Որոնել
Արխիվ
31.10.2019  20:10

Հայաստանում կլուծվի լեգիոներների հարցը, ակումբները եկամտաբեր կդառնան. առաջարկ մասնագետի կողմից

«Լոռիի» նախկին գլխավոր տնօրեն Դավիդ Աբրահամյանը Հայաստանի առաջնության տարբեր ժամանակահատվածներում նպաստել է այնպիսի լեգիոներների ժամանմանը, ինչպիսիք են Նանա Անտվին ու Ալիու Իսան, ովքեր վերջերս տեղափոխվել են, համապատասխանաբար, ֆրանսիական «Լիլ» և իսպանական «Ալմերիա»: Մինչև այդ նրա օգնությամբ Հայաստան են ժամանել Լուբամբո Մուսոնդան, Սերժ Դեբլեն, Լի Լամին Յորոն, Դամե Դիոպը, Էմանուել Մբոլան, Բորիս Կադիոն, Ֆոֆանա Բեկոն, Էդվարդ Կպոդոն և ուրիշներ:  ArmFootball.com-ի հետ հարցազրույցում Աբրահամյանը պատմեց իր ծրագրերի մասին, ինչպես նաև կարծիք հայտնեց լեգիոներների սահմանափակման մասին անվերջանալի խոսակցությունների վերաբերյալ:

- Ինչո՞վ էիք զբաղվում այն բանից հետո, երբ հեռացաք «Լոռիից»:

- Նույնով, ինչով զբաղվում էի մինչև «Լոռի» տեղափոխվելը` տաղանդների սկաուտինգով և նրանց կարիերայի հարցում օգնելով: Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ, ուստի կրկին կարող եմ ճանապարհորդել և նոր տաղանդներ փնտրել: Վերջերս վերադարձա Աֆրիկայում կատարած շրջագայությունից, որտեղ մեկ ամսվա ընթացքում եղա 4 երկրներում և անձամբ դիտեցի տեղի տարբեր տարիքային մոտ 1300 ֆուտբոլիստների: Նրանցից ընտրել եմ լավագույններին, այժմ աշխատում եմ նրանց Եվրոպայում տեղավորելու գործերով:

- Նրանցից ոմանք կարո՞ղ են համալրել հայկական ակումբները:

- Այո, նման հնարավորություն կա: Ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում: Նանա Անտվիի և Ալիու Իսայի տրանսֆերներից հետո այդ տեսակի ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունն աճել է:

- Ձեր ներկայիս հաճախորդներից ովքե՞ր են խաղում Հայաստանի առաջնությունում:

- «Լոռիում» Ջուլիուս Դևիդը, Սանդեյ Նգբեդեն, Դարկո Ենոքը, «Փյունիկում»` Ուգոչուկվու Իվուն, «Գանձասարում»` Անան Մենսան:

- «Լոռիից» հեռանալուց հետո հայկական այլ ակումբներից առաջարկներ ստացե՞լ եք:

- Այո, մի քանի առաջարկ եղել է գլխավորել մայրաքաղաքային ակումբների սելեկցիոն բաժինը: Բայց կարծում եմ ամեն ինչ իր ժամանակն ունի: Առայժմ ինձ գոհացնում է այն, ինչով զբաղվում եմ:

- Ընթացիկ մրցաշրջանում կրկին հաճախ է բարձրացվում լեգիոներների սահմանափակման հարցը: Դուք ի՞նչ եք մտածո՞մ այդ թեմայի շուրջ:

- Ես կողմ եմ մտածված ու իմաստային սահմանափակմանը: Կան կողմ և դեմ տեսակետներ, երկուսն էլ այդ հարցը գլխացավանք կամ խնդիր են համարում, բայց եկեք դրան այլ տեսանկյունից նայենք: Կա խնդիր, որի ադեկվատ լուծումը կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարկավոր է բարձրացնել հայ ֆուտբոլիստների թիվն ու որակը, ճի՞շտ է: Դրա համար տրամաբանական է, որ ֆուտբոլիստներն խաղաժամանակ ստանան առաջընթացի համար: Բայց դա չի նշանակում, որ դրա կատարման համար հարկավոր է շաբլոնով ու արհեստական միջոցով բարձրացնել մեկ կարգի ֆուտբոլիստների խաղաժամանակը և սահմանափակել ուրիշներինը, ինչպես սխալմամբ արեց Ռուսաստանը և այլ երկրներ: Պարզ ասած, որպեսզի հայ ֆուտբոլիստները շատանան և վարպետությունը զարգացնեն, հարկավոր չէ արհեստական ձևով նվազեցնել լեգիոներների թիվը, կան այլ լուծումներ:

- Օրինակ:

- Վերցնենք արդեն գոյություն ունեցող օրինակները և ադապտացնենք մեր պայմաններին: Հարկավոր չէ վերցնել վատագույն օրինակները և փորձել այն ձևափոխել: Հայկական ֆուտբոլի մարդկանց քննարկումները պետք է առաջին հերթին ուղղված լինեն կառուցողական լուծմանը: Ներառելով շաբլոն սահմանափակումը՝ մենք կործանման կտանենք: Որովհետև նեղ շրջանակ տանելը դա խոստումնալից ճանապարհ չէ հայկական ակումբների համար, որոնք բոլորն անհատների են պատկանում, այլ ոչ թե պետությանը: Հայաստանի առաջնությունը պետք է ավելի բաց ու պրոգրեսիվ հարթակ դառնա, որպեսզի հետաքրքրություն առաջացնի հնարավոր ներդրողների համար, որոնք այդ պատճառով կցանկանան հենց Հայաստանում ակումբներ ու ակադեմիաներ ստեղծել: Հավատացեք, այդպիսի մարդիկ շատ են, և այսօր նրանք ավելի շուտ կընտրեն Պորտուգալիայի 2-3-րդ լիգան, Ավստրիան կամ նույնիսկ մերձբալթյան երկրները, այլ ոչ թե Հայաստանը: Իսկ մենք դա կարող ենք փոխել:

Ինչ վերաբերվում է օրինակներին, ապա ես կողմ եմ այն մոդելներին, որն ակումբներին կմոտիվացնի և լավ իմաստով կստիպի որակյալ աշխատել, իսկ քանի որ բոլոր ակումբներն անհատներինն են, շատ կարևոր է, որ բոլոր ակումբները կարողանան եկամտաբեր և սուպերծրագրավորված լինեն ակադեմիայից մինչև գլխավոր թիմը որակյալ աշխատելուն: Տեսեք, ՈւԵՖԱ-ն այն ակումբներին գումար է վճարում որոնց ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային հավաքականներ: Հիմա հավաքականի պաշտոնական խաղի հայտացուցակում հայտնվելու համար այդ գումարը կազմում է մոտ 7000 եվրո: Կարծում եմ` մեր առաջնության ակումբների համար դա շարժառիթ է, որը դրական ուղղվածություն է ստեղծում ակումբների քաղաքականության համար: Իսկ հիմա ավելի համառոտ օրինակ վերցնենք: Ավստրիայում ներքին մեխանիզմ կա, որի իմաստն է. որքան տեղացիները շատ են խաղաժամանակ ստանում, այնքան նրանց ակումբներն ավելի շատ գումար են վճարվում ֆոնդից: Եթե կոնկրետ ակումբի կազմում 6-ից շատ լեգիոներ է ասպարեզ դուրս գալիս, այդ ակումբը տվյալ հանդիպման համար գումար չի ստանում: Ընդ որում, ոչ ոք «Զալցբուրգին» չի ստիպում նվազագույնը 3-ի փոխարեն 5 տեղացիների ասպարեզ դուրս բերել, ինչպես դա նրանք հաճախ անում են: Բայց ո՞վ ռիսկ կունենա ասել, թե «Զալցբուրգը» չի զարգացնում ավստրիական ֆուտբոլը:

Եկեք հետազոտենք ավստրիական մոդելը և ավելի զարգացնելով այն` կիրառենք մեր առաջնությունում: Որքան շատ են հայ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանում, այնքան ակումբը շատ է վաստակում: Նվազեցնենք գումարը, հարմարեցնենք վճարումների տեսակները, որը կախված կլինի տարբեր գործոններից. որքան է խաղում ֆուտբոլիստը, տարիքը, արդյոք ակումբի սան է և այլն: Շատ են կետերը, որոնց յուրաքանչյուրի համար գործակից կսահմանվի: Նաև սիմվոլիկ գումար հատկացվի լեգիոներների հայտավորման համար: Այդ գումարը կտատանվի լեգիոների կարգավիճակի, տարիքի և այլ գործոններով: Դա ինչ-որ չափով կնվազեցնի ցածրակարգ արտասահմանցի հրավիրելը:

Այդ ամենը քննարկման առարկա է: Այդ մեխանիզմի ուղղությամբ աշխատանքը մեր խնդիրների շատ լավ լուծում կարող է դառնալ: Ակումբները կսկսեն մտածել և ընտրել իրենց զարգացման համար լավագույն տարբերակը: Կլինեն ակումբներ, որոնք կսկսեն խաղացնել տեղացի ֆուտբոլիստներին, իսկ ստացած միջոցները կներդնեն նրանց զարգացման և դաստիարակման վրա: Այլ ակումբներ կնախընտրեն դրա խառնուրդը` տեղացիներ և որակյալ սելեկցիա: Կլինեն ակումբներ, որտեղ քիչ տեղացիներ կխաղան և շեշտը կդրվի լեգիոներների վրա, բայց դա գիտակից որոշում կլինի ակումբի կողմից, քանզի այդ դեպքում ընդհանուր ֆոնդից քիչ գումար կստանան:

- Այդ դեպքում ամենաուժեղը կրկի՞ն կլինի բարձրակարգ լեգիոներներով համալրված թիմը:

- Ոչ: Ուժեղ կլինի այն, որը կառավարման ավելի պրոֆեսիոնալ ու ժամանակակից մեթոդներ կօգտագործի:  Հենց դա պետք է դառնա հայկական ֆուտբոլի զարգացման հիմքը, այլ ոչ թե սահմանափակումները: Նկատեմ նաև, որ մեծ քանակի որակյալ լեգիոներներ ունեցող ակումբները (հարուստ ակումբները) քրտնաջան աշխատելու են սեփական սաներին դաստիարակելու համար, որովհետև Հայաստանի առաջնությունում ֆուտբոլիստները նվազագույնը պահանջված կլինեն տեղական այլ թիմերի համար, իսկ դա եկամտի աղբյուր է: Կարծում եմ` հավասարակշռության ամենաադեկվատ տեսակն է և այդ մեխանիզմը, ի տարբերություն սահմանափակման հարցի, խթան կհաղորդի զարգացման այլ հարցեր լուծելու համար:

- Այդ ֆոնդից գումարն ո՞վ է վճարելու:

- Լեգիոներների համար վճարումները պետք է հենց այդ ֆոնդին ուղղվեն: Գումարած հովանավորչական գումարները: Ֆոնդի բյուջեի մյուս մասը կարող է ֆինանսավորվել ֆուտբոլի ֆեդերացիայի և պետության կողմից: Ֆեդերացիան միջոցներ է ստանում ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից, գոյություն ունեն տարատեսակ ծրագրեր, կարելի է ինչ-որ բան փոխել, քննարկել, առաջարկել: Իսկ պետությունը նույնպես չպետք է զերծ մնա, առավել ևս վարչապետի ստրատեգիական զարգացման այն խոսքերից հետո, որում նա հիշատակեց նաև ազգային հավաքականը: Հաջողության համար ներդրում է հարկավոր:  Տեսնում ենք, որ Վրաստանում պետությունը ֆինանսապես օգնում է ֆուտբոլային ակումբներին, մենք նույնպես պետք է դրան գնանք, թեկուզ դանդաղ քայլերով, և օգտագործելով սեփական ճանապարհը:

- Խոսեցիք բարձր որակի լեգիոներներ հրավիրելու մասին: Ինչպե՞ս պայքարել ցածրորակ լեգիոներների դեմ:

- Դժվար է բացարձակ ճշգրիտ չափանիշներ մտցնել` չխախտելով ակումբների ազատության իրավունքը: Անգլիայում որակյալ սահմանափակում կա, այլ ոչ թե քանակային: Այսինքն լեգիոները պետք է լինի ՖԻՖԱ-ի վարկանիշի թոփ-75 երկրի անդամ և վերջին 2 տարում մասնակցած լինի ազգային հավաքականի 75 տոկոս խաղերին: Բայց կան նաև բացառություններ սուպերտաղանդավոր` ոչ թոփ-75 երկրներից և բավարար քանակի խաղեր չանցկացրածների համար: Այդ դեպքում, որոշում է կայացնում հատուկ հանձնաժողովը: Դա ֆիլտրացիայի շատ լավ օրինակ է, բայց այն չի համապատասխանում Հայաստանին: Մեր դեպքում ավելի բարդ է, որոշումը պետք է ակումբները կայացնեն: Հարկավոր է միայն արդար մրցակցության համար խաղի կանոններ ստեղծել, որի դեպքում ակումբներին ձեռնտու չի լինի ցածրակարգ լեգիոներ հրավիրել: Ինչպես նշեցի, հարկավոր է լեգիոներների հայտավորման համար գումարի ներդրման մեխանիզմ ստեղծել, այդ ժամանակ ակումբները լեգիոներ հրավիրելուց առաջ հաշվի կառնեն բոլոր դրական ու բացասական հետևանքները:

Կա նաև մեկ այլ անորոշ երևույթ: Եթե լեգիոներների սահմանափակում լինի և դրան զուգահեռ ԵԱՏՄ-ի տարածաշրջանում մեր խաղացողները լեգիոներ չհամարվեն (ինչը  վաղ, թե ուշ կարող է տեղի ունենալ), այդ ժամանակ մեր սահմանափակումը անիմաստ կդառնա, քանզի Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղզստանից ֆուտբոլիստներն առավելություն կունենան: Դա նույնքան անիմաստ կլինի, որքան տան դուռն առանց կողպեքի դնեք:  

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի առաջնությունն ապագայում:

- Ցանկանում եմ առաջխաղացում տեսնել: Մենք կարող ենք մեր տեղը գտնել ֆուտբոլային քարտեզում: Հիմա մեր առաջնությունը չունի իր ոճը, իր այցեքարտը: Օրինակ, մենք կարող ենք ունենալ լիգա, որը ֆուտբոլիստներ է ուղարկում եվրոպական առաջնություններ: Կամ այլ տեսակի: Հարկավոր է գոնե մեկ վառ տեսակ, որի շնորհիվ մեր առաջնությանն ուշադրություն կդարձնեն: Ամեն ինչ դեռ նոր է կազմավորվում, իհարկե, առաջընթաց կա թիմերի քանակի հարցում: Կան կայուն հեռարձակումներ, բայց ակումբներին հարկավոր է ավելի հետաքրքիր և պաշտպանված հարթակ:

Մեր առաջնությունում չափազանց շատ ինտրիգներ կան: Մի կողմից դա խոսում է առաջնության հետաքրքրության աճի մասին, ոչ ոք չի ուզում զիջել, մյուս կողմից էլ բոլոր այդ նյարդերը կապված են եվրագավաթներում հայտնվելու ցանկության հետ: Կարծում եմ` այդ հարցը շարունակելու է սուր մնալ: Ամեն տարի 10-ից ընդմանեը 4 թիմ է հայտնվում եվրագավաթներում: Կարելի է սցենար պատկերացնել, որի դեպքում որևէ ակումբ 2-3 տարի եվրագավաթներում չհայտնվելու դեպքում սնանկացման եզրին կլինի: Իսկ եթե հաշվի առնենք նաև Առաջին խմբի առկայությունը, դա ամեն տարի 1-2 ակումբի անհետացման կտանի: Այդ պատճառով ակումբներին եկամուտի այլընտրանքային աղբյուրներ են հարկավոր, որոնք թափանցիկ և օրինական կլինեն:

Նաև շատ կարևոր է, որ իմ առաջարկած տարբերակում «հայ ֆուտբոլիստ» կարողանա համարվել աշխարհի ցանկացած ծայրում գտնվող խաղացող, ով հայկական արմատներ ունի և օրինական հնարավորություն խաղալ Հայաստանի հավաքականում (ՖԻՖԱ-ի կանոններով): Այդ դեպքում ավելի որակյալ ձևով կօգտագործենք մեր սփյուռքի հնարավորությունները և առաջնությունում կավելացնենք հայ ֆուտբոլիստների թիվը, որովհետև ներկայումս տեղացի կադրերի քչություն կա: Փաստացի, ֆուտբոլին իր վրա կվերցնի, թեկուզ փոքր քանակի, բայց Հայաստանի համար այդքան սուր համարվող ներգաղթի հարցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000