Որոնել
Արխիվ
12.11.2019  18:53

ՀՖՖ գործկոմի անդամ. «Կարող է՝ մի օր արթնանանք, տեսնենք՝ Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է հավաքականի մարզիչ»

ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանն 1-in TV-ի հետ հարցազրույցում խոսել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ու կոմիտեի շուրջ ստեղծված լարված վիճակի մասին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի նշանակումից հետո ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներից մի քանիսը հայտարարեցին, որ նշանակումը Վանեցյանը կատարել է օրենքի խախտմամբ, որովհետև իրենք պետք է կայացնեին վերջնական որոշումը։ 

Այնուամենայնիվ, հետագայում ՀՖՖ գործադիր կոմիտեն քվեարկությամբ հաստատեց Խաշմանյանի նշանակումը։

«ՀՖՖ պաշտոնական կայքից անակնկալ կերպով տեղեկացանք, որ Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ ունի։ Քանի որ հստակ տիրապետում ենք կանոնադրությանը՝ գիտեինք, որ գլխավոր մարզիչ կարող ենք նշանակել միայն մենք՝ կոմիտեի անդամներս։ Հապշտապ հրավիրվեց նիստ, որտեղ հրավիրված էր նաև Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր իրավաբանը, ով ՀՖՖ-ի հետ համագործակցում է իրավական հարցերով։ 

Նիստի ընթացում նրան բացատրեցի, որ տեղի է ունեցել կանոնակարգի կոպտագույն խախտում և ստացա փաստական տիրույթում 0 հակադարձում։

Հակոբ Սիմիդյանն ու Ռուբեն Ռուբինյանը (կոմիտեի անդամներ) նշեցին, որ բացի իրավական կողմից կա նաև էթիկական կողմ։ Եթե անգամ ֆեդերացիայի նախագահը կարողանար միանձնյա նշանակել մարզչին՝ գոնե, տեղեկացներ կոմիտեի անդամներին։

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվում էր Ալեքսանդր Գրիգորյանի անունը, ով ֆուտբոլային խայտառակ համբավ ունի։ Նա վերջին 15 տարում 21 թիմ է փոխել, կանանց թիմի մարզիչ է և ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչպես է նա ազգային հավաքական մարզելու։

Եթե մենք նիստում չհաստատեինք Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը՝ հավաքականը չէր ձևավորվի, որովհետև մարզիչը պետք է հաստատի հայտացուցակն ու ֆուտբոլիստներին հրավիրի հավաքական։ Եթե դա տեղի չունենար՝ նոյեմբերի 15-ին Հունաստանի և նոյեմբերի 18-ին Իտալիայի հավաքականների հետ խաղերում, մենք ստանալու էինք տեխնիկական պարտություն։ Թող ինձ ների Հայաստնի ֆուտբոլային հանրությունը, բայց, անգամ, եթե լիներ Ալեքսանդր Գրիգորյանը՝ այդ պահին հաստատելու էինք նրա թեկնածությունը միայն նրա համար, որ 2 տեխնիկական պարտություն չստանանք։

Աբրահամ Խաշմանյանը փորձառու մասնագետ է։ Ես 6 տարի հայկական ֆուտբոլ եմ լուսաբանել և կարող եմ վստահաբար ասել, որ պարոն Խաշմանյանն այս պահին լավագույն ընտրությունն էր։ Այս հարցում մեր դիրքորոշումներն ակամայից համընկել են։ 

Միևնույն է, այս իրավիճակը կոմիտեի անդամներով ընդունում ենք որպես ահազանգ, ի գիտություն։ Օրինակ, նույն հաջողությամբ, կարող էինք արթնանալ ու իմանալ, որ Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ որովհետև ժամանակին ինքն էր հայտարարում, որ կհրաժարվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, եթե նրան փոխարինի Արթուր Վանեցյանը։ Միգուցե, անձնական հարաբերությունները լավ էին և Վանեցյանը որոշեր նրան նշանակել։ Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել»,- ասել է Մկրտչյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000