Որոնել
Արխիվ
29.09.2019  11:17

Հայաստանի առաջնությունը հավասար է Բունդեսլիգային. լեգեոներների ներգրավվածության աստիճանը

Հայաստանում լեգեոներների սահմանափակման թեման չի դադարում ակտուալ մնալ, նույնիսկ արտասահմանցիների շնորհիվ եվրագավաթներում հայկանան թիմերի աննախադեպ հաջող ցուցանիշներից հետո: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՖՖ-ն մեղմ տեսակով ընդառաջեց լեգեոներների սահմանափակման կողմնակիցներին և խաղերի հայտացուցակների վրա սահմանեց 16+7 ձևաչափը: Ըստ այդմ, յուրաքանչյուր խաղին թիմը կարող է հայտավորել առավելագույնը 16 լեգեոներ: Այնուամենայնիվ, լեգեոներների սահմանափակման կողմնակիցները դա քիչ չեն համարում և ավելի խստացում են պահանջում, ինչին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է գնալ:

Լեգեոներների սահմանափակման կողմնակիցների գլխավոր փաստարկն այն է, որ տեղացի ֆուտբոլիստները խաղալու քիչ հնարավորություն են ստանում, հետևաբար դա նաև վատ է ազգային տարբեր տարիքային հավաքականների համար: Միթե՞ այլ երկրներում դա նույնպես «խանգարում» է:

Ուշագրավ է, որ Եվրոպայում ընթացիկ մրցաշրջանի վերջնական հայտացուցակները կազմելուց հետո պարզ դարձավ, որ Հայաստանն իսկապես այդ ցուցանիշով առաջատարների թվում է: Բարձրագույն խմբի ֆուտբոլիստների 52,5 տոկոսն այլ երկրների քաղաքացիներ են: Այդ ցուցանիշով մենք հավասար ենք Գերմանիայի Բունդեսլիգային:

Այնուամենայնիվ, ամենաշատ լեգեոներների թվով առաջնությունների ցանկին նայելով տեսնում ենք, որ այն չի որոշում լիգաների մակարդակը կամ տվյալ երկրների ազգային հավաքականների ուժը: Թոփ-10-ում միմյանցից խիստ տարբեր մակարդակի լիգաներ են.

Առաջատարն Անգլիայի Պրեմիեր լիգան է, որտեղ ֆուտբոլիստների 65,1 տոկոսը լեգեոներներ են: ԱՊԼ-ին հետևում է Պորտուգալիայի առաջնությունը (64,3 %) և Կիպրոսինը (61 %):

1. Անգլիա - 65,1 % լեգեոներներ

2. Պորտուգալիա – 64,3 %

3. Կիպրոս – 61 %

4. Բելգիա – 59,3 %

5. Սան-Մարինո – 59,2 %

6. Իտալիա – 57,4 %

7. Անդորրա – 56,6 %

8. Շոտլանդիա – 52,9 %

9-10. Հայաստան – 52,5 %

9-10. Գերմանիա – 52,5 %

Ուշագրավ է, որ հարևան Վրաստանի առաջնությունը լեգեոների տոկոսով նախավերջին տեղում է (կամ երկրորդն է սկզբից)` 12,4 %:

Տոկոսային հարաբերակցությունը Հայաստանի դեպքում կարևոր նշանակություն ունի, որովհետև զուտ ֆուտբոլիստների թիվը հաշվելը կախված է ակումբների քանակից: Այդ ցուցանիշով Հայաստանը 276 ֆուտբոլիստով վերջից 16-րդ տեղում է: Այստեղ նույնպես նախավերջին տեղում մեր հարևան երկիրն է, բայց այս անգամ Ադրբեջանը: Վերջինիս ուժեղագույն լիգայում 8 թիմ կա, որոնցում 185 ֆուտբոլիստ է հայտավորված:

Բարձրագույն խմբում 145 լեգեոներ կա, որոնցից ճնշող մեծամասնությունը` 52-ը Ռուսաստանի քաղաքացիներ են (35,9 %): Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր երկրներում, մեծ թիվ են կազմում նաև բրազիլացիները` 13 (9 %):

Բարձրագույն խմբի լեգեոներների երկրները.

Ռուսաստան - 52 ֆուտբոլիստ

Բրազիլիա – 13

Սերբիա – 8

Նիգերիա – 8

Ուկրաինա – 7

Կոտ դ’Իվուար – 7

Կոլումբիա – 4

Իսպանիա – 4 (կարծո՞ւմ էիք «Լոռիում» ավելի շա՞տ են)

Հայիթի – 3

Գանա – 3

Հյուսիսային Մակեդոնիա – 3

ԴՀ Կոնգո – 3

Մալի – 2

Սենեգալ – 2

Խորվաթիա – 2 (բարև «Ուրարտու»)

Բուրկինա Ֆասո – 2

Վենեսուելա – 2

Բելառուս – 2

Վրաստան – 2

Էստոնիա – 2

Իտալիա – 1 (այն էլ դարպասապահ)

Հոլանդիա - 1

Ռուանդա – 1

Լիբանան – 1

Մարոկկո – 1

Լատվիա – 1

Իրան – 1

Բուլղարիա – 1

Կապո Վերդե – 1

Ալբանիա – 1

Բոսնիա և Հերցեգովինա – 1

Պորտուգալիա – 1

Դժվար է ասել, համընկել է, թե արտասահմանցիների որակի հետևանքն է, որ ընթացիկ առաջնության սկզբից մրցաշարային աղյուսակը գլխավորում է լեգեոներներին ամենաշատ խաղաժամանակ տրամադրող «Արարատը»: Երևանցիները խաղաժամանակի 88,2 տոկոսը տրամադրում են արտասահմանյան անձնագիր ունեցող ֆուտբոլիստներին:

Երկրորդ տեղում չեմպիոն «Արարատ-Արմենիան» է` 78 %, իսկ եռյակը եզրափակում է հետնապահ «Երևանը» (72,4), որը հենց հերքում է «լեգեոները հավասար է արդյունք պնդման առաջացմանը» և առաջին պլան է բերում նրանց որակի հարցը:

Բարձրագույն խմբի ամենահայկական թիմը հսկայական առավելությամբ «Գանձասար-Կապանն» է: «Արջերը» լեգեոներներին տրամադրում են թիմի ընդհանուր խաղաժամանակի 21,4 տոկոսը:

Թիմերի խաղաժամանակին լեգեոներների առավելագույն ներգրավվածության ցուցակը.

«Արարատ» – 82,8 %

«Արարատ-Արմենիա» – 78 %

«Երևան» – 72,4 %

«Լոռի» – 72,1 %

«Նա» – 68,1 %

«Ուրարտու» – 58,7 %

«Փյունիկ» - 54,6 %

«Շիրակ» – 50,5 %

«Ալաշկերտ» – 49,4 %

«Գանձասար» – 21,4

Վերջում տեսնենք նաև լեգեոներների օգուտը գոլերի տեսանկյունից: Այս ցուցանիշով արտասահմանցիները մեծ օգնություն են ցույց տալիս «Շիրակին», որի բոլոր 11 գոլերը խփել են լեգեոներները (Արտեմ Գևորգյանը ՀՀ քաղաքացի չէ): Իվուարցի Մորի Կոնեն 7 գոլով ռմբարկու է, իսկ Մուսա Բակայոկոն աչքի է ընկել 3 անգամ:

Լեգեոներների կողմից գոլերի 100-տոկոսանոց ցուցանիշ ունի նաև «Երևանը», որն ընդամենը 4 գոլ է խփել:

Էական տարբերություն կա «Փյունիկի» ցուցանիշում, որի հարձակման գծում տոն են տալիս հիմնականում հայերը: Նրանք խփել են թիմի գոլերի 64,3 տոկոսը, ինչը ընդհանուր ցուցանիշով 2-րդ լավագույնն է:

Սպասվածի պես այդ հաշվարկում առաջատարը նույնպես «Գանձասարն» է, որի լեգեոներների գոլերի տոկոսը (25) գրեթե համահունչ է նրանց խաղաժամանակին:

Չի կարելի չնշել նաև, որ Հայաստանի առաջնությունում արդեն գոլ + փոխանցում հաշվարկում արդեն 4 միավոր վաստակած 18 ֆուտբոլիստից 14-ը լեգեոներներ են: Դա շատ արտահայտիչ ցուցանիշ է…


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000