Որոնել
Արխիվ
13.10.2019  20:10

Լիխտենշտեյն - Հայաստան. ArmFootball.com-ի գնահատականները

Եվրո-2020-ի J խմբի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Լիխտենշտեյնի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

ArmFootball.com-ը ֆուտբոլիստներին և մարզչին գնահատել է 10 բալային համակարգով։

 

Արամ Հայրապետյան - 5,0

Մեր դարպասապահն առանձնապես աշխատանք չուներ՝ պայմանավորված դաշտի տերերի պաշտպանական մարտավարությամբ ու սակավաթիվ գրոհներով։ Նրան ընդամենը 1 անգամ տեսանք խաղի մեջ, երբ չհաշվարկեց գնդակի ընթացքը ու ոչ այնքան ուժեղ, կենտրոնով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղեց մրցակցի ոտքին, ով բացեց հաշիվը։ Այդ կոպիտ սխալն ազդեց խաղի ելքի վրա։

Վարազդատ Հարոյան՝ 6,5

Մեր կենտրոնական պաշտպանները գրեթե ողջ խաղում գնդակը խաղարկողի դերում էին և պաշտպանական գործողություններ քիչ էին իրականացնում՝ կապված վերը նշված հանգամանքի հետ։ Հարոյանը շատ էր գնդակ ստանում, փորձում էր սկսել մեր թիմի գրոհները։ Ընդհանուր առմամբ, նա կատարել է 104 ճշգրիտ փոխանցում (Sofscore.com), ինչը չափազանց բարձր ցուցանիշ է։ Դա վառ ապացույցն է, որ մեր տղաները առջևում «անատամ» էին գործում և գնդակը կարողանում էին հաջող խաղարկել միայն պաշտպանությունում։ Մեկ դրվագ եղավ, երբ Հարոյանն Իշխանյանի հետ կորցրեցին դիրքը, բայց մրցակցի՝ եզրից կատարած փոխանցումը գլխով հեռացրեց Հովհաննես Համբարձումյանը՝ ուղղելով խաղընկերների կոպիտ սխալը։

Հայկ Իշխանյան՝ 6,0

Արդեն նշեցինք, որ կենտրոնական պաշտպանների գործառույթը, հիմնականում, գրոհներ սկսելն էր։ Իշխանյանը նույնպես փորձում էր դա անել, բայց ավելի շատ գործառույթն իր վրա վերցրել էր Հարոյանը։ Նա շատ ավելի քիչ է երկար և կարճ փոխանցումներ կատարել։ Երբեմն փորձում էր սուր փոխանցումներ կատարել, բայց չէր ստացվում։ Նա ավելի շատ գնդակը խաղարկում էր կարճ տարածության վրա։ Բացի վերը նշված մեկ սխալից, երբ Հարոյանի հետ կորցրել էր դիրքը, Իշխանյանը 1-2 անգամ չհասցրեց նահանջել, բայց նրան հասցնում էին փոխօգնության հասնել խաղընկերները Լիխտենշտեյնի հարձակվողների դանդաղության պատճառով։ 

Հովհաննես Համբարձումյան՝ 6,0 

Մեր աջ պաշտպանն անդադար պայքարի մեջ էր մտնում գնդակի համար, հաճախ՝ հաջողված։ Նա եզրում ակտիվ էր, հաճախ էր շարժվում առաջ ու փոխանցումներ կատարում տուգանային հրապարակ։ Նա բարձրից 8 փոխանցում է կատարել մրցակցի տուգանային հրապարակ, բայց շատ վատ էր դա անում։ Այդ փոխանցումներից ընդամենը մեկն է հասել խաղընկերոջը։ Մրցակցի գոլային գրոհն էլ նրա եզրից զարգացավ։ Այնուամենայնիվ, նման գնահատական է ստացել շատ աշխատելու, պաշտպաններին, երբեմն, փոխօգնության հասնելու համար։ 

Արման Հովհաննիսյան՝ 5,5

Արմանը՝ ձախ պաշտպանը, Համբարձումյանի պես ակտիվ չէր ու նրա պես հաճախ չէր միանում գրոհներին, բայց, երբեմն, կորցնում էր դիրքն ու տակտիկական խախտումներ թույլ տալիս։ Նրա գործողություններում որոշակի լարվածություն էր նկատվում, բայց նվիրվածությունն ու ցանկությունը մեծ էին։ Այնուամենայնիվ, Արմանն ավելացնելու տեղ ունի։

Ռումյան Հովսեփյան՝ 6,0

Նա խաղի սկզբից մեր միակ հենակետայինն էր։ Ռումյանը 83 րոպե անցկացրեց դաշտում։ 2 հաջողված սրող փոխանցում է կատարել, բայց ոչ հաճախ էր դիմում երկար փոխանցումների օգնությանը (3): Գնդակը կարողացել է խլել 2 անգամ։ Իհարկե, հենակետային ֆուտբոլիստը պատասխանատու է թե պաշտպանության, թե գրոհների կազմակերպման հարցում և ցածր գնահատականը պայմանավորված է երկրորդ խաղակեսում նրա՝ դաշտի կենտրոնում կատարած կոպտագույն սխալով, որից հետո մրցակիցը ամենավտանգավոր գրոհն անցկացրեց խաղում, բայց նպաստավոր դիրքից դաշտի տերերը վրիպեցին։

Գևորգ Ղազարյան՝ 6,0

Գևորգը դաշտում ամենաակտիվներից էր, բայց անհաջող էր խաղում։ Իհարկե, դա պայմանավորված էր մարզչի զարմանալի որոշմամբ՝ նրան գրոհների կազմակերպման դերը տալով, բայց Գյուլբուդաղյանցի մասին՝ ավելի ուշ։ Իր համար անսովոր դիրքերում Գևորգը չէր կարողանում համատեղել ակտիվությունն ու վստահ խաղը։ Շատ էր գնդակ ստանում, պայքարի մեջ էր, բայց միայն աշխատելը բավարար չէ։ Նրան, կարծես, տրվել էր Հենրիխ Մխիթարյանի դերը և ազատություն էր ստացել դաշտում՝ խաղալով գրեթե բոլոր դիրքերում, բայց իր առջև դրված խնդրից պատվով դուրս գալ չկարողացավ։

Մարկոս Պիզելի՝ 5,5

Մարկոսը, ով առաջ քաշված կիսապաշտպան էր, չտպավորեց։ Նա դաշտում ուղիղ մեկ ժամ անցկացրեց և զգացվում էր, որ իր լավագույն մարզավիճակում չէ։ Դա ենթադրելի էր, որովհետև նա երկար ժամանակ է բաց թողել ծանր վնասվածքից ապաքինվելու համար։ Մեր կիսապաշտպանն իներտ էր, գործողություններում խոտանը շատ էր։ Ընդամենը մեկ շեղ հարված է կատարել, իսկ ևս 3-ը մրցակցի կողմից փակվել է։ Մարկոսը պատրաստ չէր մեկնարկային րոպեներից դաշտ դուրս գալուն։

Սարգիս Ադամյան՝ 5,5

Սարգիսը շատ անհաջող հանդիպում անցկացրեց։ Նա հաճախ էր ուշացնում փոխանցում կատարելիս, անհատական գործողությունների էր դիմում ու կորցնում գնդակը, չէր կարողանում կարդալ խաղն ու ճշգրիտ գործողություններ կատարել, անվստահ էր զգում դաշտում։ Նա փոխանցում էր կատարում, երբ պետք է միայնակ վճռեր, իսկ, երբ փոխանցում կատարելու անհրաժեշտություն կար՝ դիմում էր անհատական գործողությունների։ Տպավորություն էր, թե իր նորամուտի խաղն է անցկացնում։ Նրանից սպասելիքները շատ էին, բայց ոչնչով աչքի չընկավ։ 

Տիգրան Բարսեղյան՝ 7,5

Տիգրանը հանդես էր գալիս աջ եզրում և հենց նա էր միակ վտանգ ստեղծողը։ Անկասկած, լավագույնն էր մեր հավաքականում։ Նա անցումներ էր կատարում, սրում խաղը։ Տիգրանի անհատական գործողությունները տպավորում էին։ Կարողացավ գոլ խփել միջին տարածությունից կատարած գրագետ հարվածով, արագ էր ու մրցակցի պաշտպաններին տանջում էր։ Լիխտենշտեյնի ֆուտբոլիստները չէին հասցնում Բարսեղյանի հետևից ու չգիտեին, թե ինչպես պայքարել նրա դեմ։ Այդքան ակտիվությունից ու արագացումներից հետո նա հոգնեց երկրորդ խաղակեսի վերջնամասում, բայց շարունակում էր տրվել մինչև վերջ։ 

Ալեքսանդր Կարապետյան՝ 5,5

Կենտրոնական հարձակվողը դարպասին մեկ հարված է կատարել, չէր կարողանում առաջարկել իրեն, դուրս գալ պաշտպանների լուրջ վերահսկողությունից ու ոչ ստանդարտ գործողություններ չէր կատարում։ Իհարկե, նրան գնդակ չէր հասնում նաև կիսապաշտպանների պատճառով, բայց ինքն էլ, առանձնապես, չէր տպավորում։ 2 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, ոչ մի անգամ խաբքի միջոցով չի շրջանցել մրցակցին։ Ընդամենը 13 ճշգրիտ փոխանցում է կատարել, ինչը ևս մեկ նգամ խոսում է իներտության մասին։

Փոխարինման մտած ֆուտբոլիստներ․

Գոռ Մալաքյան՝ 6,5

Նա դաշտում անցկացրեց 30 րոպե՝ փոխարինելով Մարկոս Պիզելիին և վատ տպավորություն չթողեց։ Հանդես էր գալիս գրոհի կազմակերպման դերում՝ խաղալով հենակետայինի դիրքում։ Երբեմն, նրա դիմաց ազատ տրածություն էր առաջանում, բայց չէր օգտվում դրանից՝ գնդակը թողնելով խաղընկերներին, բայց հենակետայինի համար համարձակությունը ոչ միշտ է դրական անդրադառնում թիմի վրա։ Նա կատարել է 3 սուր փոխանցում, 7 երկար փոխանցումներից 6-ը հասել են նպատակին։ Միգուցե, պետք էր Ռումյանի փոխարեն նրան դուրս բերել դաշտ խաղի մեկնարկից։ 

Արթուր Միրանյանը դաշտ մտավ 83-րդ րոպեին՝ փոխարինելով Ռումյան Հովսեփյանին, իսկ Արազ Օզբիլիսն 88-րդ րոպեին փոխարինեց Գևորգ Ղազարյանին։ Նրանք դաշտում քիչ ժամանակ են անցկացրել և գնահատական չունեն։

Արմեն Գյուլբուդաղյանց՝ 4

Սկսենք նրանից, որ դաշտում չտեսանք միտք, մարզչական ձեռագիր, մշակված կոմբինացիաներ։ Մեր պահերը ստեղծվում էին միայն անհատական գործողությունների արդյունքում։ Հայաստանը լավ է խաղում հակագրոհների ժամանակ՝ ավելի ուժեղ մրցակիցների դեմ, երբ առջևում ազատ տարածություններ են առաջանում, բայց, երբ ամեն ինչ փակ է՝ առավել ընդգծուն է դառնում մարզչի մտքի ճկունության բացակայությունը։ Գնդակը խաղարկում էինք հիմնականում պաշտպանությունում, իսկ ավելի առաջ տեղափոխելիս զգացվում էր, որ բացակայում է «տնային աշխատանք» կոչվող այն տակտիկական սխեման, որով կարելի է անցնել հագեցած պաշտպանությունը։

Կազմի ընտրությունը նույնպես շատ վիճելի է։ Հասկանալի էր, որ Մարկոսը լավ մարզավիճակում չէ, որովհետև շատ երկար ժամանակ բաց է թողել ծանրագույն վնասվածքի պատճառով։ Զարմանալի էր նրան մեկնարկային կազմում  տեսնելը, քանի որ նրա՝ առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում մրցակցությունը խելահեղ է։ 2 խոստումնալից ֆուտբոլիստներ՝ Էրիկ Վարդանյան ու Պետրոս Ավետիսյանը, պայքարում են այդ դիրքի համար։ Եթե նրանցից մեկը դաշտ դուրս գար, համենայն դեպս, Մարկոսից վատ դժվար թե հանդես գար, իսկ երիտասարդներին շանս տալու փոխարեն մարզիչը նախընտրել էր մարզավիճակ չհավաքած Մարկոսին դաշտ դուրս բերել։

Գևորգ Ղազարյանն օգտագործվեց իր համար անսովոր դերում։ Նահանջում էր ու փորձում գրոհ կազմակերպել, ինչը չէր ստացվում։ Մարզիչը նրան ազատություն էր տվել այնպես, ինչպես՝ Հենրիխին, բայց շեշտը Գևորգի վրա դնելու տարօրինակ միտքը չտվեց իր պտուղները, որովհետև, ճիշտ է, Ղազարյանն ունիվերսալություն ունի, բայց կան դիրքեր, որոնք նրա համար անսովոր են ու բնական է, որ, օրինակ, գրոհի կազմակերպումը նրա մոտ հաջող չի ստացվի։ Ղազարյանն ավելի շատ առջևի գծի ֆուտբոլիստ է և պետք չէր հեծանիվ հորինել՝ նրա ուսերին դնելով Մխիթարյանի պարտականությունները։

Գյուլբուդաղյանցի փոխարինումները զավեշտ են դարձել հայ երկրպագուների համար։ Նախ, երբ 1-0 հաշվով մեր թիմը հաղթում էր, Լիխտենշտեյնը սկսեց փոքր ինչ շատ գնդակով լինել, ինչից մարզիչը վախեցավ և 60-րդ րոպեին անցավ 2 հենակետայինով խաղին՝ Մարկոսի փոխարեն Գոռ Մալաքյանին դաշտ դուրս բերելով, մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում մրցակցությունը խելահեղ է և Էրիկն ու Պետրոսը սպասում էին իրենց շանսին։ Մարզիչը վախեցավ Լիխտենշտեյնից և տպավորություն կար, որ 60-րդ րոպեից այդ վախը փոխանցվեց նաև ֆուտբոլիստներին, իսկ 72-րդ րոպեին գոլ բաց թողեցինք։ Բոլորը սպասում էին, որ գոլ ընդունելու նույն րոպեին մարզիչը կթարմացնի եզրերը՝ դաշտ մտցնելով Արազ Օզբիլիսին ու Էդգար Բաբայանին։ 2 կրեատիվ ֆուտբոլիստներ, որոնց գոնե 20 րոպե պետք էր տրամադրել խաղը փրկելու համար։ Օզբիլիսը լավ հարվածներ ունի, անցումներ է կատարում ու սրություն հաղորդում, իսկ Բաբայանի՝ եզրից փոխանցումները տուգանային հրապարակ, համարձակությունն ու դաշտը տեսնելու ունակությունը (չնայած նրան, որ Էդգարը վինգեր է) կարող էին արդյունավետ լինել։ Փոխարենը, մարզիչը ոչինչ չձռնարկեց մինչև 83-րդ րոպեն, իսկ այդ ժամանակ կրկին անցավ 1 հենակետայինով խաղի՝ Հովսեփյանի փոխարեն դաշտ մտցնելով Արթուր Միրանյանին։ Իհարկե, Միրանյանը լավ ֆուտբոլիստ է, բայց ինչու՞ անցնել 2 հարձակվողով խաղին, երբ հարձակման գիծ գնդակ չի հասնում։ Պետք էին կրեատիվ խաղացողներ, ովքեր կկարողանային գնդակը առաջ տանել ու փոխանցումներ կատարել դեպի հարձակման գիծ եզրային անցումների, կամ անհատական գործողությունների հաշվին։ Դա, կարծես, նկատում էին բոլորը, բացի մարզչից։

Երրորդ փոփոխությունը Գյուլբուդաղյանցը կատարեց հիմնական ժամանակի ավարտից ընդամենը 2 րոպե առաջ՝ Ղազարյանի փոխարեն դաշտ մտցնելով Օզբիլիսին։ Սրանք այն հիմնական սխալներն են, որոնք մարզիչը թույլ է տվել և ստացել ամենացածր գնահատականը։ 

Ջիվան Օհանյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000