Որոնել
Արխիվ
27.08.2019  15:58

Լևոն Ջուլֆալակյան. «Եթե մարզիկը կարծում է, որ արդեն լիարժեք գիտի մարզչական գործը, ուրեմն ես անելիք չունեմ»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը բացատրել է իր հրաժարականի պատճառները, հաղորդում է ArmFootball.com-ի թղթակիցը:

- Այսօր ես հրաժարական եմ տալիս, դրա համար կան բազմաթիվ պատճառներ:

Հավաքականը գլխավորելու այս 20 տարիների ընթացքում ձեռք է բերվել 70 մեդալ: Երբեք, առ այօսր խնդիր չեմ ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ ՀԱՕԿ-ի, ոչ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Երեք ղեկավար կողմերին էլ հաճելի չէ իմ հրաժարականի պահը, ոչ ոք կողմ չէր, բայց որոշումը ես եմ կայացրել: Հուսով եմ և համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է:

Հիմնականում պատճառն այն է, որ վերջին ամիսներին տարաձայնություններ են լինում մարզիկների միջև: Որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի կազմը, հավաքների օրերը, մրցումների մասնակցությունը, կազմը այդ մրցումներին պետք է որոշեն հենց իրենք մարզիկները: Ինչ-որ տեղ հասկանալի է, ինչ-որ տեղ անհասկանալի, բայց, եթե մարզիկները բաժանվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր մարտունակությունը, և նման հավաքականի հետ աշխատել ես չեմ կարող, քանի որ ես իմ աշխատանքային տարիների ընթացքում եղել եմ պահամջկոտ, ձգտել եմ հասնել լավագույն արդյունքների, պահանջել եմ բոլորից, նույնն էլ արել եմ ես: Եթե կան հավաքականի կազմում մարզիկներ, ովքեր կարծում են, որ արդեն լիարժեք գիտեն մարզչական գործը, լիարժեք պատկերացնում են, թե ինչպես պետք է պատրաստվեն, ելույթ ունենան, նման պարագայում մարզչի դերը վերանում է, և նման պարագայում ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը: Որպեսզի հետագայում մեր հավաքականի լավ արդյունքները շարունակական լինեն, ցանկանում եմ, որ հավաքականն ունենա ավելի լավ պատրաստած մարզիչ, ով կկարողանա ավելի շատ մեդալներ բերել և ավելի շատ ուրախացնել մեր ազգին: Ես արել եմ ամեն ինչ, տվել եմ ինչ կարողացել եմ՝ նաև առողջությանս գնով:

Հասկանալին այն է, որ կան մարդիկ, ովքեր ձգտում են զբաղեցնել իմ դերը, և պատկերացնում են, որ ամեն ինչ արդեն կառուցված է, հիմքը կա, և դրա վրա շարունակել այս մի տարին հեշտ կլինի: Այդ հիմքի վրա շարունակեն հաջողությունները: Կան մարզիկներ, ովքեր ունեն ներքին դժգոհություն՝ պատկերացնելով, որ մարզիչը պետք է բոլորի համար խոնարհ ծառա լինի, շարժվի իրենց ցանկությամբ՝ անկախ մարզիկի պատրաստականությունից;

Անհասկանալի է անշնորհակալ վերաբերմունքը: Ես երախտապարտ եմ բոլոր մարզիչներին, ովքեր իմ աշխատել են, ովքեր խիստ ու պահանջկոտ են եղել իմ նկատմամբ: Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ իրենց անձն է հասել այդ բարձունքին, ոչ թե հասցրել են: Ամեն մեկն ունի իր չափորոշիչները, տա Աստված ամեն ինչ լավ լինի: Անուններ նշել չեմ ուզում:

Մարզչական կազմը փորձել է ինձ համոզել, որ նման պարագայում, երբ երկու ամիս է մնացել առաջնությանը (ես այսօր չեմ որոշել, մեկ ամիս առաջ եմ որոշել հրաժարականի մասին), չարժի հրաժարական տալ: Այս ամենը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ես չեմ կարող նման պարագայում աշխատել մի կազմի հետ, որը ներքին խոհանցում որոշում է, թե մարզումներին ով մասնակցի, ով ոչ: Ես չեմ կարող աշխատել այն կազմով, որը նման քայլեր է անում: Մարզիչներն էլ ցայտնոտի մեջ են:

Սա սկսվել է մոտ մեկ ամիս առաջ, հուլիսի 15-16-ից: Օր-օրի ամեն ինչ արվում էր, որ իմ տրամադրությունը փչացվեր: Ես շուտ կհրաժարվեի, ըմբիշների մի խումբ փորձեց հասկացնել մարզիկներին, բայց ստացվեց, որ իրենք իրենց որոշման մեջ մնացին անսասան: Քայլեր է արվել նաև ՀԱՕԿ-ի կողմից, պարոն Ծառուկյանն ասել է մի հրաժարվի, պետք չէ, բայց ես կարողացա նրան բացատրել ու հիմնավորել իմ մոտեցումը: Նույնը նախարարության պարագայում:

Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում առ այսօր ոչ մի մեդալ չի նվաճել: Իր արդյունքները եղել են 80-82 կգ քաշային կարգերում: Լավ մարզիկ է, տաղանդավոր, տվյալներով, բայց կա նաև Արթուր Շահինյան, ով 2 անգամ Եվրոպայի բրոնզե մեդալակիր է դարձել, և վերջին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Եթե կա պայքար, դրանից խուսափել չի կարելի: Իսկ եթե մարդիկ ասում են, որ ենթադրաբար ես ուժեղ եմ.... Եթե մարզիկը մյուսին հաղթում է անձնական գոտեմարտում, դեռ չի նշանակում, որ միջազգային ասպարեզում կարող է հաջողություն ունենալ: Արթուր Շահինյանը վերջին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է: Ես դեմ եմ եղել, որ Մանուկյանը մասնակցի Եվրոպական խաղերին: Հիմնական շարժը սկսվել է այստեղից: Ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ Մանուկյանը մասնակցի: Թե ինչպես է մասնակցել, գիտեն բոլորը: Ինձ համար անուն-ազգանուն-հայրանունը կապ չունի: Ինձ միայն հետաքրքիր է մարզիկի նվաճումները: Ես իմ գործով եմ ապացուցել, որ կողմնապահություն չեմ անում:

Արսեն Ջուլֆալակյան – Կարապետ Չալյան դիմակայության մասին խոսելով՝ ես հպարտանում եմ, որ Արսենը նման հաջողությունների է հասել: Նա իր անցած ճանապարհով արդեն 13 մեդալ է բերել տարբեր մրցաշարերից: Բոլոր մրցումներին, որոնց մասնակցել է կամ մեդալ է բերել, կամ մոտ է եղել: Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016թ.-ի Եվրոպայի առաջնությունում՝ Օլիմպիական խաղերից առաջ, երբ Եվրոպայի առաջնությունում հիմնականում թույլ կազմ է եղել: Դրանից հետո նրան հնարավորություն է տրվել մասնակցել 2017թ.-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: 2018թ.-ին մասնակցել է Եվրոպայի ո աշխարհի առաջնություններին, նույն պատմությունը կրկնվել է այդտեղ: Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի այս տարվա առաջնությունից վերադառնում է բրոնզե մեդալով: Ըստ ձեզ, այս պարագայում ու՞մ է տրվում առավելությունը: Ինձ թվում է, որ նման պարագայում առավելությունը տրվում է այն մարզիկին, ով ավելի հաջող է հանդես գալիս միջազգային մրցասպարեզում:

Ինչ վերաբերում է նրանց միջև գոտեմարտերին: Առաջին դեպքում Հայաստանի առաջնությունում Չալյանը հաղթեց բազմաթիվ խախտումներով: Կիևի մրջազգային մրցաշարում Չալյանը հաղթում է 2-0, մի նկատողություն տվել էին Արսենին, հավասար գոտեմարտում երկրորդ նկատողությունը չեղավ, ես բողոքարկեցի: Հավասար գոտեմարտում հաղթանակը տրվեց Չալյանին: Արսենը իսկապես պարտվել է Չալյանին Բուլղարիայի մրցաշարում, որից հետո Չալյանը մեկնեց աշխարհ առաջնության: Վերջին գոտեմարտում՝ ստուգողական գոտեմարտում, հաշիվը 2-2 էր: Նրանք վաղուց են ճանաչում իրար, նման իրավիճակում, հնարավոր է, մի մարզիկը մյուսին հաղթի՝ լավ ճանաչելով նրան: Բայց մեր նպատակը ո՞րն է: Որ ներքին ասպարեզում լավ գոտեմարտեր ունենալ: Թե՞ նպատակն է միջազգային ասպարեզում հաջողություններ ունենալ: Ես իմ օրինակի վրա էլ կարող եմ բերել, որ ԽՍՀՄ տարիներին, երբ ոչ մեկի հարազատն ու բարեկամը չէի, ԽՍՀՄ առաջնությունում գրավել եմ 2-3-րդ տեղեր, բայց միջազգային ասպարեզում հաղթանակներ եմ տարել:

Ես միշտ հրավերներ ունեցել եմ տարբեր երկրներից, լուրջ հրավերներ, բայց, լինելով, իմ երկրի նվիրյալ, հաշվի չեմ առել ոչ մի բան, աշխատել եմ մեր ազգային հավաքականում: Փորձել եմ աշխատել անմնացորդ նվիրմամբ: Կլինեն առաջարկներ, թե ոչ, չգիտեմ, առաջիկայում ես որոշել եմ հանգստանալ: Առաջարկների մասին դեռ շուտ է խոսել:

Թե ում կվստահվի հավաքականը, ես չգիտեմ: Պարզապես կուզենամ, որ ճիշտ մարդու վստահվի, որ այս աշխատանքը ջուրը չընկնի:

20 տարիների ընթացքում իմ աշխատանքում սկզբունք է եղել, եթե մարզիկը Եվրոպայի առաջնությունից վերադառնում է մեդալով, ապա մեկնում է աշխարհի առաջնության: Նման կերպ շարունակել ենք աշխատանքը, արդյունքները բոլորդ գիտեք: Եվրոպական խաղերից առաջ Չալյանը մարտ ամսին ստացել էր լորջ վնասվածք: Մինչև Եվրոպական խաղերը չի մասնակցել որևէ մրցաշարի: Եվրոպական խաղերին նախատեսել էին ավելի երիտասարդ ըմբիշի ուղարկել, սակայն երբ վերջինս երիտասարդների առաջնությունում անհաջող ելույթ ունեցավ, փոխեցի որոշումս, որ ուղարկենք Արսեն Ջուլֆալակյանին: Չալյանը մոտեցավ ինձ, խնդրեց մասնակցել Եվրոպական խաղերին: Ասացի, որ պետք է մարզման մեջ տեսնեմ, որ որոշեմ: Մարզումներից և Արսենի հետ զրուցելուց հետո Արսենը մեծահոգության դիմեց, զիջեց իր տեղը: Ես Կարապետ Չալյանի հետ առանձին զրուցել եմ, եղել է նաև մարզիչներից մեկը: Ասել եմ, որ իրեն տրվում է հնարավորություն, բայց կա մի պահ, որը պետք է լիարժեք պատկերացնել: Շատ երկրների առաջին համարները չէին մասնակցում Եվրոպական խաղերին: Ասացի, որ ցանկանում եմ նման կազմով, որ մեդալով վերդառնաս, նույնիսկ ոսկե մեդալով: Բայց 2017 և 2018թթ.-երի առաջնություններից վերադարձել ես պարտություններով, և ես այսօր չեմ կարող քեզ ուղարկել աշխարհի առաջնությունից: Ասաց այո, շնորհակալ եմ, խնդիր չկա: Բայց, վերադառնալով Մինսկից, իր պահանջներն է առաջարկում: Ինչքանո՞վ է դա բարոյական:

Հավաքականից նեղացած չեմ: Նեղացած եմ մարդկանցից, ովքեր մոռանում ե անցած ճանապարհը: Խոսք կա, որ անշնորհակալ մարդը հրեշից դաժան է: Ինձ համար նման մարդու հետ մնում է միայն ծանոթություն: Հավաքականում կան մարզիկներ, ովքեր ինձ սիրում, հարգում են, ես էլ միշտ պատրաստ եմ օգնել նրանց: Ես հեռանում եմ բավարարված, արել եմ ամեն ինչ, որ կարողացել եմ: Իսկ անհատը մնում է անհատ՝ իր մոտեցումներով, կյանքն էլ իրենց ճանապարհը կուղղի այն ընթացքով, որով իրենք են ցանկանում:

Կվերադառնա՞մ, եթե մարզիկները ներողությու՞ն խնդրեն: Ոչ մի բան բացառված չէ, բայց առաջիկա մեկ տարին հաստատ չեմ վերադառնա: Հետո՝ կերևա,- նշել է Ջուլֆալակյան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000