Որոնել
Արխիվ
25.08.2019  10:32

Արմեն Պետրոսյան. «Ցանկանում եմ, որ մեր երկու դարպասապահները հրավիրվեն Հայաստանի հավաքական»

«Գանձասար-Կապանի» փաստացի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը Բարձրագույն խմբի չորրորդ տուրի «Ուրարտուի» դեմ արտագնա խաղի (1:1) ու թիմի այլ հարցերի վերաբերյալ կարծիք է հայտնել: Մարզչի խոսքերն է մեջբերել «արջերի» մամուլի ծառայությունը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին կեսում մենք նորմալ կերպով վերահսկում էինք խաղի ընթացքը, մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեցինք, փորձում էինք հաջողության հասնել հակագրոհների շնորհիվ, եղան դրվագներ, որոցնում կարող էինք զարգացնել մեր գրոհները, բայց ինչ-որ բան չէր ստացվում։ Երկրորդ կեսում բաց թողած գոլից հետո լավ է, որ կարողացանք շուտ վերականգնել հաշիվը, խաղի վերջնամասում «Ուրարտուն» մեծացրեց ճնշումը։ Լավ է, որ գնդակ բաց չթողեցինք։ Մրցակցի՝ փոխարինման մտած ֆուտբոլիստները բավականին ակտիվացրին խաղը, իսկ մեր մասին հակառակը կասեմ։ Մեր փոխարինողների գործողություններում ինչ-որ բան չէր ստացվում։ Մենք կվերլուծենք, կզրուցենք տղաների հետ ու առաջ կընթանանք»։

ԳՐԻԳՈՐ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղից հետո առանձնազրույց եմ ունեցել Մելիքսեթյանի հետ։ Ասացի, որ նման իրավիճակներում ավելի լավ է գցել խաղի տեմպը, որովհետև դարպասի ուղղությամբ ճնշում կա։ Ես հասկանում եմ նրան, նա ավելի շատ ուզում էր, որ մենք հաղթենք։ Բայց լինում են խաղեր, որոնցում ըստ իրավիճակի պետք է հասկանաս, որ ոչ-ոքի ելքը մեզ համար էլ ձեռնտու է, քանի որ մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում, պահը հաջորդում էր մեկը մյուսին։ Փառք Աստծո գնդակ բաց չթողեցինք ու ոչ-ոքի գրանցվեց։ Մենք դեռ կվերլուծենք այս խաղը և նրա սխալները ցույց կտանք նրան»։

ԵՐՐՈՐԴ ՈՉ-ՈՔԻԻ ՄԱՍԻՆ

«Մենք ամեն օր քրտնաջան մարզվում ենք, ձգտում ենք հաղթանակի։ Այս խաղից առաջ էլ, երբ զրուցում էինք, նշում էինք, որ նպատակադրված գնում ենք հաղթանակի հետևից։ Դեռ հաղթելը չի ստացվում, բայց կվերլուծենք մեր սխալները։ Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, հնարավոր է, որ համալրվենք եզրային կամ հարձակման գծի ֆուտբոլիստով։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ բանակցում ենք։ Ուզում ենք ուժեղացնել մեր խաղը հարձակման գծում»։

ԱԴՋՈՒՄԱՆԻԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք չխաղացինք երկու հարձակվողով։ Ուզում էինք, որպեսզի Ադջումանին առջևի գծում միայնակ գործի, բայց հաշվի առանք Կարիմ Նիկիեմայի վնասվածքը, դրա համար էլ Ադջումանիին խաղադաշտ մտցրինք, մենք ուզում էինք խաղադաշտ դուրս բերել Արթուր Գրիգորյանին, բայց եթե նա խաղար, ապա ուրիշ նպատակով։ Մի խոսքով Նիկիեմայի վնասվածքը փոխեց մեր պլանները։ Հնարավորություն տվեցինք Ադջումանիին, իսկ Անդրանիկ Քոչարյանին էլ հրահանգեցինք խաղալ ենթահարձակվողի դիրքում»։

ԹԻՄԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք ունենք երկու հավասարազոր դարպասապահ, որոշում կայացնողները հավաքականի մարզիչներն են։ Երկու դարպասապահներն էլ անձնվիրաբար մարզվում են, իսկ խաղերի ընթացքում անմնացորդ նվիրվում են։ Մնացածը արդեն հավաքականի մարզիչների որոշելիքն է։ Իմ ցանկությունը կլինի այն, որ երկուսն էլ հրավիրվեն հավաքական»։

ԱԲԴՈՒԼ ԿԱՐԻՄ ՆԻԿԻԵՄԱՅԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մեր թիմում ոչ մեկի տեղը մեկնարկային կազմում ապահովագրված չէ։ Ես գոհ եմ նրա խաղից, բայց մարզումների ընթացքում նա պետք է ապացուցի, որպեսզի հաջորդ խաղում էլ վստահենք։ Մենք այդպես ենք ընտրում մեկնարկային կազմը, ամեն դիրքի համար ունենք երկու ֆուտբոլիստ, ես նման մոտեցումը ճիշտ եմ համարում։ Կա մրցակցություն։ Մենք միայն այդ կերպ կարող ենք առաջադիմել»։

ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

«Խաղի արդյունքից բնականաբար գոհ եմ, քանի որ մրցակցի կողմից գործադրած մեճ ճնշումը կարող էր գոլի հանգեցնել։ Այս խաղից ելնելով 1-1-ը մեզ համար լավ արդյունք է։ Ուղղակի ցանկությունը մեծ էր, որ փոխարինման մտած ֆուտբոլիստները ավելի ակտիվացնեին խաղը հարձակման գծում»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ՝ ԹԻՄԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աննան Մենսահը ընդամենը երկու օր էր մարզվել թիմի հետ։ Մենք ռիսկի դիմեցինք նրան մեկնարկային կազմում ընդգրկելով։ Կարծում եմ, որ նորմալ ֆուտբոլ ցուցադրեց, բայց ոչինչ մի խաղով չի վճռվում, նա պետք է կայուն ֆուտբոլ ցուցադրի»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000