Որոնել
Արխիվ
03.09.2019  01:01

Մոտալուտ և կայացած գործարքներ. Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը (թարմացվում է)

02։00․ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ArmFootball.com-ն այսօր ձեզ ներկայացրեց բոլոր նշանակալի տրանսֆերային նորությունները։ Շարունակեք հետևել մեր կայքին․․․

01։58․ Ժամանակին, «Բարսելոնայի» հրաշամանուկներից մեկը համարվող Ալեն Հալիլովիչը լքեց «Միլանը»՝ համալրելով հոլանդական «Հերենվենը»։ Տեղափոխությունը կայացել է վարձավճարով։ 23-ամյա կենտրոնական կիսապաշտպանը դեռ չի կարողանում օգտագոծել իր հսկայական պոտենցիալը, որի ստվերն է այժմ մնացել։

01։56․ ՊՍԺ-ից վարձավճարով կրկին հեռացավ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խեսե Ռոդրիգեսը, ում կարիերան գնալով անկում է ապրում։ 26-ամյա ձախ վինգերը համալրեց պորտուգալական «Սպորտինգը»։

01։43․ Նեյմարը մնաց ՊՍԺ-ում։ Նա այժմ հավաքականի տրամադրության տակ է և պատրաստվում է Բրազիլիայի ընտրանու առաջիկա խաղերին։ Ամռան ամենաաղմկահարույց, ու գրեթե ամեն օր քննարկված հնարավոր տրանսֆերը դեպի «Բարսելոնա» կամ, նույնպես` «Ռեալ» և «Յուվենտուս», այդպես էլ մնաց խոսակցությունների մակարդակում։  

01։35․ Այդպես էլ տեղեկություն չեղավ Էրիկ Վարդանյանի վերաբերյալ։ «Փյունիկի» ֆուտբոլիստը մեկնել էր Մոսկվա, որպեսզի պայմանագիր ստորագրի ռուսական «Լոկոմոտիվի» հետ, բայց, ամենայն հավանականությամբ, տրանսֆերը խափանվել է։

01։31․ 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լյուդովիկ Բլասը Լիգա 2-ում հանդես եկող «Գենգամից» տեղափոխվեց Լիգա 1-ի «Նանտ»։ Տաղանդավոր ֆուտբոլիստի համար վճարվել է 8 մլն եվրո։ Դա նրա տրանսֆերային արժեքից 3 մլն-ով ավելին է։

Ահա և այն լուրը, որը սպասում էին շատերը։ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ։ 26-ամյա արգենտինացին մինչև 2022 թվականը երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ ու վարձավճարով տեղափոխվել Փարիզ։ Այնտեղ կվաստակի տարեկան 8 մլն եվրո, ևս 2 մլն՝ բոնուսների տեսքով։ Ֆրանսիական ակումբը հնարավորություն կունենա հաջորդ ամռանը գնել Իկարդիին 70 մլն եվրոյով։

01։00․ Տրանսֆերային պատուհանը բոլոր երկրներում պաշտոնապես փակվել է, բայց շատ տեղափոխություններ դեռ ակումբների կողմից չեն հայտարարվել։ Շարունակեք հետևել։

00։52․ Կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը «Գալաթասարայ» հաստատվել է պաշտոնապես և հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները։ 33-ամյա ֆուտբոլիստը ստամբուլյան ակումբը համալրել է անվճար։ Նրա հետ 3 տարվա պայմանագիր է կնքվել։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։

00։30․ «Նապոլիի» աջ վինգեր Սիմոնե Վերդին հասկացավ, որ այդ դիրքը թիմում արդեն զբաղված է Կարյեխոնի կողմից և որոշեց վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել՝ չհեռանալով Ա սերիայից։ 27-ամյա իտալացի ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանով վարձակալական հիմնունքներով հանդես կգա «Տորինոյում»։ 

00։23․ «Լեսթերի» աջ վինգեր Ռաշիդ Գեզալը վարձավճարով տեղափոխվել է Ա սերիա։ «Ֆիորենտինան» մեկ մրցաշրջանի համար վճարել է 300 հազար եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։

00։18․ «Վալենսիան» պաշտոնապես հայտարարել է «Սպորտինգի» պաշտպան Տյերրի Կորեյայի տրանսֆերի մասին։ 20-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել՝ մինչև 2024 թվականը։ Նրա հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։ «Չղջիկները» կարծես, մեծ հույսեր են կապում այս երիտասարդի հետ։

00։14․ 26-ամյա ֆրանսիացի Հենակետային կիսապաշտպան Մարիո Լեմինան լքել է «Սաութհեմփթոնը»։ Նա կարիերան կշարունակի «Գալաթասարայում»։ Տեղափոխությունը կայացել է վարձավճարով, իսկ թուրքական ակումբը մեկ մրցաշրջանի համար «սրբերին» վճարել է 1 մլն եվրո։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։

00։10․ Եվս մեկ Ռաֆինյա, բայց՝ ոչ Ալկանտարա։ Բրազիլացի 22 ամյա աջ վինգեր Ռաֆինյան լքել է պորտուգալական «Սպորտինգը»։ Transfermarkt-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է Լիգա 1-ում փայլուն մեկնարկած «Ռեն»։ Ֆրանսիական ակումբը 20 մլն եվրո է վճարել հեռանկարային ֆուտբոլիստի համար։ 

00:01. «Խետաֆեն» վարձակալել է «Չելսիի» կիսապաշտպան Քենեդիին։ 23-ամյա բրազիլացին իսպանական ակումբում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նա այդպես էլ չի կարողանում ամրապնդվել լոնդոնյան թիմում, որովհետև արդեն երրորդ ակումբ է վարձավճարվ տեղափոխվում։ Ավելի վաղ «Չելսին» նրան տրամադրել է անգլիական 2 թիմերի՝ «Ուոթֆորին» և «Նյուքասլին»։

23:51. Կայացել է խոշոր փոխանակում «Միլանի» և «Այնտրախտի» միջև։ 2 տարվա վարձավճարով իտալական ակումբ է տեղափոխվել հարձակվող Անտե Ռեբիչը, իսկ Գերմանիա նույն պայմաններով տեղափոխվել է «Միլանի» կիսապաշտպան Անդրե Սիլվան։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Միլանը» հետագայում 25-30 մլն եվրոյով կկարողանա գնել խորվաթին, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

 

22։15․ «Շալկեի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան պաշտոնապես տեղափոխվեց Ուկրաինա։ Նա կխաղա հարազատ երկրի ամենահզոր ակումբներից մեկում՝ «Շախտյորում»։ 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

21:39. ՎԵՐՋԱՊԵՍ․․․ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես համալրեց «Ռոման»։ Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Տեղափոխությունը կայացել է վարձավճարով՝ 3 մլն եվրոյով։ Բոնուսների տեսքով կարող է վճարվել ևս 100 հազար եվրո։ Հենրիխը կխաղա 77 համարի մարզաշապիկով։ Պայմանագրում նրան հետագայում գնելու կետ ներառված չէ։


21:26. «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին բուժզննում է անցել ՊՍԺ-ի համար։ La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիլան տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ տեղափոխությունը կկայանա վարձավճարով, իսկ հետագայում ՊՍԺ-ն կկարողանա արգենտինացուն գնել 65 մլն եվրոյով։ Այն կարող է բոնուսների տեսքով հասնել 70 մլն-ի։

21:08. Transfermarkt-ը տեղեկացնում է, որ «Այնտրախտի» 25-ամյա հարձակվող Անտե Ռեբիչը կարիերան կշարունակի «Միլանում»։ Նշվում է, որ տրանսֆերը կայացել է վարձավճարով։ Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

21։02․ Խորվաթ կենտրոնական հարձակվող Նիկոլա Կալինիչը պաշտոնապես պայմանագիր ստորագրեց «Ռոմայի» հետ։ «Ատլետիկոյի» 31-ամյա խաղացողի տեղափոխությունը կայացել է վարձավճարով` մեկ տարի ժամկետով։ Հռոմեական ակումբը հետագայում հնարավորություն կունենա գնել նրան 9 մլն եվրոյով։ Սպասում ենք Մխիթարյանի տրանսֆերին։

21։00․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռաֆինյա Ալկանտարան կարիերան կշարունակի «Սելտայում»։ Տեղափոխությունը կայացել է վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ կրցաշրջանի ավարտը։ Բրազիլացի 26-ամյա խաղացողի համար վճարվել է 1,5 մլն եվրո։

20:50. «Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկը վարձավճարով տեղափոխվեց «Լեյպցիգ», որը հայտարարվեց պաշտոնապես։ Մեկ տարվա տեղափոխության համար վճարվել է 3,5 մլն եվրո։ Գերմանական ակումբը հետագայում կարող է 23-ամյա ֆուտբոլիստին գնել 29 մլն եվրոյով։

20:41. «Բավարիայի» նախկին կենտրոնական կիսապաշտպան Լուիս Գուստավոն լքեց «Մարսելը»։ Նա կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայում»։ Չնայած նրան, որ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 10 մլն եվրոյից ավելի, 32-ամյա բրազիլացու համար վճարվել է ընդամենը 6 մլն եվրո։

20։27․ «Զենիթն» աջ վինգեր Էմիլյանո Ռիգոնիին հանձնեց իտալական ակումբին։ «Սամպդորիան» ձեռք է բերել խաղացողին վարձավճարով՝ մեկ տարի անց գնելու իրավունքով։

Գրեթե միաժամանակ ռուսական ակումբը հայտարարեց նոր ձեռքբերման մասին։ Թիմը հոլանդական «Վիտեսից» համալրեց աջ պաշտպան Վյաչեսլավ Կարավաևը, ով վերադարձավ հայրենիք։ Transfermarkt-ը տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիտի համար վճարվել է 8 մլն եվրո։

20:08. Սպասված աղմկահարույց փոխանակումը կայացավ։ Կեյլոր Նավասը պաշտոնապես «Ռեալից» տեղափոխվեց ՊՍԺ, իսկ Ալֆոնս Արեոլան Փարիզից հակառակ ուղղությամբ գնաց դեպի Մադրիդ։ Նավասի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ 3 տարվա ընթացքում նա կստանա 18 մլն եվրո աշխատավարձ։ «Ռեալը» տրանսֆերից ստացել է 15 մլն եվրո և վարձավճարով ձեռք բերել Արեոլային, բայց հետագայում գնելու հնարավորություն չի ունենա։ Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

20:01. Կենտրոնական հարձակվող Ֆլորին Անդոնեն հեռացավ ԱՊԼ-ից։ նա լքեց «Բրայթոնն» ու տեղափոխվեց թուրքական «Գալաթասարայ»։Տեղափոխությունը կայացել է վարձավճարով։ Ռումինիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարի համար արժեցել է 700 հազար եվրո։

19:30. «Լիդս Յունայթեդը» լքել է 30-ամյա հենակետային կիսապաշտպան Վուրնոն Անիտան և ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նա առավել հայտնի է «Նյուքասլում» հանդես գալու տարիներից։ Ժամանակին համարվում էր ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը և նույնիսկ 3 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում, իսկ այժմ մնացել է առանց ակումբ։

19:08. «Ֆիորենտինան» նշանակալի տրանսֆեր կատարեց։ Իտալական ակումբը, ով ավելի վաղ հետաքրքրված էր Դիեգո Ռոսի Մարաշլյանի ծառայություններով, նրա փոխարեն այլ երիտասարդ հարձակվող է ձեռք բերել։ Թիմը համալրել է բրազիլացի 22-ամյա Պեդրոն, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Ֆլումինենսե» ակումբում։ Ըստ Transfermarkt-ի, տրանսֆերն արժեցել է 11 մլն եվրո։ Կենտրոնական հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։

18:21. Դորտմունդի «Բորուսիայից» ֆուտբոլիստ է հեռացել։ Թիմի աջ վինգեր Մարկուս Վոլֆը հանդես կգա Բունդեսլիգան ներկայացնող մեկ այլ ակումբում՝ «Հերտայում»։ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կայացել է վարձավճարով։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։

18:05. «Վալենսիան» մինչև «Սպորտինգի» հետ Թյերի Կորրեայի տրանֆերը համաձայնեցնելը, փորձել է ձեռք բերել Մոսկվայի ԲԿՄԱ-ի աջ պաշտպան Մարիո Ֆերնանդեսին, սակայն մտափոխվել է, երբ «բանակայինները» 35 միլիոն եվրո են պահանջել:

18:00. «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն «Տամբովից» վարձակալությամբ տեղափոխվեց «Խիմկի», որը գլխավորում է երևանյան թիմում նրա հետ աշխատած Անդրեյ Տալալաևը:

17:59. ՊՍԺ-ի համար Մաուրո Իկարդիի բուժզննումը նշանակված է Երևանի ժամանակով 20:00-ին: «Ինտերից» աքսորված ռմբարկուն արդեն ինքնաթիռով Փարիզի ճանապարհին է: 

17:54. Պարզվում է, որ «Միլանն» Անտե Ռեբիչին վարձակալելու է 2 տարով (5 միլիոն եվրո), ապա հնարավորություն կունենան 20 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը: Արտակարգ պայմաններով գործարք Պաոլո Մալդինիի ու Զվոնեմիր Բոբանի կողմից: 

17:50. Դեռ հույս ունե՞ք, որ Էրիկ Վարդանյանը կտեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Անորոշություն...

17:44. Կեյլոր Նավասն արդեն լուսանկարվել է ՊՍԺ-ի մարզաշապիկով: Սպասում ենք պաշտոնական լուրին:

17:40. «Սպորտինգի» ֆուտբոլիստ Թյերի Կորեան ժամանել է «Վալենիսա», որպեսզի դառա այդ քաղաքի համանուն թիմի ֆուտբոլիստ: Տրանսֆերը կկազմի 15 միլիոն եվրո (հաշված հավելավճարները):

17:38. «Բարսելոնան» ու «Սելտան» համաձայնության հասան կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի մեկ մրցաշրջանով վարձակալության շուրջ: Բրազիլացին «Սելտայում» մեկ անգամ փայլել է, երբ գալիսիացիներին գլխավորում էր Լուիս Էնրիկեն:

17:35. «Չելսիի» ձախ պաշտպան Աբդուլ Ռահման Բաբան վարձակալությամբ կխաղա «Մալյորկայում»:

17:30. Շկրտելի փոխարեն «Ատալանտան» «Սևիլյաից» վարձակալեց Սիմոն Կյաերին:

17:22. Մարտին Շկրտելն ընդամենը 3 շաբաթ «Ատալանտայում» անցկացնելուց հետո հեռացավ ակումբից:

17:18. Մխիթարյանի վարձակալության համար «Ռոման» «Արսենալին» կվճարի 3 միլիոն եվրո:

16:54. «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն քննարկում են աջ պաշտպաններ Մատիա Դե Շիլյոյի ու Տմա Մենյեի փոխանակումը:

16:43. Բոսնիայի հավաքականի ու «Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը մոտ է վարձավճարով ադրբեջականակ «Ղարաբաղ» տեղափոխվելուն: Գործարքը նախատսված է կես մինչև հունվար: 

16:39. Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին առաջատար Մանուել Ֆերնանդեշը դարձավ Կրասնոդարի ֆուտբոլիստ: Նա ազատ խաղացողի կարգավիճակ ուներ:  

16:12. Mirror-ը գրում է, որ «Յուվենտուսը» Կրիստիան Էրիկսենի («Տոտենհեմ») հետ պայմանավորվածություն ունի մեկ տարի հետո նրան անվճար ձեռք բերելու և հսկայական աշխատավարձ վճարլու շուրջ:

16:10. «Զենիթը» պատրաստվում է 8 միլիոն եվրոյով գնել «Վիտեսի» ու Ռոսւաստանի հավաքականի աջ պաշտպան Վյաչեսլավ Կարավաևին:

16:03. «Ռոման» լուսանկար հրապարակեց Հենրիխ Մխիթարյանի բուժզննումից:

 

15:55. «Լիվերպուլի» վինգեր Ռայան Քենթը մեկ ոտքով շոտլանդական «Ռեյնջերսում» է: Նախորդ մնրցաշրջանում նա Սիթվեն Ջերարդի թիմում էր վարձակալական հիմունքներով: Այժմ ամբողջական տրանսֆերը կկազմի 8 միլիոն եվրո: 

15:40. Sky Sports-ը հերքում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման վարձակալութամբ վերադառնում է «Սելթիկ»:

15:33. «Չելսիի» վինգեր Քենեդին Իսպանիայում բուժզնում է անցնում «Խետաֆե» տեղափոխվելու համար: Վերջին 1,5 տարին նա վարձակալությամբ խաղում էր «Նյուքասլում»:

15:17. Այն բանից հետո, երբ խափանվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանատարայի տեղափոխությունը «Վալենսիա», «Սելտան» է միացել բրազիլացու համար պայքարին: Գալիսիացիները փորձելու են վարձակալել Մազինյոյի որդուն, ինչին բլաուգրանան դեմ չէ, բայց պայմանով, որ նրա մինչև այդ երկարաձգի գործող պայմանագիրը:

15:10. Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն արդեն Փարիզում է, որտեղ պայմանագիր է կնքելու ՊՍԺ-ի հետ: Տրանսֆերը կկազմի 15 միլիոն եվրո, իսկ հակառակ ուղղությամբ կմեկնի Ալֆոնս Արեոլան: 

14:49. Մեծ տաղանդ համարվող, սակայն այդպես էլ այն չցուցադրած Ալեն Հալիլովիչը «Միլանից» վարձավճարով տեղափոխվում է հոլանդական «Հերենվեն»: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է բելգիական «Ստանդարդում»: Միգուցե, Հոլանդիայի հարձակվողական ֆուտբոլում նա վերջապես «բացվի»:

14:34. «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշը հասկացավ, որ Կոստաս Մանոլասի տրանսֆերից հետո խաղալու շանս գրեթե չունի, վարձավճարով տեղափոխվեց «Սասուոլո»:

14:22. Թուրքիայի առաջնության լավագույն ռմբարկու Մբայե Դիանեն 3,3 միլիոն եվրո արժողության վարձակալությամբ տեղափոխվել է «Բրյուգե»:

14:11. Ջերոմ Բոատենգի տեղափոխությունը «Յուվենտուս» խափանվել է: Թուրինցիները չեն կարողացել պայմանավորվել «Բավարիայի» հետ:

14:06. Չիչարիտոն վերադառնում է Իսպանիա: Մեքսիկացին «Վեսթ Հեմից» տեղափոխվեց «Սևիլյա»: Տրանսֆերը կազմել է 7,75 միլիոն եվրո:

14:01. Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային հարձակվող Անտե Ռեբիչն այսօր բուժզննում կանցնի «Միլան» տեղափոխվելու համար: Երեկ նա արդեն ժամանել է Իտալիա: Հակառակ ուղղությամբ կմեկնի Անդրե Սիլվան:

13:51. Կրկին ազատ գորխակալի կարգավիճակ ստացած Կլաուդիո Մարկիզիոն կարող է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգո»: Բանակցություններն ընթացքի մեջ են:

13:44. «Ինտերն» ու ՊՍԺ-ն բանակցում են Մաուրո Իկարդիի տեղափոխության շուրջ: Սպասվում է, որ փարիզցիները կվարձակալեն արգենտինացուն և հետագայում կկարողանան ամբողջական տրանսֆերը գնել 75 միլիոն եվրոյով:

13:33. «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մարիո Լեմինան պաշտոնապես «Սաութհեմթոնից» տըեղափոխվեց «Գալաթասարայ»: 

13:27. Մատեո Դարմիանը պաշտոնապես «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Պարմա»: Տարնսֆերի գինն «ընդամենը» 1,5 միլիոն եվրո:

13:19. Մաուրո Իկարդին ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը և պատրաստվում է վարձավճարով միանալ այդ ակումբին:

13:10. Մխիթարյանն արդեն Հռոմում է և լուսանկարվել է «Ռոմայի» շարֆով:

12:54. Չեմպիոններիր լիգայում հանդես գալուց առաջ գալաթասարայը շարունակում է համալրվել: Ռադամել Ֆալկաոյի մոտալուտ տրանսֆերից զատ թուրքերը փորձում են վարձակալել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Մարիո Լենիմային:

12:40. Մաուրո Իկարդիին «Ինտերից» վերջապես բաժանելու համար պայքարում են ՊՍԺ-ն ու «Բոկա Խունիորսը»:

12:15. Եթե անմիջապես հետաքրքրվեցիք «Ռոմայի» գործերով, ահա ևս մեկ տեղեկություն: «Ատլետիկոյի» հարձակվող Նիկոլա Կալինիչն արդեն Հռոմում է և շուտով պայմանագիր կկքնի «գայլերի» հետ: Նա դառնալու է Պատրիկ Շիկի փոխարինողը, ով շատ մոտ է «ՌԲ Լեյպցիգ» տեղափոխվելուն: 

12:09. Sky Sports-ը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվելու համար այսօր մեկնում է Իտալիա:

11:55. «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում 6 ամսով շարքից դուրս մնացած Ջորջիո Կյելինիին: Չնայած նրան, որ թուրինցիների կազմում Բոնուչիից ու Դե Լիգտից բացի կան շատ գովերգված Մերիխ Դեմիրալը և հավերժ խոստումնալից համարվող Դանիելե Ռուգանին, ակումբը որոշել է այդ դիրքի ևս մեկ ֆուտբոլիստ հրավիրել: Հիմնական թեկնածուներն են Մուստաֆին («Արսենալ»), Բոատենգը («Բավարիա»), Լովրենը («Լիվերպուլ») և թիմի նախկին ֆուտբոլիստ Բենատիան:

11:47. 25 000 երկրպագու Ռադամել Ֆալկաոյին դիմավորել է Ստամբուլի օդանավակայանում, որտեղ նա ժամանել է «Գալաթասարայի» հետ պայամանգիր կնքելու համար:

11:40. Սովորաբար սկսում ենք սպասվող ինտրիգներից, բայց այս անգամ ակումբները որոշեցին այդքան չսպասել: «Նապոլին» քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց Ֆերնանդո Լյորենտեի հետ պայմանագիր կնքելու մասին: Իսպանացին նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանզի սպառվել էր «Տոտենհեմի» հետ նրա պայմանագրի ժամկետը: Դա նշանակում է, որ Իկարդիին Անչելոտիի թիմում հաստատ չենք տեսնի:

______________________________________________________

Այսօր` սեպտեմբերի 2-ին Եվրոպայում փակվում է տրանսֆերային պատուհանը: Անգլիայում այն արդեն վաղուց է փակ, իսկ այսօր տրանսֆերներ կատարելու վերջին հնարավորությունն ունեն Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելգիայում...

ArmFootball.com-ն այսօր ամբողջ օրը ձեզ կներկայացնի մոտալուտ ու կայացած տրանսֆերները, ինչպես նաև կանրադառնա այլ տրանսֆերային լուրերի:


Հայկ Հովհաննիսյան, Ջիվան Օհանյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000