Մեր մրցակիցները. Ջեկոն չի մասնակցելու Բոսնիա – Ֆինլանդիա խաղին
Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի համար մեծ նշանակություն ունի Բոսնիա և Հերցեգովինա – Ֆինլանդիա հանդիպումը: Այդ խաղին չի մասնակցելու բալակնների ավագ Էդին Ջեկոն:
«Ֆինների դեմ Ջեկոն չի խաղալու, սակայն նա մարզադաշտում կլինի և կաջակցի իր թիմակցիներին»,- Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Պրոսինեչկու խոսքերն է մեջբերում sportsport.ba-ն:
Ջեկոն այտի կոտրվածք է ստացել «Ռոմայի» կազմում անցկացրած վերջին խաղում և վիրահատության ենթարկվել: Նա իր ազգային հավաքականի կազմում 105 խաղում 58 գոլ է խփել ու 21 գոլային փոխանցում կատարել:
Հիշեցնենք, որ J խմբում բոսնիացիներն ունեն 7 միավոր, իսկ երկրորդ տեղում ընթացող ֆինները` 12: Հայաստանի հավաքականը 9 միավորով երրորդ տեղում է: Այդ թիմերը պայքարում են երկրորդ տեղը գրավելու և եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար: