Որոնել
Արխիվ
21.10.2019  18:58

Մինասյան. ««Գանձասարի» բախտը բերեց. եթե հեռացումը չլիներ՝ նման արդյունք չէր գրանցվի»

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ հյուրերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Մեզ համար միշտ դժվար է նման թիմերի հետ խաղալը, որոնք փակվում են իրենց կիսադաշտում։ Խաղի մեծ մասը 10 հոգով անցկացրեցինք։ Կարողացանք երկրորդ խաղակեսում գոլ խփել, բայց, եթե չհաղթեցինք, ուրեմն արժանի չէինք դրան։ Շնորհավորում եմ «Գանձասարին»։ 

Ես չեմ դիտել կարմիր քարտի դրվագը։ Դուք դիտեք և տվեք ձեր գնահատականները։ Հիմա, որ դիտենք ու ասենք չկար, ի՞նչ կփոխվի։ Ես նման դրվագների վրա ուշադրություն չեմ դարձնում, դա խաղի մի մասն է, մենք VAR համակարգ չունենք։

Չէի համեմատի այս խաղը «Շիրակի» դեմ հանդիպման հետ, որովհետև վերջինս ավելի որակյալ ու կազմակերպված թիմ է։ Վստահ եմ, որ մնայինք 11 հոգով՝ նման արդյունք չէր լինի, բայց սա ֆուտբոլ է։ 10 հոգով հավասարեցրինք հաշիվը և կարևոր է, որ չէինք մտածում այն պահելու մասին, այլ փորձում էինք հաղթել, բայց բախտը ժպտաց «Գանձասարին»։ 

1-1 հաշվի ժամանակ սկսեցինք ավելի բալանսավորված խաղալ՝ ընտրելով 4-4-1 մարտավարությունը, բայց փորձում էինք եզրերով գրոհել։ Մենք 3 պաշտպաններով մարտավարությանն անցանք ու գոլ խփեցինք, իսկ հետո, ինչպես ասացի, փորձեցինք բալանսավորել խաղը, որովհետև մրցակցի հակագրոհները վտանգավոր էին։ 

Մենք առաջնությունը բաժանում ենք 2 մասի՝ մինչև ձմեռ և ձմռանից հետո։ Չեմ կարծում, թե հոգեբանական տեսանկյունից մեզ համար կարևոր էր այս խաղից հետո առաջին տեղ բարձրանալը։ Այնուամենայնիվ, կորցրած միավորների քանակը եթե հաշվի առնենք՝ մենք առաջատար ենք, բայց ես դրան այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում։ Նույնիսկ լավ է, որ նման արդյունքներ են լինում, որովհետև դա հետաքրքրություն է հաղորդում»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000