոր չափանիշներին: Նա խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի:

Պարոն Աղաջանյանը պատմական գիտությունների դոկտոր է, հեղինակավոր կինոփառատոններում մրցանակ ստացած գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ:

Այս տարիների ընթացքում Արսեն Աղաջանյանը մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել իր հայրենիքին, ֆինանսավորել է Հայաստանում գործող մանկապատանեկան թիմերին՝ մասնավորապես, մոտ 8 տարի հովանավորել է «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի ֆոտբոլային թիմը (ֆուտբոլային դաշտի ստեղծում, մարզչի աշխատավարձ, մարզազգեստ, այլ պարագաներ):

Տարիներ շարունակ Ա. Աղաջանյանը նպաստել է ֆուտբոլի զարգացմանը հայկական գաղթօջախներում: Հանդիսանում է Կիպրոսի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը և հովանավորը, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր մարզերում գործող մանկապատանեկան հայկական ֆուտբոլային ակումբների բարեկամն ու հովանավորը:

Տարիներ առաջ Արսեն Աղաջանյանը ցանկանում էր ֆուտբոլային ակումբ հիմնել նաև Հայաստանում, սակայն այն տարիների ֆուտբոլային իրականությունը նպաստավոր չէր այդ նախագիծն իրականացնելու համար:

Ամիսներ առաջ Արսեն Աղաջանյանն իր մեծ ընտանիքի հետ միասին վերադարձավ Հայաստան, մշտական բնակություն հաստատելու հայրենիքում և ավելի մեծ եռանդով շարունակեց իրականացնել հանրօգուտ նախագծերը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն Արսեն Աղաջանյանի մեջ տեսնում է ՀՖՖ նախագահի անկախ, նորարար գաղափարներով լի, ազնիվ, աշխատասեր և, ուրեմն արժանի թեկնածու: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000