Որոնել
Արխիվ
06.08.2019  15:21

Սերիալային իրականությու՞ն, թե՞... Ինչ պատճառով կարող էր եթերից դուրս մնալ «Արարատ-Արմենիայի» խաղը

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպումը չի ցուցադրվելու հեռուստատեսությամբ:

Նման բան, իհարկե, առաջին անգամ չի լինում, եղել են նույնիսկ հավաքականի հանդիպումներ (ընկերական), որոնք դուրս են մնացել եթերներից, եվրագավաթների խաղերն էլ ոչ միշտ էին լինում մեր հեռուստաընկերությունների եթերում, նույնիսկ եթե դրանք Երևանում էին տեղի ունենում:

Բայց այս անգամ ֆուտբոլասերների զայրույթը միանգամայն հասկանալի է, քանի որ հայկական թիմերը երկրորդ տարին անընդմեջ դուրս են գալիս որակավորման երրորդ փուլ, բարեհաճ վիճակահանությունը թույլ է տալիս նաև երազել եվրագավաթի խմբային փուլ դուրս գալու մասին: Հայ - վրացական սկզբունքային դիմակայությունն էլ պետք է ապահովի մեծ լսարան ֆուտբոլային հանդիպման համար, հատկապես եթե խաղը ցուցադրվի նաև սփյուռքի համար: Կարծես՝ բոլոր նախադրյալները կան խաղի ցուցադրման համար, այդ պատճառով էլ նորությունը խաղաղ երկնքում ամպրոպի պես էր:

Իհարկե, կարելի էր բողոքել, որ հեռուստաընկերությունները գերադասում են ամենօրյա սերիալները ֆուտբոլին, սակայն եթերում խաղի բացակայությունը առավել քան տարօրինակ է, և այս դեպքում հարցը, կարծես, ամենևին էլ սերիալները չեն:

1. «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» խաղը, ինչպես արդեն նշեցինք, կարող էր բավականին մեծ լսարան ապահովել՝ հաշվի առնելով խաղի կարևորությունն ու սկզբունքայնությունը:

2. «Արարատ-Արմենիայի» նախորդ երկու փուլերի տնային հանդիպումները Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ցուցադրել է: Ցուցադրել է նաև «Ալաշկերտի» ու «Բանանցի» տնային հանդիպումները: Այսինքն, մինչ այժմ Երևանում տեղի ունեցած բոլոր եվրագավաթային հանդիպումները («Փյունիկն» իր խաղերն անցկացրել էր Գյումրիում): Այսինքն, ի վնաս սերիալների կամ այլ հաղորդումների ֆուտբոլ չցուցադրելու խնդիր կարծես թե չկա:

3. «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղը լինելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Այս ամենը հաշվի առնելով, պարզ է դառնում, որ ըստ էությանը խաղը ցուցադրելու ոչ մի խանգարող հանգամանք չէր կարող լինել, և այս պարագայում խնդիրը պետք է ուրիշ տեղ փնտրել:

Armsport.am-ին տված հարցազրույցում Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ «Արարատ-Արմենիայի» հանդիպումների հեռարձակման իրավունքը պատկանում է գերմանական կազմակերպություններից մեկին: Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի ցանկացել աշխատել տվյալ կազմակերպության հետ՝ անմիջապես ցանկանալով աշխատել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, իսկ հայկական կողմը նման դեպքում իրավունք չունի ցուցադրել հանդիպումը:

Պատճառն ավելի քան տարօրինակ է, քանի որ վրացական կողմն էլ իր հերթին հայտարարել է, թե իրենք գործադրել են բոլոր ջանքերը, բայց Հայաստանում հրաժարվել են հեռարձակելուց։ 

Համացանցում շրջանառվում է ևս մեկ տարբերակ, ըստ որի խաղի՝ եթերից բացակայելը կապված է մի կազմակերպության անվան հետ, որը «Սաբուրթալոյի» տիտղոսային հովանավորն է: Ինտերնետում որոնման միջոցով դժվար չէ գտնել, թե որ կազմակերպությունն է հովանավորում «Սաբուրթալոն»: Սակայն այդ պատճառաբանությունը կարող է իրատեսական լինել միայն մեկ հեռուստաընկերության պարագայում:

Անկախ ամեն ինչից՝ «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպման ուղիղ եթերի բացակայությունը հայկական հեռուստաալիքներից մեծ մինուս է բոլորի համար՝ թե հենց իրենց՝ հեռուստաընկերությունների, թե ֆուտբոլասերների, թե ամբողջ հայկական ֆուտբոլի համար: Իսկ եթե շրջանառվող լուրը իրականություն է, ապա նաև շատ ցավալի ու մտածելու տեղիք տվող: Նույնիսկ եթե ինչ-ինչ պատճառներով Հանրային հեռուստաընկերությունը չի կարողացել/հրաժարվել է ցուցադրել հանդիպումը, մյուս հեռուստաալիքների համար դա հիանալի հնարավորություն էր օգտվել առիթից ու փորձել նախաձեռնությունը սեփական ձեռքերի մեջ վերցնել: Իսկ այս պարագայում, ստիպված ենք լինելու հետևել խաղին YouTube-ի միջոցով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000