Որոնել
Արխիվ
28.10.2019  17:40

Ամեն ինչով տարբերվել հայկական մյուս ակումբներից. առաջադեմ մտածելակերպի փորձ հայկական ֆուտբոլում

«Նոայի» մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանի հետ հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ

 

- «Նոայի» հետ կապված ևս մեկ անսովոր երևույթ է տարբերանշանը, որի վրա միայն թիմի անունն է գրված: Ինչո՞ւ է նման որոշում կայացվել և ո՞րն է իմաստը:

- Բազմաթիվ տարբերակներ ենք դիտարկել, որի ընթացքում մեր դիզայներներն առաջարկեցին միայն անվան տարբերակը: Որոշեցինք շաբլոնից դուրս լինել, կրեատիվ տարբերակ ընտրել: Նաև այդպես ցանկացանք տարբերվել մյուս ակումբներից: Ինչպես գիտեք, «Յուվենտոիսը» նույնպես նոր տարբերանշան ընտրելիս անվան առաջին տառն է միայն դրել: Սա նորաձև մոտեցում է:

- Հայկական ակումբներից հիմա երկրպագուներին ամենամոտը, հավանաբար, «Լոռին» է: Նրանք շատ հարցերում բաց են երկրպագուների և ֆուտբոլային հանրության հետ: Օրինակ` մյուս ակումբների համեմատ, պաշտոնապես հայտնում են իրենց կատարած տրանսֆերների գները, ծրագրերը, բացեիբաց հայտարարում են, որ ֆուտբոլիստ են աճացնում հետագա վաճառքի համար… Դա դրական իմիջ է ստեղծել «Լոռիի» համար: Արդյո՞ք «Նոան» պատրաստ է նույն կերպ բաց ակումբ լինել:

- Այո, իհարկե: Նշեցի, որ մեր սոցցանցերի միջոցով ամեն կերպ փորձում ենք այնպես անել, որ երկրպագուն մոտ լինի մեր ակումբին, տեղեկացված լինի և «Նոայի» մի մասը զգա:

- Լավ: Այդ դեպքում հարց: Որքա՞ն է կազմում «Նոայի» տարեկան բյուջեն:

- Ես չեմ կարող բացահայտել:

- Մեկ միլիոն եվրոյից շա՞տ է:

- Չեմ կարող ասել: Փետրվարին կներկայացնենք տարեկան հաշվետվությունը:

- Հայ ֆուտբոլասերներից հաճախ լսել եմ, որ «Նոան» տպավորիչ շնորհանդես արեց, երգիչներ հրավիրեց և համերգ կազմակերպեց` ծախսելով մեծ գումար: Սակայն այդ գումարով կարող էր 1-2 բարձրակարգ լեգիոներ հրավիրել, որոնք տարբերություն կստեղծեին մյուս թիմերի դեմ խաղերում: Համաձա՞յն եք այդ մտքի հետ, թե՞ իմիջային հարցը ձեզ համար ավելի կարևոր էր:

- Իմիջը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք նոր ակումբ ենք, նոր բրենդ: Մենք պետք է ֆուտբոլասերներին համոզենք, որ նրանք պետք է երկրպագեն հենց «Նոային»: Դա շատ բարդ է, որովհետև յուրաքանչյուր ակումբ պետք է տարբերվի մյուսից: Մենք փորձում ենք նաև երաժշտության միջոցով դա անել: Շատ գոհ ենք` ինչպես անցավ «Նոա-ֆեսթը», ինչպես հավաքվածները դիմավորեցին մեր թիմին և ընդհանուր շնորհանդեսից: Դրանից հետո զգացինք մեր ակումբի նկատմամբ հետաքրքրության աճը:

- Դա իրական արդյո՞ւնք է բերել: Որովհետև տեսնում ենք, որ ստադիոնում ձեր երկրպագուների թիվն առանձնապես չի մեծացել:

- Ամեն ինչ առջևում է: Մենք տեսնում ենք, որ խաղից-խաղ նրանց թիվն աճում է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեզ միացել են մարդիկ, ովքեր զբաղվում են հենց այդ ուղղությամբ, երկրպագուների հետ աշխատանք են տանում: Հուսով եմ`  նրանց թիվը կաճի: Իրականում դա մեզնից է կախված. եթե խաղանք դիտարժան, հաղթենք, համոզված եմ մարդիկ համակրանք կունենան մեր նկատմամբ:

- Եվս մեկ ուշագրավ հանգամաքն կապված Նոայի հետ: Թիմը դեռ պաշտոնական խաղ չէր անցկացրել, բայց արդեն երկրպագուների խումբ կար, որ ստադինում փայլուն կերպով աջակցում էին թիմին: Ֆուտբոլային շրջանում կարծիք կա, որ որոշ ակումբներ երկրպագուներին գումար են վճարում նրանց աջակցելու համար: «Նոան» նույնպե՞ս վճարում է:

- Ոչ մենք գումար չենք վճարում: Մենք նրանց արտոնություններ ենք տվել, հանդերձանք ենք տվել, շարֆեր ու շապիկներ նվիրել: Հասկանում ենք, որ շատ ծանր է նոր ակումբի համար նոր երկրպագու բերել ստադիոն, հատկապես մի քաղաքում, որտեղ արդեն 8 այլ թիմ կա: Այդ պատճառով մրցույթներ ու միջոցառումներ ենք կազմակերպում, որ կարողանանք նրանց հետաքրքրել: Ուզում ենք ցույց տանք, որ լուրջ նպատակներ ունենք և նրանց հուսախաբ չենք անի: Ստադիոնում նույնպես նվերներ ենք տալիս: Երկրպագուները մեզ շատ մեծ ուժ են տալիս: Նրանք շատ չեն, բայց ի սրտե են երկրպագում և մեր ֆուտբոլիստներին ուժ են տալիս: Դա նաև մարզիչն էր ասուլիսի ժամանակ նշում: Հաճելի էր նաև տեսնել, թե ինչպես են հաղթանակը ֆուտբոլիստներն ու երկրպագուները միասին նշում: Դա շատ ողջունելի է:

- Վրացի գործակալներից մեկը, ով «Նոայի» համար ընկերական խաղեր է կազմակերպել այդ երկրում, հայտարարել էր, որ ձեր ակումբում միջին աշխատավարձը 1500 դոլար է: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Զարմացած էի, որ նա հայտնեց այդ մասին: Մեր ակումբում աշխատավարձերը փակ տեղեկություն են: Այսպես ասեմ, «Նոայում» աշխատավարձերը Հայաստանի առաջնության մակարդակով միջին են:

- Ազգային հավաքականների խաղերի դադարի ժամանակ «Նոան» ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկի» հետ, որին ներկա էր նաև Յուրա Մովսիսյանը: Ակումբը նշեց, որ նա եկել էր «Նոային» երկրպագելու: Ինչո՞ւ ձեզ, այլ ոչ թե «Փյունիկին»:

- Որովհետև Յուրա Մովսիսյանը մեր գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի եղբայրն է: Նա եկել էր եղբորը տեսնելու և մեր թիմին աջակցելու: Շատ հաճելի էր, որ հայ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը եկել էր հաղթական խաղին: Դա լավ ազդեց թիմի վրա և մեզ ուրախացրեց: Նա նաև «Կրասնոդարում» թիմակից է եղել մեր մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ, ջերմ հարաբերությունների մեջ են:

- Յուրային վաղուց են սպասում Հայաստանի առաջնությունում և ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են հայտնվում Բարձրագույն խմբի ակումբներից մեկը տեղափոխվելու հնարավորության մասին: «Նոան» նույնպե՞ս ցանկանում է նրան հրավիրել:

- Մեր ակումբում նրա հետ լուսանկարներից հետո այդպիսի շատ խոսակցություններ եղան: Հայկական յուրաքանչյուր ակումբ կցանկանար իր կազմում տեսնել Մովսիսյանին, մենք բացառություն չենք: Յուրան գործող պայմանագիր ունի, ուստի այդ տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել:

- Պայմանագրերի թեման շարունակելով: Դուք շատերի հետ կնքում եք մեկ տարվա պայմանագիր: Չե՞ք կարծում, որ դա լուրջ խնդիր կարող է դառնալ, եթե թիմը նվաճի եվրագավաթի ուղեգիր: Նույն «Ալաշկերտի» օրինակով տեսնում ենք, որ ամեն անգամ եվրագավաթներից առաջ կամ հետո (արդեն առաջնության մեկնարկում) թիմում այդ պատճառով մեծ փոփոխություններ են կատարվում:

- Նշեմ, որ միանշանակ ձմռանը մի քանի ֆուտբոլիստների հետ երկարաձգելու ենք պայմանագրերի ժամկետները: 15 նորեկ ենք ունեցել, ժամանակը սուղ էր և պետք էր նրանց գործում տեսնեինք: Այն ժամանակ չէինք կարող ռիսկի գնալ և բոլորի հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքել:

- Որպեսզի նաև հետագայում կարողանաք վաճառե՞լ տրանսֆերները:

- Մեր գլխավոր քաղաքականություններից մեկն այն է, որ կարողանանք այնպիսի ֆուտբոլիստներ գտնել ու բերել Հայաստան, որոնց տրանսֆերները հետագայում կարողանանք վաճառել: Մեզ պետք է տրանսֆերային պատմություն, որովհետև մինչ օրս որևէ ֆուտբոլիստ մեր ակումբից գումարի դիմաց չի հեռացել: Դա կարևոր է, որպեսզի կարողանանք հետագայում ավելի ուժեղ ֆուտբոլիստներ հրավիրել: Եթե նրանք տեսնեն, որ մեր մոտից ավելի լավ առաջնություն կարելի է գնալ, դա կնպաստի նրանց տեղափոխության հեշտացմանը: Դա շատ կարևոր հանգամանք է:

- Այիսնքն երբ Գրիգոր Աղեկյանը Բելառուս էր տեղափոխվում, ակումբը գումար չստացա՞վ:

- Ոչ: Ընդհանրապես Հայաստանի առաջնությունից շատ ծանր է գումարով ֆուտբոլիստ վաճառել: Ավելի հաճախ ենք հանդիպում հետագա վերավաճառքից որոշակի տոկոս ստանալու սխեման: Ձմռանը մենք լուրջ սելեկցիա ենք կատարելու: Հուսով եմ` այնպիսի ֆուտբոլիստներ կբերենք, որոնք ինչպես թիմին լուրջ օգուտ կտան, այնպես էլ նրանցից ֆինանսական օգուտ կստանանք: Դա պետք է ակումբների գերնպատակը լինի: Դա իմիջի հարց է:

- «Նոայի» խաղերի մեկնարկից առաջ տեսնում ենք հատուկ աջակցող խմբի աղջիկների (cheerleader), ովքեր ֆուտբոլիստներին ուղեկցում: Նման բան ընդունված է ամերիկյան սպորտում, բայց ոչ Եվրոպայում, առավել ևս Հայաստանում: Ինչպե՞ս նման միտք առաջացավ և այն ինչպե՞ս իրացրեցիք:

- Ցանկանում էինք նաև այդ տեսանկյունից տարբերվել մյուս ակումբներից: Սա նաև փորձարկում է. ուզում ենք տեսնել, երկրպագուներն ինչպես կարձագանքեն: Բացի այդ, այն ոգևորում է մեր խաղացողներին: 6 աղջիկներին ընտրել ենք քասթինգով: Նրանք պրոֆեսիոնալ պարուհիներ են: Մտադիր ենք մոտ ապագայում նաև նրանց թվում մարմնամարզուհիների ընդգրկել, որպեսզի ամերիկյան սպորտի cheerleader-ի նման մարզադաշտում գեղեցիկ հնարքներ և վարժություններ կատարեն:

- «Նոան» նաև կանանց թիմ ստեղծեց, որը Հայաստանի առաջնության 1-ին տուրում «Ալաշկերտին» պարտվեց 0:31 հաշվով: Ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ:

- Աղջիկների թիմն էլ է նոր, և անմիջապես նրանց ամենաուժեղ մրցակիցը բաժին հասավ: «Ալաշկերտի» կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները և նրանք հանդես են եկել Չեմպիոնների լիգայում: Շատ ծանր նորամուտ էր: Արդեն հաջորդ խաղում կարողացանք հաղթել և հուսով ենք հետզհետե թիմը կզարգանա: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար, բայց ժամանակ է պետք:

- Դուք իսկապե՞ս ծրագրեր ունեք կանանց ֆուտբոլում ներդրում ունենալ, թե՞ թիմը ստեղծել եք միայն ՀՖՖ-ի պահանջով:

- Իհարկե, պատճառներից մեկը ֆեդերացիայի պահանջն է: Բայց քանի որ կանանց թիմ ունենալը պարտադիր պայման է, ուրեմն մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք լավ թիմ ստեղծելու և այն պահելու համար, որպեսզի լավ արդյունքների հասնենք: Ցանկանում ենք, որ կանանց ֆուտբոլը զարգանա և շատ ուրախ կլինեինք, եթե մի քանի տարուց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում լինեին «Նոայի» խաղացողներ:

- Ինչպե՞ս կարողացաք կանանց այդ թիմը հավաքագրել:

- Դա «Հրազդանի» կանանց թիմն էր, որը միավորեցինք մեր ակումբին:

- Ինչո՞ւ «Նոան» չունի երկրորդ թիմ, որը հանդես կգար Առաջին խմբում:

- Հիմա մենք արդեն հասկանում ենք, որ դա շատ կարևոր թիմ է: «Նոայում» մեծ մրցակցություն կա և այն ֆուտբոլիստները, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում, լավ կլիներ, որ հանդես գային նաև Առաջին խմբում: Հուսով եմ` մյուս տարի այդ հարցը կլուծվի և մենք Առաջին խմբում թիմ կունենանք:

- Հարցազրույցի ընթացքում նշեցիք նոր հայացքներով ֆուտբոլին նայելու մասին: Ըստ Ձեզ` հայկական ֆուտբոլում դրական ու բացասական ի՞նչ երևույթներ կան և ի՞նչը կփոխեիք, եթե հնարավորություն ունենայիք:

- Իհարկե, առաջնության զարգացման միտում կա և այս տարվա եվրագավաթներում մեր թիմերի ելույթները դա ապացուցեցին: Կա դրական տեղաշարժ: Բայց խնդիրներ նույնպես կան, որոնց մասին նույնպես պետք է խոսել. մրցավարությունը, խաղադաշտերը… Հուսով եմ` Ազգային ստադիոնի կառուցումը կհեշտացնի այդ գործընթացը: Մրցավարների հարցում էլ մենք մեր թիմի վրա արդեն զգացել ենք նրանց սխալների ազդեցությունը: Եթե չբարձրանա մրցավարության որակը, վախենամ կլինեն հովանավորներ, ովքեր մրցավարների մի քանի ճակատագրական սխալներից հետո կիասթափվեն ու կհրաժարվեն նոր ներդրումներ կատարել: Մարդիկ իսկապես մեծ ներդրումներ են կատարում և մեկ սխալ որոշման պատճառով կարող է ամեն ինչ փլուզվել, ինչպես նախորդ առաջնությունում եղավ չեմպիոնական պայքարում:

- Արդյո՞ք «Արարատ-Արմենիայի» հաջողությունները եվրագավաթներում «Նոայի» համար չափանիշ է դարձել, որ եվրագավաթներում որոշակի հաջողության հասնելով իսկապես հնարավոր է կատարած ներդումները հետ բերել և նույնիսկ եկամտաբեր դառնալ:

- Այո, «Արարատ-Արմենիայի» ելույթները մյուս ակումբների համար նախադեպ էին: Իսկապես կարելի է եվրագավաթների միջոցով բյուջեի մեծ մասը փոխհատուցել ու նաև շատ լավ ներկայացնել մեր երկիրը: «Արարատ-Արմենիան» ունի լուրջ հովանավորներ և այն ֆինանսները, որը նրանք են ներդնում ակումբում, տվեցին իրենց առաջին արդյունքները: Պետք է շնորհավորել, որովհետև շատ լուրջ աշխատաքն էին կատարել սելեկցիայում և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ամեն ինչում: Շատ ափսոս, որ «Դյուդելանժին» չհաջողվեց հաղթել և մտնել խմբային փուլի: Կարծում եմ` փորձի պակասից էր:


Հ.Գ. Հարցազրույցից հետո տեղի ունեցավ Nօah Street Football միջոցառումը: Հովակիմյանը հայտնեց նաև, որ մտադիր են Հայաստանում կիբերսպորտի առաջնություն կազմակերպել, որի հաղթողները միջազգային մրցաշարերում կներկայացնեն «Նոան»: Շատ լուրջ միջոցառում է նախատեսվում: 


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000