Նոր տեղեկություններ` Երևանի ԲԿՄԱ-ի մասին. ովքե՞ր են գլխավոր մարզիչն ու
ֆուտբոլիստները
Ինչպես հայտնի է` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում ստեղծվել է ԲԿՄԱ ակումբը, որը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը: «Բանակայինների» մասին տեղեկություններ ստանալու համար ArmFootball.com-ը կապվեց ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ:
Տեղեկացնաք, որ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ընտրվել են ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարած տեխնիկական անձնակազմի ու մարզիչների կողմից: ՀՖՖ-ն, ընդհանրապես, զբաղվելու է ԲԿՄԱ-ի մարզական հարցերով:
Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Վերջինիս գլխավորությամբ «բանակայիններն» արդեն մարզվում են Վաղարշապատի ակադեմիայում: Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ տնային խաղերը ԲԿՄԱ-ն հենց Վաղարշապատում է անցկացնելու:
Ներկայումս թիմի կազմում 20-21 ֆուտբոլիստ կա, որոնց միանալու են ևս մի քանիսը: Ակումբների հետ համատեղ համագործակցության շնորհիվ է հնարավոր եղել հավաքագրել ֆուտբոլիստներին: Նրանք, փաստացի, վարձակալությամբ են հանդես գալու ԲԿՄԱ-ում և այդպես լրանալու է նրանց երկու տարվա զինծառայության ժամկետը: Դրանից հետո, ֆուտբոլիստները վերադառնալու են իրենց ակումբներ:
ԲԿՄԱ-ում են հանդես գալու հիմնականում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Նրանց թվում են Ժիրայր Շաղոյանը («Արարատ-Արմենիա»), Նարեկ Գրիգորյանը («Բանանց»), Մամիկոն Դերմենջյանը («Արարատ-Արմենիա»), Արամ Քոլոզյանը (Արարատ-Արմենիա) և Կարեն Մուրադյանը («Փյունիկ»): Ֆուտբոլիստների ամբողջական ցանկն ակումբը կներկայացնի Առաջին խմբի մեկնարկից առաջ:
Հավելենք, որ ԲԿՄԱ-ն ունենալու է պաշտոնական ֆեյսբուքյան էջ: