Որոնել
Արխիվ
16.08.2019  10:12

Ալեկո Էսկանդարյան. «Խաղադաշտի հետևում Արարատ լեռն էր. միայն երազում եմ նման բան տեսել»

Հայաստանում և Արցախում ընթացող Համահայկական խաղերին է մասնակցում նաև անվանի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Էսկանդարյանը: MLS-ի նախկին լավագույն հարձակվողներից մեկը հանդես է գալիս «Հոլիվուդ» թիմում, որի կազմում երեկ` օգոստոսի 15-ին մասնակցեց ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակչին: «Բարնաուլի» դեմ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով և հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում: Ալեկոն անվրեպ էր առաջին հարվածի ժամանակ, սակայն նրա թիմակիցները երկու անգամ վրիպեցին ու պարտվեցին: ArmFootball.com-ը հարցազրույց վերցրեց ճանաչված ֆուտբոլիստից Համահայկական խաղերի, Հայաստանի և այլ թեմաների մասին:

- Ի՞նչ տպավորություններ ունեք կիսաեզրափակիչ մրցավեճից:

- Լավ խաղ էր: «Բարնալուլը» լավ թիմ է: Մեր թիմը նույնպես լավ հանդիպում անցկացրեց: Հասանք մինչև 11-մետրանոց հարվածաշար, բայց մեր օրը չէր:  Ուրախ եմ մեր թիմի համար, կռվեցինք մինչև վերջ: Մեզ համար լավ մրցաշար էր, հասանք մինչև կիսաեզրափակիչ, շատ գոհ ենք:

- Խաղից առաջ պատրաստվե՞լ էիք հնարավոր 11-մետրանոց հարվածաշարին:

- Ոչ: Այդքան շատ մարզումներ չենք անցկացրել: Հավաքվել ենք ԱՄՆ-ի տարբեր տեղերից, շատերն առաջին անգամ են միմյանց հանդիպել: Ի տարբերություն «Բարնաուլի», միասին երկար չենք խաղացել: Այնուամենայնիվ, մրցաշարում հեռու հասանք: 11-մետրանոցներում էլ մանրուքները որոշիչ դարձան:

- Ձեր խաղն ինչպե՞ս եք գնահատում:

- Արդեն ծերացել եմ, 37 տարեկան եմ (ծիծաղում է-խմբ.): Նախկինի պես չեմ կարողանում արագ շարժվել: Ուժերիս չափով վազեցի ու երեխաների հետ խաղացի:

- Համահայկական խաղերից ի՞նչ տպավորություն ստացաք:

- Լավ: Մյուս մարզաձևերին չեմ հասցրել հետևել, բայց խաղադաշտերը շատ լավն էին: Էջմիածնում խաղ ունեինք, դաշտի հետևում Արարատ լեռն էր: Միայն երազումս եմ նման բան տեսել: Մրցաշարում բոլորը շատ բարի էին ու լավ էին վերաբերվում:

- Ձեր` «Հոլիվուդ» թիմի մասին: Ինչպե՞ս այն կազմավորվեց: Կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր պրոֆեսիոնալ են կամ եղել են:

 - Կարծում եմ` պրոֆեսիոնալ միայն ես եմ եղել: Միգուցե, մեր 1-2 ֆուտբոլիստներ Հայաստանում կամ Իրանում մի փոքր խաղացել են պրոֆեսիոնալ մակարդակում, բայց շատերը երիտասարդ են` 19-20 տարեկան, երբեք պրոֆեսիոնալ չեն խաղացել: Հպարտ եմ, որ նրանց հետ եմ խաղում, մի փոքր նրանց սովորացնում և ցույց եմ տալիս ֆուտբոլը, որ նրանք էլ հետագայում իրենց երեխաներին ու ընկերներին այդ փորձը փոխանցեն:

- Առաջի՞ն անգամ եք Հայաստանում:

- Երկրորդ: Առաջին անգամ երկու տարի առաջ էի եկել: Այս անգամ ծնողներիս նույնպես բերել եմ հետս: 15-16 տարեկանից հետո նրանք առաջին անգամ էին Հայաստանում: Շատ ուրախ ենք, որ կարողացանք գալ: Եղանակը շատ լավ է. շատ շոգ չէ, շատ ցուրտ չէ:

- Իսկապե՞ս Ձեզ համար այստեղ շոգ չէ:

- Ոչ (ծիծաղում է): Այստեղ Նյու-Յորքից եմ եկել: Այնտեղ 100 ֆարենհայթ աստիճան էր (37,7 աստիճան ցելսիուսով-խմբ.):

- Հայաստանն ինչպիսի՞ տպավորություն թողեց:

- Նախորդ անգամվա համեմատ մեծ փոփոխություններ են եղել: Արդեն կարող ես տեսնել, որ ժողովուրդը հույս ունի: Խոսել եմ այստեղ բնակվող մարդկանց հետ: Բոլորը սպասում են, որ երկրում մի մեծ բան է լինելու: Փաշինյանը վերև է բարձրացել: Հուսով եմ` կթողնեն իր գործն անի և մեծ գործեր կատարի Հայաստանի համար:

- Մի փոքր էլ խոսենք Ձեր կարիերայի մասին: Գո՞հ եք այն ինչպես դասավորվեց:

- Այո, գոհ եմ: Մինչև 27 տարեկան եմ խաղացել, բայց հենց այդ ժամանակ էր իմ «փրայմը» (մարզավիճակի գագաթնակետը-խմբ.): Հենց այդ ժամանակ պետք է վեր բարձրանայի մինչև ազգային հավաքական, բայց ֆուտբոլիստի կյանքը նաև այնպես էր, որ վնասվածքներ կան: Դու վերևում ես կամ ներքևում: Պետք է մարմինդ ու ֆունկցիոնալ վիճակդ միշտ լավ պահես: Բախտս չբերեց, որ գլխի վնասվածք ստացա: Բժիշկներն ասացին այլևս չեմ կարող շարունակել կարիերաս:

Այնուամենայնիվ կարիերայիս այդ կարճ 8 տարիների ընթացքում այնպիսի նվաճումների եմ հասել, որ շատերը երազում չեն տեսնում: Մադրիդի «Ռեալին» գոլ եմ խփել, ԱՄՆ-ի հավաքականի կազմում եմ հանդես եկել, MLS-ում խաղացել եմ, խոշոր մրցաշարերի մասնակցել եմ… 

Իհարկե, շատ ավելին կարող էի անել: Կցանկանայի հատկապես Հայաստանի համար շատ բան անել, բայց կփորձեմ դա ապագայում կատարել:

- Մի քանի տարի առաջ մարզիչ էիք աշխատում: Հիմա ինչո՞վ եք զբաղվում: 

- Հիմա MLS-ի գրասենյակում եմ աշխատում: Զբաղվում եմ սկաութինգով ու պայմանագրերով: Երբ նոր ֆուտբոլիստ է գալիս լիգա, հետևում եմ նրա խաղին: Իմ պարտավորությունն է հետևել բոլոր թիմերին և գնահատել նրանց նորեկների խաղամակարդակը: Հուսով եմ` ապագայում մեկ թիմ էլ ես կմարզեմ և կտեսնեմ որքան կարող եմ առաջ գնալ:

- Դուք Յուրա Մովսիսյանի հետ լավ հարաբերությունների մեջ եք: Նա մոտ մեկ տարի է առանց ակումբի է: Ի՞նչ պետք է անի, որ մեծ ֆուտբոլ վերադառնա:

- Ինչպես նշեցի, ֆուտբոլիստի համար մարմինն ամենակարևորն է: Յուրան մի քանի վնասվածքներ է ստացել, դժավորություններ է ունեցել: Կարևորն այն է, որ ընտանիքի հետ լինի և առողջ լինի: Եթե կարողանա նաև ֆուտբոլը շարունակի և դա հաջող անի, շատ ավելի լավ կլինի: Յուրան դեռ մի քանի տարի ունի, որ կարող է խաղալ: Հուսամ` թիմ կունենա և առաջ կգնա:

- Մովսիսյանի համար հե՞շտ կլինի Հայաստանի հավաքական վերադառնալ:

- Չգիտեմ, չգիտեմ: Երիտասարդների մեջ շատ չեմ տեսել, որ անուն հանեն, առաջ գնան, ցույց տան, որ ապագայի խաղացող են: Հայաստանի հավաքականի խաղերը նայում եմ. մի ֆուտբոլիստ մեկ հանդիպում լավ է անցկացնում, հետո երկու խաղ նրանից ոչինչ չեմ լսում: Մխիթարյանն էլ հիմա 30-ն անց է: Մեր երիտասարդները պետք է շուտ մեծանան և իրենց անունները ստեղծեն: Ես և Յուրան միայն ուրախ կլինենք:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000