Որոնել
Արխիվ
08.08.2019  23:58

ԱՊԼ-ի տրանսֆերային վերջին օրը. Կայացած և մոտալուտ գործարքները

01:00. Այսքանով ավարտում ենք մեր տրանսֆերային օնլայնը: Շնորհակալություն, որ մեզ հետ էիք:

00։50․ Ինչպես տեղեկացրել էինք՝ «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին տեղափոխվեց «Էվերթոն»։ Լուրը հաստատվեց պաշտոնապես։ 23-ամյա ֆուտբոլիստի համար, ըստ ոչ պաշտոնական տվյալների, վճարվել է 43,4 մլն եվրո։

23։41․ «Արսենալը», ինչպես սպասվում էր, ձեռք բերեց «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսին։ Նրա համար վճարվել է ընդամենը 8,7 մլն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։ 30-ամյա խաղացողը հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։

22։46․ 33-ամյա դարպասապահ Սքոթ Կարսոնը վարձավճարով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»՝ հեռանալով «Դերբի Քաունթիից»։ Մանչեսթերցիները պահեստային դարպասապահների խնդիրը նույնպես լուծեցին։

22։41․ «Նյուքասլի» աջ վինգեր Յակոբ Մերֆին տեղափոխվեց «Շեֆֆիլդ Ուենսդեյ»։ 24-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով է տեղափոխվել այլ իր նոր ակումբ։

22։36․ «Լեսթերը» հայտարարեց, որ «Սամպդորիայից» ձեռք է բերել Դեննիս Պրատին։ 25-ամյա բելգիացի կիսապաշտպանը դարձավ «աղվեսների» 4-րդ ձեռքբերումն այս ամռանը։ Նրա համար վճարվել է 20,5 մլն եվրոյից ավելի։

22։ 32․ Էնդի Քերրոլն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Նյուքասլ»։ 30-ամյա հարձակվողը վերջերս «Վեսթ Հեմից» հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակում։

22:27. «Էվերթոնից» հեռացավ 26-ամյա հենակետային կիսապաշտպանը՝ Մուհամեդ Բեշիչը։ Նա վարձավճարով հանձնվեց ԱՊԼ-ի նորեկին՝ «Շեֆֆիլդին»։

22։14․ «Չելսիի» կիսապաշտպան Դենի Դրինկուոթերը վարձավճարով տեղափոխվեց «Բարնլի»։ 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։ 

21։58․ «Արսենալը» տեղ ազատեց Նիկոլա Պեպեի համար՝  վինգեր Ալեքս Իվոբիին ուղարկելով «Էվերթոն», որը չկարողացավ գնել Ուիլֆրիդ Զահային։ Այդ մասին դեռ պաշտոնապես հայտարարված չէ, բայց BBC-ն նշում է, որ շուտով  կհայտարարվի։ Նշվում է, որ տրանսֆերն արժեցել է մոտ 43,5 մլն եվրո։

21։00․ «Տոտենհեմը» եվս մեկ խոշոր ձեռքբերում կատարեց։ Լոնդոնցիները «Բետիսից» վարձակալեցին Ջովանի լո Չելսոյին։ Պայմանագիրը մեկ տարով է նախատեսված, որում, ամենայն հավանականությամբ, հետագայում գնելու կետ կա։ Առայժմ տրանսֆերի մանրամասներն անհայտ են։

20։54․ «Տոտենհեմը» 27 մլն եվրոյով գնեց «Ֆուլհեմի» ձախ կիսապաշտպանին՝ Ռայան Սեսենյոնին, ով հիանալի է խաղում նաև ձախ պաշտպանի դիրքում։ Նրա հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։

 

20։00։ Տրանսֆերային պտուհանն Անգլիայում պաշտոնապես փակվեց։ Այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկությունները կշարունակեն հայտարարվել մինչև ուշ երեկոյան։ Շարունակեք հետևել․․․


19։58․ Տրանսֆերային պատուհանի փակվելուց րոպեներ առաջ «Արսենալը» հայտարարեց նոր ձեռքբերման մասին։ Ինչպես սպասվում էր, 22-ամյա ձախ պաշտպան Կիրան Թիրնին «Սելթիկից» տեղափոխվեց Լոնդոն։ Ըստ Transfermarkt-ի, տրանսֆերն արժեցել է 27 մլն եվրո։

19։55․ 24-ամյա կենտրոնական կիսապաշտպան Մատտեո Պենինգթոնն «Էվերթոնից» վարձավճարով տեղափոխվեց «Հալլ Սիթի»։

19։32․ «Ժիրոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրո Պորրոն համալրեց «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական ակումբը հասցրեց ձեռք բերել խաղացողին տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։ Սպասվում է, որ նա վարձավճարով կհանձնվի «Վալյադոլիդին»։

19։25․ 30-ամյա հարձակվող Չարլի Օսթինը լքեց «Սաութհեմփթոնը» նա տեղափոխվեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Վեսթ Բրոմվիչ», որը ֆուտբոլիստի համար վճարեց 4,5 մլն եվրո։

19։20․ Ուիլֆրիդ Զահան չի հեռանա «Կրիստալ Փելեսից»։ ԳԼխավոր մարզիչ Ռոյ Հոչսոնը նշեց, որ ֆուտբոլիստը դժգոհ է թիմի որոշումից։ Նա ցանկանում էր հեռանալ։

19։13․ Ինչպես սպասվում էր՝ Աարոն Մույը «Հադերսֆիլդից» պաշտոնապես տեղափոխվեց «Բրայթոն»։ Գործարքը կայացավ վարձակալական հիմունքներով։ 

19։10․ «Արսենալի» երիտասարդ տաղանդներից մեկը՝ Էդդի Նկետիան, վարձավճարով հանձնվել է ԱՊԼ-ի նորեկին՝ «Լիդսին»։ Այդ մասին պաշտոնապես հայտարարեց «Լիդսի» մամուլի ծառայությունը։

19։00․ Սպասվելիք խոշորագույն տրանսֆերներից մեկը կայացավ։ «Ինտերը» հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու մասին։ Առայժմ գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ ««Ինտերը» բոլորի համար չէ։ Ահա, թե ինչու եմ ես այստեղ»,- հայտարարել է Լուկակուն։ Նրա հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Ըստ Transfermarkt-ի, տեղափոխությունն արժեցել է 65 մլն եվրո։

18։35․ «Ուոթֆորդը» ակումբի պատմության ռեկորդային տրանսֆերը կատարեց։ Պաշտոնապես հաստատվեց, որ վինգեր Իսմաիլա Սարը համալրեց թիմը։ Անգլիական ակումբը 21-ամյա սենեգալցու համար վճարեց 30 մլն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է 5 տարով։

18:05. «Տոտենհեմի» պաշտպան Կամերոն Կարտեր-Ուիկերսը վարձավճարով տեղափոխվել է «Սթոք Սիթի»:

17:55. Դենի Դրինկլուոթերը բուժզննում է անցել «Չելսիից» «Բարնլի» տեափոխվելու համար:

17:51. «Տոտենհեմը» հասկացավ, որ չի հասցնի գնել Դիբալայի ամբողջական տրանսֆերը և հիմա դիտարկում է նրան վարձակալելու տարբերակը:

17:48. Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակմանը մնաց մոտ 2 ժամ:

17:19. «Վեսթ Հեմը» կիսապաշտպան Գրեյդի Դինագանային վարձավճարով ուղարկեց «Վեսթ Բրոմվիչ»:

16:52. «Տոտենհեմը» Ջիովանի Լո Չելսոյի տրանսֆերի համար այսօր վճարելու է 16 միլիոն եվրո, իսկ ևս 40 միլիոն` մինչև մյուս տարվա հունիս: 

16:45. «Չելսիի» վինգեր Քենեդին մոտ է վարձավճարով «Ռեդինգ» տեղափոխվելուն: Նախորդ մրցաշրջանում նա վարձակալությամբ խաղում էր «Նյուքասլում»:

16:41. «Քրիսթալ Փելասը» չի ցանկանում վաճառել Ուիլֆրիդ Զահային, սակայն ապահովության համար նրան փոխարինող է գտել: Sky Sports-ը գրում է, որ դա «Լեյպցիգի» հարձակվող Ժան-Կևին Օգաստենն է, ով հեռախոսազանգի է սպասում Անգլիա մեկնելու համար: 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնահատվում է 17 միլիոն եվրո:

16:38. Սպասվում է, որ Էնդի Քերոլը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Նյուքասլի» հետ:

16:34. La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Տոտենհեմը» չի հուսահատվում ու ևս մեկ փորձ է կատարելու «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դինալային ձեռք բերելու համար: Անգլիացիները «ծեր սինյորայի» հետ համաձայնություն ունեին 70-միլիոնանոց տրանսֆերի հարցում, սակայն արգենտինացու հետ չէին պայմանավորվել իմջիային իրավունքների, աշխատավարձի ու գործակալի գումարի վերաբերյալ:

16:30. Հանարվոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոմելու Լուկակուին փոխարինելու համար նոր հարձակվող չգնի: Այդ դեպքում հարձակման կենտրոնում մշտապես կխաղա Մարկուս Ռեշֆորդը, իսկ նրան փոխարինող կդառան ակումբի ակադեմիայի մեծ տաղանդ համարվող Մեյսոն Գրինվուդը, ով 18 տարեկան է:

16:27. «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի տրանսֆերից: «Կարմիր սատանաները» 15 միլիոն եվրո են առաջարկել, սակայն այդ գումարը չի բավարարել թւորինցիներին, իսկ խորվաթը չի ցանկացել լքել ակումբը:

16:19. Sky Sports-ը տեղեկացնում է, որ «Կրիսթալ Փելասի» եզրային հարձակվող Ուիլֆրիդ Զահան իր տրանսֆերը վաճառելու դիմում է ներկայացրել ակումբին: Նիկոլա Պեպեին գնելուց հետո «Արսենալն» այլևս չի հետաքրքրվում վինգերի ծառայություններով, այդ պատճառով միակ իրական թեկնածուն «Էվերթոնն» է մնացել: «Փելասը» համաձայն է իր առաջատարին վաճառել 90 միլիոն եվրոյով:

16:01. «Վուլվերհեմփթոնը» Հայաստանում է, բայց խոշոր տրանսֆեր է համաձայնեցրել: Sportitalia-ն տեղեկացնում, որ «գայլերը» «Միլանի» հետ համաձայնեցրել են կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեյի տեղափոխությունը: Գործարքը կարժենա 25 միլիոն եվրո և կներառի 3 միլիոն եվրոյի պարջևավճարներ:

15:50. «Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» տեղափոխվող Ռոմելու Լուկակուն տարեկան ստանալու է 9 միլիոն եվրո: Նրա 80-միլիոնանոց տրանսֆերից 5 միլիոնը փոխանցվելու է բելգիացու նախկին ակումբին` «Էվերթոնին»:

15:37. «Չելսիի» կիսապաշտպան Դենի Դրինկուոթերը շատ մոտ է վարձավճարով «Բարնլի» տեղափոխվելուն:  

15:28. «Էվերթոնը» շարունակում է ակտիվ մնալ: Լիվերպուլցիները փորձել են գնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգին, սակայն մերժում ստանալուց հետո կենտրոնացել են նույն թիմի մեկ այլ պաշտպան` Մարկոս Ռոխոյի տեղափոխության վրա: Հավանական տարբերակը վարձակալությունն է:

15:10. Բրունու Ֆերնանդեշի գործակալ Ժորժե Մենդեշը ներկայումս Անգլիայում է և փորձում է «Մանչեսթեր Յունայթեդին» համոզել գնել իր հաճախորդի տրանսֆերը:

15:00. «Տոտենհեմը» Դիբալայից զատ հրաժարվեց նաև «Սպորտինգի» առաջատար Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերից: Լոնդոնցիներն առաջարկել էին 45 միլիոն եվրո + 25 միլիոնի պարգևավճարներ, սակայն լիսաբոնցիները ամբողջ 70 միլիոն են պահանջել:

14:38. «Վուլվերհեմփթոնը» 2 միլիոն եվրո է առաջարկել «Ֆեյենորդի» 17-ամյա վինգեր Կրիսենսիո Սամերվիլի համար:

14:33. «Վեսթ Հեմը» 8,7 միլիոն եվրոյով պաշտոնապես գնեց «Բազելի» հարձակվող Ալբիան Աջետիին:

14:20. Եվս մեկ նորություն «Նյուքասլի» մասին: Այդ ակումբը դիտարկում է վերադարձնել հարձակվող Էնդի Քերոլին, ով իր կարիերայի լավագույն ժամանակահատվածը հեցն «Նյուքասլում» է անցկացրել: Կողմերը շտապելու տեղ չունեն և կարող են պայմանագիրն այսօր չկնքել, քազնի Քերոլն ազատ գործակալի կարգավիճակ ունի:

14:15. «Փյունիկի» այսօրվա մրցակից «Վուլվերհեմփթոնը» նույնպես հետ չի մնում տրանսֆերային խնջույքից: «Գայլերը» ցանկանում են ամրապնդել կենտրոնական կիսապաշտպանի դիրքը: Այն բանից հետո, երբ չհաջողվեց համաձայնեցնել Սամի Խեդիրայի տրանսֆերը, անգլիացիները որոշել են ձեռք բերել «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մարիո Լեմինային:

14:09. «Նյուքասլը» գնեց «Ամյենի» աջ պաշտպան Էմիլ Կրաֆտին: Տրանսֆերը` 5,4 միլիոն եվրո:

14:00. Իտալացի ինսայդեր Տանկրեդի Պալմերին մանրամասն հայտնեց, թե ինչու չի կայացել Դիբալայի տրանսֆերը: Անհամաձայնությունը եղել է բազմաթիվ հարցերում: Նախ իմջային իրավունքները, որոնք ընդհանուր կազմում են մոտ 40 միլիոն եվրո և կողմերը չեն կարողանում այն կիսելու հարցում համաձայնության հասնել: Արգենտինացին ցանկանում է տարեկան 10 միլիոն եվրո ստանալ, իսկ «Տոտենհեմը» 8 միլիոնից ավելի չի կարող վճարել: Հարձակվողի գործակալը նաև 15 միլիո եվրոյի միջնորդավճար է պահանջել, իսկ Դիբալան «Յուվենտուսին» խնդրել է տրանսֆերիան գումարը նվազեցնել 12 միլիոնով: Այդ դեպքում «ծեր սինյորան» 70 միլիոնի փոխարեն կստանար 58: Այդ ամենը հաշվի առնելով «Յուվեն» հրաժարվել է գործարքից:

13:57. BBC-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը տեղեկացնում է, «Տոտենհեմը» հրաժարվեց Դիբալայի տրանսֆերից, երբ վերջին պահին «Յուվենտուսը» որոշեց չվաճառել արգենտինացուն:

13:55. Պաուլո Դիբալայի տրանսֆերը «Տոտենհեմ» խափանվեց:

13:48. Ինսայդեր Նիկոլա Սկիրան տեղեկացնում է, որ «Արսենալը» գնեց «Սելթիկի» ձախ պաշտպան Կիրան Տիրնիին: Տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո: Շոտլանդացին կնքելու է 6 տարվա պայմանագիր: Սպասում ենք պաշտոնական հաստատմանը:

13:46. «Ուոթֆորդը» խնդիրների է հանդիպել «Ռենի» կիսապաշտպան Բունա Սարի տրանսֆերի հարցում: Ֆրանսիացիները 35 միլիոն եվրո են պահանջում, սակայն անգլիացիները չեն պատրաստվում այդքան շատ վճարել:

13:43. Sky Sports-ը տեղեկացնում է, որ Դավիդ Լուիսն այս պահին բուժզննում է անցնում «Արսենալի» համար: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտնեն մի քանի ժամ հետո:

13:34. «Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի ժամ առաջ Մարիո Մանջուկիչի վերաբերյալ կրկին կապնվել է «Յուվենտուսի» հետ, սակայն բանակցությունները հաջող չեն անցնում: Երկու կողմերն էլ գործարքը ձևակերպելը շատ բարդ խնդիր են համարում:

13:32. Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալները կրկին նրա ծառայություններն առաջարկել են «Արսենալին», սակայն լոնդոնցիներին այդ տարբերակը ներկայումս չի հետաքրքրում:

13:29. Արդեն տեսե՞լ եք, թե ինչպես են «Ինտերի» երկրպագուները դիմավորել Միլան ժամանած Ռոմելու Լուկակուին: Այսօր տրանսֆերի մասին կհայտնեն պաշտոնապես:

13:27. «Սամպդորիայի» կիսապաշտպան Դենիս Պրատը, ում ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալը», բուժզննում է անցել «Լեսթերի» համար: Տրանսֆերը կկազմի 20 միլիոն եվրո:

13:22. ԲԿՄԱ-ի մերժումը Ֆեոդոր Չալովի վերաբերյալ շատ չի տխրեցնի «Կրիսթալ Փելասին»: լոնդոնցիները երեկ ամրապնդել են միջին գիծը` «Էվերթոնից» գնելով Ջեյմս Մակարտիին և «Բետիսից» վարձակալելով Վիկտոր Կամարասային:

13:20. Օրվա ամենասպասված տրանսֆերներից մեկը Ուիլֆրիդ Զահայի` «Էվերթոն» հնարավոր տեղափոխությունն է: Եթե լիվերպուլցիները նման գործարք կնքեն, Անգլիայում թոփ-6-ը կարող է թոփ-7 դառնալ:

13:18. Նոր տեղեկություններ «Արսենալի» մասին: Նույն Օրնշտեյնը հայտնում է, որ Դավիդ Լուիսին «զինագործները» գնելու են ոչ թե 22 միլիոն եվրոյով, այլ «ծիծաղելի» 9 միլիոնով: 

Բացի այդ, ինսայդերը նշում է, որ «Արսենալից» վարձավճարով «Լիդս» է տեղափոխվում հարձակվող Էդդի Նկեթիան: Մարսելո Բյելսայի մոտ նա չի կարող չառաջադիմել:

13:16. BBC-ի ինսայդեր Դավիդ Օրնշտեյնը տեղեկացնում է, որ Պաուլո Դիբալան իսկապես շատ մոտ է «Յուվենտուսից» «Տոտենհեմ» տեղափոխվելուն: Սպասում ենք տրանսֆերային պայթյունի:

13:11. Արգենտինայի հավաքականի ու «Բետիսի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն այս պահին բուժզննում է անցնում «Տոտենհեմի» համար: Երեկ ակումբները 60 միլիոն եվրոյով համաձայնեցրել էին տրանսֆերը:

13:08. Ռուսաստանում երեկ իրարանցում էր: «Կրիսթալ Փելասը» 25 միլիոն եվրո էր առաջարկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆեոդոր Չալովի համար: «Բանակայինները» մեկ օր քննարկեցին տարբերակները, դիտարկեցին 4 հարձակվողների թեկնածությունները, սակայն արդեն հայտնի դարձավ, որ այդ առաջարկը մերժել են:

_______________________________________________________

Սկսենք սպասվող ինտրիգներից:

«Արսենալ» - Լոնդոնցիների կողմից նվազագույնը երկու տրանսֆեր է սպասվում. Կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը` «Չելսիից» և ձախ պաշտպան Կիրան Տիրնին` «Սելթիկից»: Բրազիլացին արդեն մարզումների բոյկոտ է սկսել, որպեսզի միանա «զինագործներին»: Այդ տրանսֆերը գնահատվում է մոտ 22 միլիոն եվրո:

Շոտլանդացու համար «Արսենալն» արդեն մի քանի առաջարկներ է կատարել ու մերժում ստացել, սակայն սպասվում է, որ այսօր համաձայնության կհասնենն 27-28 միլիոնի շրջանակում:

Շշուկները Լոնդոն էին ուղարկում նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որին կատալոնացիները պատրաստ են բաց թողնել նույնիսկ վարձավճարով, բայց «Արսենալ» նրա տեղափոխությունը քիչ հավանական է:  

Կենտրոնական պաշտպանի դիրքի համար «զինագործները» դիտարկում են նաև Դայո Ուպամեկանոյի («Լեյպցիգ») ու Դանիելե Ռուգանիի («Յուվենտուս») տարբերակները:

«Մանչեսթեր Սիթի» - Վերջին երկու տարիների չեմպիոնը հիանալի կազմ է հավաքել, որում բոլոր դիրքերի համար նվազագույնը երկու ուժեղ ֆուտբոլիստ է պայքարում: Սակայն թիմը կարող է ռեկորդային վաճառք կատարել, քանզի Լերոյ Սանեն համաձայնվել է տեղափոխվել «Բավարիա», բայց անհարմար պահի վնասվածք է ստացել: Այնուամենայնիվ, եթե մյունխենցիները գնեն գերմանացուն, «Սիթին» ստիպված կլինի վերջին օրով նրան փոխարինող ձեռք բերել: Ամենայն հավանականությամբ, դա կլինի «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Միկել Օյարսաբալը:


«Լիվերպուլ» - Յուրգեն Կլոպն ամռան ընթացքում բազմիցս նշել է, որ այս անգամ մեծ ծախսեր բացառվում են: «Կարմիրները» որևէ լուրջ տրանսֆերի մասին քննարկումներում չեն հիշատակվում: «Լիվերպուլը» փորձելու է Չեմպիոնների լիգան հաղթած իր կազմը պահել և մերժել բոլոր առաջաևրկները, այդ թվում Մադրիդի «Ռեալինը»` Ֆաբինյոյի վերաբերյալ:


«Տոտենհեմ» - Օրվա աղմկալի գործարքները հենց «Տոտենհեմում» են սպասվում: Լոնդոնցիները համակերպվել են Կրիստիան Էրիկսենի հեռանալու հետ և արդեն փոխարինող են գտել ի դեմս «Բետիսի» ֆուտբոլիստ Ջովանի Լո Չելսոյի: Գործարքը գնահատվում է 60 միլիոն եվրո և համաձայնությունն արդեն կա:

Դա դեռ ամենը չէ, լոնդոնցիները մտադիր են տրանսֆերային պայթյուն կատարել` գնելով «Յուվենտուսի» աստղային հարձակվող Պաուլո Դիբալային: Արգենտինացու տրանսֆերն ու անձնական պայմանագրի կետերը համաձայնեցված են, սակայն դեռ տարաձայնություններ կան նրա իմիջային իրավունքների հետ կապված, որը պատկանում է Մալթայում գործող ընկերությանը: 

Բացի այդ, «Տոտենհեմը» նաև համաձայնեցրել է «Ֆուլհեմի» ձախ պաշտպան Ռայան Սեսենյոնի տրանասֆերը: Անգլիացին հաջողությամբ գործում է նաև վինգերի դիրքում:


«Մանչեսթեր Յունայթեդ» - Պոլ Պոգբան կարծես թե այսօր չի հեռանա: Այդ պատճառով ՄՅՈւ-ն պետք է կամ մինչև ամռան վերջ փորձի հետ մղել Յուվենտուսի ու Ռեալի տրանսֆերային հարձակումները, կամ այսօր նրան փոխարինող գնի և հետագայում հանգիստ վաճառի այն առաջնություն, որտեղ տրանսֆերային պատուհանը բաց կլինի: Հավանական փոխարինողների թվում են նշվում Կրիստիան Էրիկսենը («Տոտենհեմ») և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը («Լացիո»):

«Կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն այսօր արդեն բուժզննում է անցնելու «Ինտերի» համար: Նրան փոխարինող կարող են դառնալ Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս») կամ Ինյակի Ուիլամսը («Ատլետիկ Բիլբաո»): Վերջինիս համար անգլիացիները պատրաստ են վճարել նրա հրաժարագինը` 88 միլիոն եվրո:


«Չելսի» - Լոնդոնցիները տրանսֆերային արգելքի տակ են և չեն կարող նոր ֆուտբոլիստներ գնել: Փոխարենը, կարող են կորցնել, եթե Դավիդ Լուիսն իսկապես իր բոյկոտներով արդյունքի հասնի և տեղափոխվի «Արսենալ»:

__________________________________________________

Բարև ձեզ հարգելի ընթերցողներ: Այսօր Անգլիայում փակվում է տրանսֆերային պատուհանը: ArmFootball.com-ն այս էջում կանցկացնի սպասվող և կայացած գործարքների լուսաբանումը: ԱՊԼ-ի վերաբերյալ օրվա բոլոր հետաքրքիր նորությունները կկարդաք մեզ մոտ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000