Որոնել
Արխիվ
10.11.2019  14:06

Գևորգ Կասպարովը` Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին. «Ֆուտբոլում չկա տարիք, կա խաղային մակարդակ»

Նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Առաջինը, որ զարմացնում էր այդ ցուցակում Գևորգ Կասպարով անուն-ազգանունը տեսնելն էր։ Ավելի քան 4 տարի Կասպարովն անտեսված էր, մինչդեռ ակումբային ֆուտբոլում նա շարունակում էր տիտղոսներ նվաճել ու ռեկորդներ գրանցել։ Ի վերջո 39 տարեկան հասակում Կասպարովը նորից հավաքական է հրավիրվում։ Նախքան ազգային ընտրանում մարզահավաքին մասնակցելը Գևորգ Կասպարովը պատասխանել է «Գանձասար-Կապանի» պաշտոնական կայքի հարցերին․

– Շնորհավորում ենք հավաքական հրավիրվելու կապակցությամբ, որքանո՞վ էր անսպասելի այդ լուրը քեզ համար։

– Կլինեմ անկեղծ, ես միշտ սպասել եմ հրավերի։ Տվյալ իրավիճակում ճիշտ կլինի օգտագործել ժողովրդական խոսքը․ «Լավ է ուշ, քան երբեք»։ Ես կարծում եմ, որ ինձ դեռ ավելի շուտ պետք է հավաքական հրավիրեին։

– 4 տարվա դադարից հետո նորից լինելու են հավաքականում, ի՞նչ զգացողություններ ունես։

– 4 տարին ֆուտբոլում բավականին երկար ժամանակահատված է։ Այո, հիմա էլ կան ֆուտբոլիստներ, որոնց հետ ես խաղացել եմ հավաքականում, բայց ամեն դեպքում սերնդափոխություն է եղել։ Չեմ կարծում, որ մթնոլորտն ինձ համար խորթ կլինի։ Ամեն դեպքում սա հավաքական է, իսկ ես սկսնակ չեմ, ունեմ մեծ փորձ։ 11 տարի ես կանոնավոր կերպով եղել եմ ազգային հավաքականում։ Հիմա սա ինձ համար մեծ շարժառիթ է։ Իմ տարիքի շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որ հրավիրվում են հավաքական։ Սա շատ լավ օրինակ է երիտասարդների համար, որ երբեք չհանձնվեն։

– Հավաքականի հրավերը ստանում ես 39 տարեկանում, ժամանակին ասում էին, որ մեծ ես, դրա համար էլ հավաքական չենք հրավիրում։ Ի՞նչ կասես այդ կապակցությամբ։

– Համաձայն չեմ այդ մտքի հետ։ Օրինակները բազմաթիվ են։ Իտալիայի, Իսպանիայի նման հավաքականները, ովքեր ունեն մեծաքանակ ռեսուրսներ առաջիկա խաղերը հաշվի առնելով ֆուտբոլիստների են վերցնում՝ առանց ուշադրություն դարձնելու նրանց տարիքին։ Խոսքը չի վերաբերում միայն դարպասապահներին, այլ խաղային յուրաքանչյուր դիրքին։ Հարձակվող Արից Ադուրիսը 36 տարեկանում ընդգրկվում էր Իսպանիայի ընտրանու մեկնարկային կազմում։ Ֆուտբոլում տարիք չկա, կա խաղային մակարդակ։ Եթե ֆուտբոլիստն իրեն լավ է դրսևորում, գտնվում է լավ մարզավիճակում, ապա անկախ տարիքից կարող է օգտակար լինել ազգային ընտրանուն։ Մեր նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը շատ լավ գիտի ինձ թե որպես ֆուտբոլիստ, թե որպես անձ։ Նա պրոֆեսիոնալ է։ Ես ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ սպասելիքները ու ապացուցեմ, որ իմ հարցում նա չի սխալվել։

– Առաջիկայում մեր հավաքականը խաղալու է Հունաստանի ու Իտալիայի հավաքականների հետ, ի՞նչ կասես այդ մասին։

– Դեռ տեսականորեն հնարավորություններ կան, ուրեմն պետք է պայքարել մինչև վերջ։ Թե Հունաստանի ու թե Իտալիայի հավաքականները լուրջ թիմեր են։ Պետք է դուրս գանք նրանց դեմ ու կռիվ տանք։ Մեր հավաքականում կան մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր տարբեր պատճառներով բացակայում են։ Առաջիկա խաղերը լավ հնարավորություն են մյուսների համար, ովքեր հրավիրվել են հավաքական։ Կարող են ապացուցել, որ արժանի են խաղալ հավաքականում։

 – Հավաքականում միշտ Բերեզովսկու հետ ես եղել, հիմա ստացվել է այնպես, որ նա դարձել է հավաքականի դարպասապահների մարզիչը, ի՞նչ կասես այդ կապակցությամբ։

– Նշեցի, որ 11 տարի եղել եմ հավաքականում ու այդ ողջ ընթացքում միշտ եղել եմ Ռոման Բերեզովսկու հետ։ Հավաքների ժամանակ մենք միասին միշտ նույն սենյակում էինք ապրում։ Իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Բայց հիմա Բերեզովսկու կարգավիճակը փոխվել է։ Ես՝ որպես ֆուտբոլիստ, Բերեզովսկուն արդեն որպես մարզիչ պետք է ընկալեմ ու հարգեմ։

– Մրցաշրջանի մեկնարկից առաջ նշել էիր, որ սա քո կարիերային վերջին մրցաշրջանն է։ Հավաքական հրավիրվելու փաստը կարո՞ղ է մտափոխել։

– Եթե անկեղծ նախքան հավաքական հրավիրելը, նայում էի վիճակագրությանը, դեռ ռեկորդ կա, որը չեմ գերազանցել։ Երկար մտածել եմ ու որոշել, որ այդ ռեկորդն էլ պետք է իմը լինի։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Հավաքական հրավիրվելն էլ իրոք մեծ շարժառիթ է։ Բայց ֆուտբոլն այնպիսինն է, որ չգիտես թե ինչ կլինի վաղը։ Եթե մարզավիճակս թույլ տա՝ կվերանայեմ որոշումս ու կշարունակեմ խաղալ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000