Որոնել
Արխիվ
30.07.2019  18:17

Սպորտային մենապետություն. Միհրան Հարությունյանի դեպքը՝ հայկական սպորտի «չարիքի» արտացոլում

Եթե առանձնացնենք ֆուտբոլը, շեղվենք մյուս մարազաձևերում մեր մարզիկների վերջին ամիսների ցուցանիշներից, չեմպիոնական ելույթներից, մեդալներից և ձախողումներից, ապա հայկական սպորտում վերջին ամիսներին կարող ենք առանձնացնել երկու իրադարձություն. ՀԱՕԿ - Բռնցքամարտի ֆեդերացիա հակամարտության հերթական փուլը  և Միհրան Հարությունյանի հայտարարությունները ըմբշամարտ վերադառնալու և Տոկիոն նվաճելու ծրագրերի մասին: Առաջինը վկայում է, որ հայկական սպորտի մոնոպոլիզացիան շարունակվում է և ավելի խորը դառնում, իսկ երկրորդը ցույց է տալիս այդ մոնոպոլիզացիայի սարսափելի հետևանքները:

Առհասարակ, հայկական բոլոր առանցքային մարզաձևերի ֆեդերացիաները, բացառությամբ բռնցքմաարտի, այս կամ այն կերպ գտնվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ: Ծանրամարտի ֆեդերացիան արդեն երկար ժամանակ է չունի ֆեդերացիայի նախագահ (մամուլի ծառայություն, կայք… մի խոսքով, ոչինչ...), իսկ ֆեդերացիայի քարտուղարն ու մարզիկները չեն դադարում բոլոր խոսքերում շնորհակալություն հայտնել հենց Ծառուկյանին ֆինանսավորման համար: 

Ըմբշամարտի ֆեդերացիան ևս սեփական նորմալ ֆինանսավորում չունի, ժամանակին Սամվել Կարապետյանն էր նախագահը, սակայն երկու ազդեցիկ բիզնեսմեն հայկական սպորտում երկար չմնացին, Կարապետյանը թողեց ֆեդերացիան, իսկ նրա հեռանալուց հետո ՀԱՕԿ-ը իր «հովանավորության» տակ վերցրեց այն: Հերթը հասել է բռնցքամարտին, և քանի որ այստեղ ֆեդերացիայի նախագահը բավականին ազդեցիկ անձնավորություն է, ընդ որում՝ ինքն էլ նախկինում բավականին հաջող բռնցքամարտիկ, որոշակի դժվարություններ առաջացան…

Արթուր Գևորգյանի օրոք վերջին տարիներին հայկական բռնցքամարտի արդյունքները էապես բարելավվեցին: Ունեցանք Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, բռնցքամարտիկ, ով այսօր իր քաշային կարգում ուժեղագույններից է: Հովհաննես Բաչկովը համառորեն առաջ է շարժվում դեպի բարձունքներ: Բաչկովի կողքը էական աճ են գրանցում մյուս բռնցքամարտիկները. Արթուր Հովհաննիսյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Անուշ Գրիգորյանը մոտենում են իրենց քաշային կագերի լավագույններին: Բացի այդ, Գևորգյանի օրոք պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաջող նորամուտներ ունեցան Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը, ովքեր նաև հնարավորություն էլ ունեն օլիմպիական խաղերի մասնակցելու: Վերջիններս նաև սկսել են գումարներ աշխատել, այն ինչի մասին Գևորգյանը շատ է խոսում վերջին շրջանում (մարզիկները պետք է կարողանան իրենք գումար վաստակել, ոչ թե մնալ առանձին գործիչների հույսին): Սակայն այս ամենը, կարծես, այդքան էլ դուր չի գալիս ՀԱՕԿ-ին: Բնական է, որ Գևորգյանի աշխատանքից կան նաև դժգոհողներ, որոնք հայկական բռնցքամարտում վերջին դերակատարությունը չունեն: Ոմանց, ինչպես, օրինակ, Ռաֆայել Մեհրաբյանին, Գևորգյանը անձամբ է հեռացրել: Եվ ահա, այս դժգոհությունների ֆոնի վրա արդեն մի քանի ամիս է լուրջ խմորումներ են տեղի ունենում, և ՀԱՕԿ - Բռնցքմաարտի ֆեդերացիա հակամարտությունը հասնում է իր կիզակետին: 

Հակամարտության խրոնոլոգիան

2018թ․-ի հունիսի 5-ին Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները հետաձգվում են մեկ ամսով, քանի որ բացի Գևորգյանից ուրիշ թեկնածու չի լինում։

2018թ․-ի հուլիսի 5-ին Արթուր Գևորգյանը դադարեցնում է իր լիազորությունները մեկ ամսով՝ որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է արագորեն ընտրություններ անցկացնել և թույլ չտալ այլ թեկնածուների առաջադրվել։  

2018թ․-ի օգոստոսի 2-ին վերջապես տեղի են ունենում ընտրությունները, Գևորգյանը ընտրվում է, սակայն մի քանի կազմակերպություններ հայտարարում են, որ իրենց տեղեկացված չեն եղել ընտրությունների մասին և չեն քվեարկել։ Գևորգյանը հակադարձում է, որ բոլորին տեղյակ պահվել է համապատասխան ժամկետներում։

Սկսվում են երկկողմ ակցիաներ, հայտնվում է նոր թեկնածու՝ Հովհաննես Հովսեփյանը, որը հայտարարում է, որ չի կարողացել ներկայացնել թեկնածությունը, քանի որ ընտրության օրվա մասին հայտարարվել է միայն երկու օր շուտ։ Հովսեփյանին իբրև, գտել են բռնցքամարտի մասնագետները, ովքեր դժգոհ են եղել Գևորգյանի աշխատանքից, միավորվել, գտել են ներդրողի, ով պատրաստ է եղել 300 000 ԱՄՆ դոլար ներդնել ֆեդերացիայում (գումարը, իրականում մեծ չէ)։ Հովսեփյանի մասին տեղեկություններ՝ վերջին ամիսներից դուրս, գտնել դժվար է: Գագիկ Ծառուկյանը օգոստոսի 15-ին հայտարարում է, որ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն։

Օգոստոսի 22-ին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարում է, որ AIBA-ից (բռնցքմաարտի միջազգային ֆեդերացիա) ստացել է նամակ, որտեղ նշվում է, որ ընտրությունները անցկացվել են կեղծիքներով և պետք է նոր ընտրություններ կազմակերպել․

«Հաշվի առնելով ԱԻԲԱ-ի որոշումը՝ ըստ որի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները, դրա արդյունքում ընտրված ֆեդերացիայի նախագահը և ողջ կազմը լեգիտիմ չեն՝ ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ անմիջապես ձեռնամուխ է լինելու բանակցությունների սկսմանը՝ նոր լեգիտիմ ընտրությունների անցկացման գործընթացի նկատմամբ սահմանելով վերահսկողություն, որպեսզի դրանք անցկացվեն բացառապես ԱԻԲԱ-ի և ազգային ֆեդերացիայի կանոնադրությանն ու կանոններին համապատասխան»,- նշում է Ռոստոմյանը:

Գևորգյանը հակադարձում է, որ AIBA-ի հետ ինքը կապի մեջ է, և ոչ նի նման պահանջ ֆեդերացիան չի ստացել, իսկ Ռոստոմյանի ներկայացրած նամակը կեղծ է։ Ըստ Գևորգյանի՝ Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների վրա։ Նա նաև հայտարարում է, որ ԱԻԲԱ-ն կոշտ պատասխան է տվել ՀԱՕԿ-ին՝ պահանջելով չմիջամտել ֆեդերացիայի գործերին։

Սեպտեմբեր․ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Արման Հարությունյանի օժանդակությամբ բացվում է նոր ֆեդերացիա, որը ստանում է Բռնցքամարտի ազգային ֆեդերացիա անունը՝ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Վերջինիս ֆեդերացիայի հովանու տակ գտնվող մարզիկները մասնակցում են մի քանի միջազգային մրցաշարերի:

Հակամարտությունը իր կիզակետին հասավ այս տարի՝ Եվրոպական խաղերի նախօրեին։ ՀԲՖ-ն ներկայացրեց այն մարզիկներին, ովքեր պետք է ներկայանային առաջնությանը Հայաստանից, սակայն ՀԱՕԿ-ը հայտարարեց, որ Մինսկ է մեկնելու երկու ֆեդերացիաների բռնցքմաարտիկներցի կազմված հավաքականը՝ երկու գլխավոր մարզիչներով։ ՀԲՖ-ի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը այդ ամենը անվանեց խեղկատակություն և Մինսկ չմեկնեց, իսկ ազգային ֆեդերացիայի կողմից մեկնեց Ռաֆայել Մեհրաբյանը, որին, սակայն ՀԲՖ-ի անդամ բռնցքամարտիկները իրենց մենամարտերի ժամանակ մոտ չէին թողնում ռինգին։ 

Բացի այդ, Մինսկում նաև խայտառակ միջադեպ գրանցվեց, երբ Հովհաննես Հովսեփյանին ներկայացրին որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մինչդեռ ՀԲՖ-ի նախագահը մինչ օրս Գևորգյանն է։ 

Ի վերջո, ՀԱՕԿ-ը օրերս որոշեց, որ դադարեցնում է ՀԲՖ-ի անդամակցությունը և որպես անդամ ընդունում է ազգային ֆեդերացիան՝ Հովսեփյանի նախագահությամբ։ Հենց այդ ֆեդերացիան պետք է զբաղվի հայ բռնցքամարտիկների Տոկիո մեկնելու հարցերով։ Դրան հաջորդեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոշտ արձագանքը, որտեղ նշվում է, որ ՀԱՕկ-ի քայլերը անօրինական են, և որ նախարարությունը ճանաչում է միայն ՀԲՖ-ի անդամությունը։ Ընդ որում, նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմը վերջին ամիսներին ցուցաբերում է անտարբերություն ու անգործություն՝ ականջալուր չլինելով ղեկավար կազմի նոր ընտրություններ կազմակերպելու ԱԻԲԱ-ի հորդորին, ու միևնույն ժամանակ չձեռնարկելով որևէ գործուն քայլ իրավիճակի կայունացման համար, ինչը կարող է վտանգել ՀՀ հավաքական թիմի մրցելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

Այս ամենին զուգահեռ, պետք է նշել, որ AIBA-ն ինքը լուրջ խնդիրներ ունի ՄՕԿ-ի հետ, և հենց ՄՕԿ-ը պետք է իրականացնի Տոկիոյի խաղերում բռնցքմարտի անցկացման կազմակերպումը՝ սկսած ընտրական մրցաշարերից, ինչը արձակում է ՀԱՕԿ-ի ձեռքերը նման կոշտ քայլերի դիմելու համար։

Ի վերջո, փորձելով ի մի բերել այս ամբողջ շիլաշփոթը, պետք է արձանագրել․

1․ Հայաստանում այժմ կա բռնցքամարտի երկու ֆեդերացիա՝ ՀԲՖ-ն ու ազգային ֆեդերացիան

2․ ՀԲՖ-ն ճանաչվում է միջազգային ֆեդերացիաների կողմից, մյուս ֆեդերացիան՝ ոչ։ Դա նշանակում է, որ, օրինակ, աշխարհի առաջնությանը կարող են մեկնել միայն ՀԲՖ-ի ներկայացուցիչները։ Սակայն խնդիրն այն է, որ աշխարհի առաջնությունը նախկինի պես օլիմպիական խաղերի վարկանիշ չի բերելու:

3․ Իսկ ահա օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին, որոնք անցկացվելու են 2020թ․-ի գարնանը, հնարավոր է՝ ՀԱՕԿ-ը կարողանա ուղարկել իր ցանկացած մարզիկներին։ Չի բացառվում, որ այս ընթացքում ՀԲՖ-ի հովանու տակ գտնվող բռնցքամարտիկները ստիպված լինեն փոխել ֆեդերացիան, որպեսզի մասնակցեն օլիմպիական խաղերին

Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ունեցավ երկու չեմպիոն, երկուսն էլ՝ ՀԲՖ-ից՝ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը և երկու բրոնզե մեդալակիր՝ ազգային ֆեդերացիայից՝ Կարեն Տոնականյանն ու Գոռ Ներսեսյանը։ Պետք է արձանագրել, որ այս պահին ուժեղագույն մարզիկների մեծ մասը ՀԲՖ-ի անդամ են և բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին տարիների աշխատանքը երևում է թե սիրողական, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտերում, այդ թվում նաև մրցավարների կողմնակալությունների հարցում։ Նոր ֆեդերացիան այդ առումով դեռ շատ աշխատանք ունի կատարելու։  Ընդհանուր առմամբ, Տոկիոյում մեր մարզիկներ պատշաճ մասնակցությունը այս պահին ուժեղ վտանգի տակ է, և եթե 2020թ․-ի օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկները իրենց հնարավորություններից ցածր հանդես գան, ապա առաջին մեղավորը կլինի ՀԱՕԿ-ը։

Օլիմպիական կոմիտեն ռիսկային քայլի է գնում՝ հերթական ֆեդերացիան իր վերահսկողության տակ վերցնելու ճանապարհին։ Հայկական սպորտի մոնոպոլիզացիայի արդյունքում առանցքային մարզաձևերի ֆեդերացիաները աստիճանաբար կորցնում են իրենց անկախությունը, իսկ դա կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ։ Իհարկե, ուժեղագույն մարզիկները միշտ էլ եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում և հաճախ են պարգևատրումներ ստացել իրենց հաջողությունների համար։ Սակայն մարզաձևերի զարգացումը միայն չեմպիոնների ու մեդալակիների խոշոր պարգևատրումները չեն։ Գագիկ Ծառուկյանի «միանձնյա գահակալությունը» հայկական սպորտում բերում է նրան, որ մարզիկները այլևս հավաքականի գլխավոր մարզիչների հետ հաշվի չեն նստում։ Վերդառնալով նյութի սկզբին՝ վերհիշենք Միհրան Հարությունյանի օրինակը։

Վերջինս այնքան վստահ է, որ ՀԱՕԿ նախագահի հետ զրույցը բավական է հավաքական վերադառնալու և Տոկիո մեկնելու համար, որ գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ հարկ չի համարել խոսել։ Հարությունյանը Ռիոյի խաղերից հետո դեռևս գորգ դուրս չի եկել (միայն մեկ անգամ վերջերս՝ ցուցադրական գոտեմարտում), նոր օրենքներով դեռ չի գոտեմարտել, սակայն խոսում է Տոկիոյի մասին՝ հիմնվելով միայն Ծառուկյանի տված խոստման վրա: Մարզիկներն ու մարզիչները ավելի ու ավելի են սկսում կախում ունենալ մեկ անձից, և կարծում են, որ հենց նա էլ պետք է որոշումներ կայացնի: Հայկական սպորտի մոնոպոլիզացիայի հետևանքով, հնարավոր է նման դեպքերի ավելի հաճախ ականատես լինենք։  Ստեղծված իրավիճակում կարող է մեծանալ Հրաչյա Ռոստոմյանի ձևակերպմամբ «երկար նախարարության» (խոսքը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասին է) դերը։ Երկար տարիներ սպորտի նախարարությունը լուրջ դերակատարում հայկական սպորտում չի ունեցել, վերջին տարիներին ընդհանրապես եղել է նույն ՀԱՕԿ-ի գործիքը, սակայն այժմ հենց այդ նախարարության գործունակությունից է կախված հայկական սպորտում ուժերի բաշխման հարաբերակցությունը։

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000