Որոնել
Արխիվ
13.11.2019  13:56

«Փյունիկը» վերակառուցելու է Դիլիջանի մարզադաշտը

Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019 թ.-ին մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման  և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Դիլիջանում մանկապատանեկան ֆուտբոլը:

Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջան քաղաքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: IDeA հիմնադրամը, նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն, այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ ձեռնարկել է մարզադաշտի վերակառուցման նախագիծը:

Վերկառուցված «Քաղաքային» մարզադաշտը կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրերը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

Մարզադաշտի բարեկարգման շնորհիվ՝ Դիլիջանի և շրջակա համայնքների տղաներն ու աղջիկները հնարավորություն կունենան հաճախել ֆուտբոլի մարզումների պրոֆեսիոնալ մարզիչների մոտ և մասնակցել ֆուտբոլային խաղերի:

Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի կառուցումը մեծ խթան կհանդիսանա ընդհանրապես Տավուշի մարզում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000