Որոնել
Արխիվ
15.09.2019  18:38

Նուրսուլթան 2019. Չալյանի լավ վիճակահանությունն ու Ալեքսանյանի ռևանշ գոտեմարտը

Նուրսուլթանում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 

Այսօր գորգ դուրս եկան Հայաստանի 5 ներկայացուցիչներ:  97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը անցավ շատ բարդ ցանցով, հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիների՝ Ալեքսանդր Գրաբովիկին, Մատի Կուոսմանենին, Չենկ Իլդեմին, Մուհամեդհաբի Սարվիին, Գեորգի Մելիային և դուրս եկավ եզրափակիչ: Մյուս ցանցից բավականին հեշտ ճանապարհ ստացած աշխարհի գործող Մուսա Եվլոևը խնդիրներ չունեցավ:

Վաղը Երևանի ժամանակով մոտավորապես 18:30-ին Ալեքսայանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Մուսա Եվլոևի հետ, որին պարտվել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Այսօր Արթուրի վերջին երեք գոտեմարտերն անցան բավականին ծանր պայքարում, վերջում գլորումներն էլ բարդ էին ստացվում: Հիմա նա մեկ օր ունի հանգստանալու, ուժերը վերականգնելու և ռևանշ-գոտեմարտին պատրաստվելու համար: Հիշեցնենք, որ TotoGaming-ը հենց այս երկու ըմբիշներին էր համարում մրցաշարի ֆավորիտ:

Ալեքսանյանը նաև 2020թ.-ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց, մինչդեռ Կարեն Ասլանյանն ու Արթուր Շահինյանը նույնն անել չկարողացան:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը վստահ մեկնարկեց՝ հաղթելով տաջիկ մրցակցին, սակայն հաջորդ փուլում հանդիպեց Մ-23 աշխարհի չեմպիոն եգիպտացի Էլ Սայեդին: Գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ Ասլանյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը ու վերջին հնարքով հաղթողի դերում լինել, բայց հետո մրցավարները մատները բռնելու համար երկու անգամ զգուշացրին Կարենին և երկու միավոր տվեցին մրցակցին: Ընդհանուր առմամբ, մրցավարությունը հարցեր առաջացնում էր, բայց ինքը՝ Ասլանյանն էլ պետք է զգույշ լիներ՝ հատկապես առաջին նկատողությունից հետո: Եգիպտացին պարտվեց կիսաեզրափակչում, և Ասլանյանի համար մրցաշարն ավարտվեց:

Իսկ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը ընդհանրապես պարտվեց մեկնարկում՝ կուբացի մրցակցին: Վերջինս պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչում, և Շահինյանը մնաց ձեռնունայն:

Ձեռնունայն տուն կգա նաև Մալխաս Ամոյանը, ով տակտիկական սխալի պատճառով զիջեց կորեացի ըմբիշին սփոփիչ գոտեմարտում: Ամեն դեպքում, Ամոյանի համար սա լավ փորձամրցում էր մեծահասակների ասպարեզում:

Իսկ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանի ելույթը գերազանց էր: Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում փայլուն հաղթանակ տարավ իրանցի Դալխանիի նկատմամբ ու կարիերայի ընթացքում առաջին անգամ բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում: Երեկ Սլավիկը ցույց տվեց, որ նույնիսկ ավելիին է պատրաստ՝ գերազանց պայքար մղելով Ստեփան Մարյանյանի դեմ: Ի դեպ, Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը, չկարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը՝ եզրափակչում զիջելով ճապոնացի ըմբիշին:

Վաղը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանին հենց մեկնարկում՝ 1/16 եզրափակչում բաժին է հասել աշխարհի փոխչեմպիոն Էլմուրատ Տասմուրադովը Ուզբեկստանից: Քիչ է հավանականությունը, որ Ղարիբյանը կկարողանա հաղթահարել այդ արգելքը, իսկ եթե ուզբեկ մարզիկը հասնի եզրափակիչ, ապա հաջորդ օրը սփսփիչ գոտեմարտերում, հնարավոր է, Ղարիբյանին էլ ավելի զորեղ մրցակիցներ սպասեն: Ընդհանուր առմամբ, հերթական անգամ ռուս մարզիկների (կոնկրետ այս դեպքում՝ Եմելինի) համար գերազանց վիճակահանություն է եղել՝ բոլոր ուժեղագույնների գցելով ցանցի մյուս հատված: Այնպես որ, Ղարբիյանի հնարավորությունները նույնիսկ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու շատ քիչ են: 

TotoGaming-ը չեմպիոնության բացահայտ ֆավորիտ է համարում Եմելինին՝ 1.3 գործակից, այնուհետև գալիս են Չոբանուն (2.3), Տասմուրադովը (2.5), Կիմ Սուն Հակը (3), Չխարտիշվիլին (3), Քամալ Քերեմը (3.5), Իվո Անգելով (4): Ավելորդ է ասել, որ բացի Եմելինից, բոլոր մյուս ըմբիշները Ղարիբյանի հետ նույն ցանցում են: Ղարիբյանի չեմպիոնության հավանականությունը TotGaming-ը գնահատում է 5 գործակցով: Մանրամասները՝ այստեղ:

77 կգ քաշային կարգում հանդես կգա Կարապետ Չալյանը: Նրան բավականին լավ վիճակահանություն է հասել: Չալյանը սկսելու է ճապոնացի Շոհեյ Յաբիկուի հետ գոտեմարտով: Վերջինս լավ ըմբիշ է, բայց նրան հաղթելը միանգամայն Չալյանի ուժերի սահմաններում է: Նույնը վերաբերում է ցանցի մյուս ըմբիշներին՝ Բոժո Ստարցևիչին (Խորվաթիա), Պավել Լյախին (Բելառուս) ու Ֆերկան Չենգիզին (Թուրքիա), որոնց Չալյանը կարող է հանդիպել քառորդ եզրափակչում: Կիսաեզրափակիչ հասնելը և օլիմպիական ուղեգիր ապահովելը Չալյանի համար նվազագույն խնդիր է, քանի որ եթե նա ավելի վաղ պարտվի, ապա նրան հաղթած մրցակցի համար էլ եզրափակիչ դուրս գալը դժվար կլինի: Կիսաեզրափակչում Չալյանի ցանցի հաղթողը կհանդիպի կորեացի Կիմին, ով օլիմպիական չեմպիոն է և վարկանիշային աղյուսակի առաջատարը: Չալյանի շուր ստեղծված աղմուկից հետո այս մրցաշարը նրա համար չափազանց կարևոր է, և հնարավորություն՝ ապացուցելու հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, որ վերջինս իրավացի չէր: Հակառակ դեպքում, խոսակցությունները նոր թափ կարող են առնել:

TotoGaming-ը քաշային կարգի ֆավորիտ է համարում օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովին՝ 1.2: Կիմի հաղթանակն ունի 2.4 գործակիցը: Այնուհետև գալիս են սերբ Նեմեսը, վրացի Բոլկվաձեն և Չալյանը, որի չեմպիոնության գործակիցը 4.5 է: Մանրամասների համար՝ այստեղ:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000