Որոնել
Արխիվ
30.07.2019  13:42

«Դու արժանացար իմ հարգանքին, հուսով եմ՝ կտեսնեմ քեզ Պրեմիեր լիգայում». Ինչպես է Յուրա Մովսիսյանը «լռեցրել» Մարտին Շկրտելին

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ուշագրավ պատմությունն է պատմել, թե ինչպես է Հայաստանի հավաքականի կազմում խաղացել հայտնի պաշտպաններ Պեպեի և Մարտին Շկրտելի դեմ:

- Իմ ամենասիրած պաշտպաններից մեկը պորտուգալացի Պեպեն է: Պորտուգալիայի հետ խաղի մոտավորապես 15-րդ րոպեին կանգնեց ոտնաթաթիս, և ձևացնում էր, թե ոչինչ չի եղել: Կարծես ամեն ինչ նորմալ էր: Հետո անկյունայինի խաղարկման ժամանակ արմունկով հարվածեցի նրա ծնոտին: Շատ ուժեղ հարվածեցի: Նա չբողոքեց մրցավարին: Եթե նա քեզ հարգում է, չի բողոքում մրցավարին: Խաղից հետո խնդրեց փոխանակվել մարզաշապիկներով:

Արդյո՞ք ես թրեշթոկեր եմ (trash talker - անգլերեն բառ, որով բնութագրում են ֆուտբոլիստին, ով խաղի ընթացքում փորձում է մրցակցին խոսքերով հունից հանել - խմբ.): Ինքս չեմ սկսի: Սկզբում նորմալ է: Բայց երբ սկսեն հունից հանել... Մի այլ հետաքրքիր պատմություն կա: Խաղում էինք Սլովակիայի հետ: 3-1 ու 4-0: Առաջին խաղը Երևանում էր, հաղթեցինք 3-1: Խաղը սկսվեց, և «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկտրելը, երկու ձեռքերը ամբողջովին դաջվածքների մեջ, սկսեց խոսել ինձ հետ: Ռուսերեն, անգլերեն.. Գիտեր, որ «Սպարտակում» եմ խաղում, գիտեր, ով եմ ես, հաստատ ուսումնասիրել էին: Սկսեց խոսել, ծաղրում էր անընդհատ: Ո՞վ ես դու, ինչքա՞ն գումար ես աշխատում: Գոլ խփելուց առաջ մոտեցա նրան, ասեցի, բրո, դու բարձունքում ես. ինձնից շատ բարձր, իմ մասին մի անհանգստացիր, դու սուպերաստղ ես, խաղից հետո ինքնագիր տուր ինձ: Միևնույն ժամանակ անընդհատ պայքարում էինք իրար հետ ու իրար ոչնչացնում: Ես արմունկով էի նրան հարվածում, նա ինձ էր հարվածում բռունցքով: Ոտքերս ամբողջովին արյունոտ էին: Երկուսս էլ կեղտոտ էինք խաղում, բայց ես հարգալից էի խոսում, ասում էի՝ ինքնաիգր տուր: Նաև ասում էի, որ ես արագ եմ, ու միակ բանը, որ ինքը կտեսնի, դա իմ մեջքն է, խոստանում եմ: 5 րոպե անց նա հայտնվեց իմ թիկունքում, իսկ ես գոլ խփեցի:

Դրանից հետո՜... Մոտեցա Շկրտելին, ասում եմ՝ դու այդքան աշխատավարձ ես ստանում, շաբաթական 100 000 կամ ավել, ու ինչ-որ ցածր մեկը քեզ թիկունքում է թողնում, չես կարողանում ինձ հասնել: Ու շարունակում էի նույն ոճով: Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո նրանք փախան հանդերձարան: Նոր էին եկել աշխարհի առաջնությունից, հաղթել էին Իտալիային, դուրս էին եկել 1/8 եզրափակիչ, իրենց ոսկե սերունդն էր, Համշիկը... ՈՒ մենք հաղթեցինք:

Ամիսներ անց գնացինք Սլովակիա պատասխան խաղի: Խաղի երկու օր առաջ կարդում էինք թերթերում՝ մենք չգիտենք, Հայաստանը ինչ թիմ է, չգիտենք նրանց ֆուտբոլիստներին, նույնիսկ քարտեզի վրա չենք գտնի: Փորձում էին մեզ հունից հանել: Բայց մենք գիտեինք, ինչ կարող էինք անել: Խաղը սկսվեց, ու Շկրտելը ոչ մի բառ չի ասում: Մոտենում եմ նրան, ասում եմ՝ ինչ կա, բրո, պատրա՞ստ ես երկրորդ ռաունդին: Ոչ մի բառ, ոչ մի պատասխան ամբողջ խաղի ընթացքում: Մենք հաղթեցինք 4-0 Սլովակիայում, ես առաջին գոլը խփեցի:

Խաղից հետո տոնում ենք հանդերձարանում: Ես նստած էի անկյունում, եթե մտնեիր հանդերձարան, ինձ չէիր կարող տեսնել: Հանկարծ տեսանք Շկրտելին՝ առանց մարզաշապիկի: Բոլորը ոտքի կանգնեցին՝ պատրաստ կռվի. ինչու՞ է Շկրտելը եկել մեր հանդերձարան: Նա մտնում է և ասում՝ ու՞ր է Մովսիսյանը: Բոլորը մտածում են՝ եկել է կռվելու: Իսկ ինքը մոտենում, ասում է՝ հեյ, բրո, արի փոխվենք մարզաշապիկներով, դու արժանացել ես իմ հարգանքին, կուզենայի քեզ տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում, դու մեծ տպավորություն թողեցիր:

Ինչու՞ չհայտնվեցի Պրեմիեր լիգայում: Ուզում էի, տարբերակներ էլ կային: «Սպարտակը» բաց չթողեց,- պատմել է Մովսիսյանը WiseNuts-ի ռադիոեթերում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000