Հզոր ֆինիշ. Արոնյանը՝ Սենթ-Լուիսի մրցաշարի չեմպիոն
Սենթ-Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի հերթական փուլի խաղարկությունը, որտեղ շախմատիստները միմյանց հետ մրցում էին արագ և կայծակնային շախմատի կանոններով:
Ինչպես հայտնի է, արագ շախմաիտ մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրեց առաջին տեղը, սակայն բլից շախմատի մրցաշարի առաջին օրից հետո նահանջեց երկրորդ հորիզոնական՝ կես միավորով հետ մնալով զիջելով Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Երեկ տեղի ունեցան բլից մրցաշարի վերջին 9 տուրերը: Արոնյանը մեկնարկում սևերով զիջեց Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան), հաջորդ տուրում սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին (երրորդ անգամ այս մրցաշարի ընթացքում), դրանից հետո սևերով պարտության մատնեց չինացի Դին Լիժենին և միավորներով հավասարվեց Վաշյե-Լագրավին:
Հաջորդ 3 տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի, Յու Յանյիի և Լինիեր Դոմինգեսի հետ, 25-րդ տուրում սևերով պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ հետո ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: Վերջին տուրից առաջ Արոնյանն ուներ 22 միավոր, Յու Յանյին՝ 21, Վաշյե-Լագրավն ու Դին Լիժենը 20.5-ական միավոր: Վերջին տուրում Լևոնը սպիտակներով պարտվեց Վաշյե-Լարգավին, իսկ Յու Յանյին ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ:
Այսպիսով, Արոնյանը բլից մրցաշարում վաստակեց 9 միավոր և Կառլսենի հետ միասին կիսեց 4-5-րդ տեղերը, իսկ երկու մրցաշարերի հանրագումարով վաստակած 22 միավորով Արոնյանը ճանաչվեց Սեն-Լուիսի մրցաշարի հաղթող: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 37 500 ԱՄՆ դոլլար, ինչպես նաև Grand Chess Tour-ի 13 միավոր: Այժմ Լևոնը ընդհանուր Tour-ում 24 միավորով 3-րդ տեղում է (14 միավորով հետ է մնում Կառլսենից, 9.3 միավորով՝ Վաշյե-Լագրավից): Ընդհանուր առմամբ, Արոնյանը տուրում վաստակել է 72 000 ԱՄՆ դոլլար
Երկու օրից նույն Սենթ-Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour-ի հերթական փուլը՝ այս անգամ դասական շախմատի կանոններով: Առաջին տուրում Լևոնը սպիտակներով կհանդիպի Վաշյե-Լագրավի հետ: