Որոնել
Արխիվ
12.10.2019  17:20

FIP.am. Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը եղել է 4 ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատողը

FIP.am կայքը անդրադարձել է 2007թ.-ից այս կողմ Հայաստանում կառուցված 4 ֆուտբոլային ակադեմիաներին, նշելով, որ բոլոր 4 ֆուտբոլային ակադեմիաների շինարար կազմակերպությունը մեկն է ու պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Ներկայացնում ենք կայքի անդրադարձը.

Ավանի ֆուտբոլային ակադեմիա

Այսպես, 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ եռամյա շինարարական աշխատանքների ավարտից հետո, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի բացումը։ Այն ունի արհեստական ու բնական խոտածածկով 11 խաղադաշտ, մարզադահլիճ, թենիսի 4 խաղադաշտ, խոշոր վարչական շենք, բիլիարդի, սեղանի թենիսի սրահներ, ֆիթնես կենտրոն, 49 համարից բաղկացած հյուրանոց, բաց ու փակ լողավազաններ և այլն։ Այստեղ մարզվում են ֆուտբոլային ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականները։ Ակադեմիայի ընդհանուր հողատարածքը 11.6 հեկտար է։ Ինչպես երևում է անշարժ գույքի կադաստրի փաստաթղթերից, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ՝ 2003 թվականից հողամասն ամբողջությամբ անհատույց օգտագործման է հանձնվել ՀՖՖ-ին։ Ավելի ուշ Երևանի հաջորդ քաղաքապետը՝ Երվանդ Զախարյանը, նույն սկզբունքով հարակից շրջանի որոշ հողեր ևս տրամադրել է ֆեդերացիային։ Հողերը տրամադրվել են ֆուտբոլի մարզադպրոց կառուցելու համար։

Սակայն ինչպես երևում է կադաստրի փաստաթղթերից, կառուցումից 2 ամիս անց ակադեմիայի որոշ հատվածներ 8 միլիոն դոլարով գրավադրվել են «Հայբիզնեսբանկում»։ Ըստ վարկային պայմանագրի՝ գրավադրվել են ակադեմիայի գլխավոր մասնաշենքը, լողավազանները, մարզասրահը, սրճարանը, ավտոտնակները և այլն։ 2 տարի անց ՀՖՖ-ն կատարել է պարտավորություններն ու գույքը դուրս է եկել գրավից։ Մինչդեռ, նշված գույքը ֆեդերացիային հանձնելու 2002-ին կնքված պայմանագրի 5.6 կետով արգելվում էր, որ ֆեդերացիան ինքնակամ, անհատույց իր իրավունքը լրիվ կամ մասնակի երրորդ կողմին փոխանցի կամ գրավադրումներ կատարի։

2015-ի դրությամբ ակադեմիայի կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 706 միլիոն դրամ։ Փաստաթղթերից պարզ չէ, թե որքան գումար է վճարվել շինարար կազմակերպությանը, սակայն առկա փաստաթղթերում երևում է, որ որպես շինարար հանդես է եկել մեկ կազմակերպություն՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Ընկերության բաժնեմասերի 99 տոկոսի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը հասնում է մոտ 168 միլիոն դրամի։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

2011-ին Գյումրիում մեկնարկեցին ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Ծրագրի համար ֆուտբոլի ֆեդերացիային հատկացվեց 8 հեկտար հողամաս՝ ծայրամասային Մուշ թաղամասում։ 2014-ին ակադեմիան հանձնվեց շահագործման. այն ունի 2 արհեստական և 6 բնական խոտածածկով խաղադաշտեր, վարչական շենք։ Հողամասը պատկանել է Գյումրի համայնքին և 2015-ին նվիրատվության պայմանագրի հիման վրա անցել է ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզահամալիրի կառուցման համար։ 2016-ի դրությամբ կառուցված շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 35 միլիոն դրամ, իսկ հողամասինը՝ 40 միլիոն դրամ։ Ակադեմիայի վարչական հատվածի մակերեսը հասնում է մոտավորապես 1500 քմ-ի։ Ըստ «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ կառուցապատումը կրկին իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից։ 2017 թվականին ակադեմիան անհատույց օգտագործման է հանձնվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին՝ 5 տարի ժամկետով։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիային վերաբերող փաստաթղթային փաթեթում տեղեկություններ չկան մարզադաշտերի, դրանց քանակի և վարչական շենքից բացի ակադեմիայի այլ ենթակառուցվածքների վերաբերյալ։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա

2016-ին Վանաձորում բացվեց ֆուտբոլային ակադեմիա։ 4.4 հեկտար զբաղեցնող տարածքում կառուցված են 1 արհեստական և 3 բնական խոտածածկով մարզադաշտեր։ Տարածքն ի սկզբանե պատկանել է Վանաձոր համայնքին, ապա փոխանցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ, իր հերթին, ակադեմիան հանձնել է անհատույց օգտագործման «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ին։ Կադաստրի փաստաթղթերից երևում է, որ այս ակադեմիայի կառուցապատողը ևս Հայրապետյանի «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի առաջին կետին՝ (տեղեկատվությունը կարող է չտրամադրվել, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք)՝ ֆեդերացիան Fip.am-ին մերժեց տրամադրել Վանաձորի ակադեմիայի կառուցապատողի հետ կնքած պայմանագիրն ու տեղեկություններ գնման գործընթացի վերաբերյալ։

2017-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց վերակառուցել Վանաձորի քաղաքային մարզադաշտը։ Կառուցապատող ընկերությունը դարձյալ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Նախատեսվում էր, որ արդեն այս աշնանը «Լոռի» ֆուտբոլային ակումբն իր վանաձորյան հանդիպումները կանցկացներ նոր մարզադաշտում, որը, սակայն, դեռ պատրաստ չէ։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

2015-ին Էջմիածնում սկսվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Երկու տարի անց կայացավ ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ Սերժ Սարգսյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին։ Ակադեմիան կառուցվել է ավելի քան 5.5 հեկտար հողամասի վրա։ Այն պատկանել է Էջմիածին համայնքին և 2016-ին նվիրատվության պայմանագրով հողամասը փոխանցվել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը, որը հետագայում այն փոխանցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կառուցապատման համար։

Ակադեմիան, ըստ հատակագծի, ունի 4 մարզադաշտ, վարչական շենք, լողավազան, տրիբունա։ Ինչպես Հայաստանում բոլոր ֆուտբոլային ակադեմիաների դեպքում, այստեղ ևս կառուցումն իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերության կողմից։ Ուշագրավ է, որ կառուցապատման ավարտական ակտը Էջմիածնի քաղաքապետարան ներկայացվել է 2018-ի վերջին։

 

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 2003-2018 թվականներին։ Թե ինչպե՞ս է նրան պատկանող ընկերությունը ստացել բոլոր ակադեմիաների կառուցման պատվերը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մանրամասնում։ Fip.am-ին չհաջողվեց ֆեդերացիայից ստանալ մրցույթի առկայության մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Հարցին, թե արդյո՞ք «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն ընտրվել է մրցույթի արդյունքում, թե՞ ոչ, ՀՖՖ-ից պատասխանեցին, որ «Ավանի, Վանաձորի, Գյումրիի, Վաղարշապատի ակադեմիաները կառուցվել են բացառապես միջազգային կազմակերպությունների աջակցության հաշվին, իսկ գնումը՝ օրենքով սահմանված գնման գործընթացով»։

Երկրորդ հարցմամբ «Փաստերի ստուգման հարթակը» ֆեդերացիայից խնդրել էր տեղեկացնել, թե ո՞ր կազմակերպությունն է կառուցել Ավանի ֆուտբոլի ակադեմիան և որքա՞ն գումար է տրամադրվել։ Այս անգամ պատասխանեցին, որ ֆեդերացիայում ակադեմիայի կառուցապատողների մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Մեկ այլ հարցմամբ՝ խնդրել էինք մեզ տրամադրել ՀՖՖ-ի և կառուցապատող ընկերությունների միջև կնքված պայմանագրերը։ ՀՖՖ-ի կողմից պայմանագրերն այդպես էլ չտրամադրվեցին, և պատասխան հարցման մեջ ֆեդերացիան այս տեղեկությունը չտրամադրելու համար վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ համարելով հայցված տեղեկությունը պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք։

Մինչդեռ բաց աղբյուրներում ակադեմիաների կառուցման որոշ տվյալներ պարզ են դառնում։ Ըստ այդմ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա ծախսվել է 12 միլիոն դոլար, որից 7.5 միլիոնը հատկացրել է ՈՒԵՖԱ-ն, 400.000 դոլար՝ ՖԻՖԱ-ն, մնացած 4 միլիոն դոլարը տրամադրվել է ՀՖՖ-ի կողմից։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրն արժեցել է 900 միլիոն դրամ, որից 250 միլիոն դրամը տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 180 միլիոն՝ ՖԻՖԱ-ն, ևս 400 միլիոնը՝ ֆուտբոլի ֆեդերացիան։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրն արժեցել է 1.1 միլիարդ դրամ։ Դրա ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 982 միլիոն դրամը, կատարվել է ֆեդերացիայի կողմից, իսկ մնացածը՝ ՈՒԵՖԱ-ի։ Նույնքան գումար ծախսվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա. եթե Երևանի, Վանաձորի, Վաղարշապատի ակադեմիաների կառուցման ընթացքում ծրագրի մեջ ներառվել է նաև տրիբունաների կառուցումը, Գյումրիի ակադեմիայի դեպքում այն բացակայում է։

Այսպիսով, թեև պարզ չէ, թե որքան գումար է Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը ստացել ակադեմիաների կառուցման համար, սակայն ակնհայտ է, որ այս գործարքները կնքվել են շահերի բախմամբ, քանի որ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ Հայրապետյանը զբաղեցնում էր ՀՖՖ նախագահի պաշտոնը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000