Որոնել
Արխիվ
14.09.2019  15:49

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, գոլը… Կայացավ Armenian Soccer Awards մրցանակաբաշխությունը

Կայացավ Armenian Soccer կայքի ամենամյա մրցանակաբաշխությունը՝ Armenian Soccer Awards - 2018/19: Այն անցավ Holiday Inn Express հյուրանոցում: Նման մասշտաբով մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր անցնում, և այն հնարավոր եղավ Inecobank-ի շնորհիվ, որը միջոցառման բացառիկ հովանավորն էր, Armenian Soccer Awards-ի կայքը:

Այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, մրցանակներն ավելի շատ էին: Մրցանակը՝ ոսկեջրած արձանիկները կայքի լոգոտիպի տեսքով, ստացան 2018/19 մրցաշրջանի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը, 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնության լավագույն մարզիչն ու 2018/19 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակը: Ընդ որում, եթե առաջին երեքը որոշվել էին բաց քվեարկությամբ՝ կայքում անցկացված հարցման միջոցով, ապա լավագույն գոլի հեղինակը որոշվել էր ամբողջ տարվա ընթացքում անցկացվող ակումբների ներկայացուցիչների, մարզիչների, ՀՖՖ և ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկության միջոցով:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերում հանդես եկող ակումբների ներկայացուցիչներ, տնօրեններ, գլխավոր մարզիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, գործկոմի անդամներ, ինչպես նաև զանգվածային լրատվական միկջոցների ներկայացուցիչներ: Միջոցառումը հետաքրքիր ընթացք ուներ: Նախ առաջին հատվածում ամփոփվեց 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունը՝ յուրաքանչյուր շրջանների լավագույն գոլերի տեսանյութերով: Յուրաքանչյուր շրջանի ամփոփումից հետո մրցանակ էր հանձնվում շրջանի, իսկ վերջում նաև՝ ամբողջ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին:

Հանգամանքների բերումով՝ բոլոր 4 գոլի հեղինակներն էլ չէին կարողացել ներկա գտնվել միջոցառմանը: Ջոնել Դեսիրեն Վանաձորում, իսկ Սալոմոն Իմե Ուդոն՝ Գյումրիում, պատրաստվում էին Հայաստանի առաջնության հերթական տուրի հանդիպումներին: Վահագն Այվազյանը մեկնել էր արտասահման՝ տրանսֆերի համար, իսկ Ալեքսանդր Պրուդնիոկվը հեռացել էր Հայաստանի առաջնությունից դեռևս մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն 4 ֆուտբոլիստներն էլ տեսաուղերձ էին հղել՝ իրենց շնորհակալական խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպիչներին և ֆուտբոլասերներին: Նրանց փոխարեն մրցանակները հանձնվեցին ակումբի մամուլի քարտուղարներին, ովքեր արդեն դրանք կփոխանցեն իրենց հասցեատերերին: 2018/19 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովի՝ «Արարատ-Արմենիայի» դարպասը խփած գնդակը, իսկ նրա մրցանակը ստացավ ակումբի մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանը:

Միջոցառման երկրորդ հատվածում հայտարարվեցին մյուս երեք մրցանակների անունները: 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Armenian Soccer կայքի հիմնադիր Էդգար Պետրոսյանը մի քանի օր առաջ հանձնել էր Սարգիս Ադամյանին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող Հայաստանի հավաքականի հավաքի ժամանակ, քանի որ Ադամյանը հանդես է գալիս Բունդեսլիգայում և մրցանակաբաշխության օրը գտնվում էր Գերմանիայում:

2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը: Ֆուտբոլիստը և ակումբի ներկայացուցիչները հարգելի պատճառներով չէին կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, այնպես որ մրցանակը կհանձնվի Վարդանյանին մոտ օրերս:

2018/19 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզչի մրցանակը «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին հանձնեց միջոցառման հովանավոր Inecobank-ի ռիսկերի տնօրեն Վաղինակ Խաչատրյանը: Վարդան Մինասյանն իր շնորհակալան ուղերձում նշեց, որ շատ ուրախ է ստանալու մրցանակը, ինչպես նաև կարևորեց թիմային հաջողությունները՝ նշելով, որ ֆուտբոլում անհատական մրցանակներն առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ վաստակել:

Վերջում բոլոր հյուրերի համար կազմակերպված էր հյուրասիրություն: Armenian Soccer կայքի հիմանդիր Էդգար Պետրոսյանը խոստացավ, որ մրցանակաբաշխությունը նման ֆորմատով դառնալու է ամենամյա, ավելի լայնածավալ և նոր անակնալներով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000