Որոնել
Արխիվ
23.07.2019  18:11

Ռումինիայի ոչ ամենատիտղոսակիր ակումբը, Չիպոլինաներն ու նախկին «հանքափորը». հայկական թիմերի մրցակիցները ԵԼ-ում

Այսօր «Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Ռեդ Իմփս» խաղով մեկնարկում է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլը, որին, բացի Հայաստանի չեմպիոնից, մասնակցելու են նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Ալաշկերտը»:

«Լինկոլն Ռեդ Իմփս»

Ջիբրալթարյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվեց Կոսովոյի չեմպիոնին և հիմա մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգրի համար:

Առաջինը, ինչ աչքի է զարնում ջիբրալթարցիների կազմը ուսումնասիրելիս, այն է, որ թիմի կամզից 6 ֆուտբոլիստներ մասնակցել են նախորդ տարի տեղի ունեցած Հայաստան - Ջիբրալթար խաղին, որտեղ հյուրերը սենսացիոն հաղթանակ տարան՝ Ազգերի լիգայի խմբում հաղթելու հնարավորությունից զրկելով Հայաստանի հավաքականին: Նույն խաղից Հայաստանում հայտնի դարձած Չիպոլինա եղբայրները ևս այս թիմում են խաղում: Ընդհանուր առմամբ, «Լինկոլնում» Ջիբրալթարի հավաքականի 8 ֆուտբոլիստ է խաղում: Մասնավորապես, դարպասապահ Գոլդվինը, ով փայլում էր Երևանում, և թույլ չտվեց գոլի հեղինակ դառնալ մեր ֆուտբոլիստներին:

Սակայն «Լինկոլնի» հիմնական դարպասապահն ամենևին էլ Գոլդվինը չէ: Համարը մեկը իսպանացի Լոլո Սոլերն է, ով իսպանական Սեգունդա Բ-ում (հզորությամբ՝ երրորդ դիվիզիոն) խաղալու փորձ ունի (51 խաղ «Լինենսեի» կազմում): Պաշտպան Մարկոս Պերեսը «Օսասունայի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է Սեգունդա Բ-ում, նույնիսկ հասցրել է «Օսասունայի» հիմնական կազմում երեսուն րոպե անցկացնել Լա լիգայում՝ 2012թ.-ին: Հարձակվող Էկտոր Ֆիգերոան «Լինկոլնի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներից մեկն է, «Լաս  Պալմասի» սան է, վերջինիս կազմում 18 հանդիպում է անցկացրել Սեգունդայում (երկրորդ դիվիզիոն) և հայտավորված է եղել նաև Լա լիգայի հանդիպումներին, մեկ մրցաշրջան էլ անցկացրել է «Ուեսկայում» (Սեգունդա): Մյուս ֆուտբոլիստներին առանձին չնշելով՝ նկատենք, որ նրանց մեծ մասը հանդես են եկել իսպանական Սեգունդա Բ-ում:

Գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն ևս Սեգունդայում աշխատելու մեծ փորձ ունի: Որպես ֆուտբոլիստ Աֆոնսոն կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լաս Պալմասում», իսկ հետո երկար տարիներ մարզել է «Լաս Պալմասի» երկրորդ կազմը, մեկ տարի էլ աշխատել է «Ատլետիկո Մադրիդ Բ»-ում: «Լինկոլնի» հետ հենց առաջին փորձից նվաճել է Ջիբրալթարի չեմպիոնի կոչումը:

Ակնկալել, որ ջիբրալթարցիները խաղի մեծ մասն անցկացնելու են սեփական կիսադաշտում՝ ապավինելով հակագրոհների միայն այն հիմքի վրա, որ այդպես էր խաղում ազգային հավաքականը, սխալ կլինի: Աֆոնսոն իսպանացի մարզիչ է, թիմն էլ մեծ մասամբ համալրված է իսպանացի ֆուտբոլիստներով, կտրուկ գրոհների կարող ենք ականատես լինել հյուրերի կողմից, հատկապես պետք է զգուշանալ եզրային հարձակվողներից: Մյուս կողմից, Մինասյանի թիմը բացահայտ ֆավորիտ է, և պետք է փորձի արդեն առաջաին խաղում դիմակայության ելքի մասին հարցերը փակել: Այնպես որ, պետք է չափազանց ուշադիր լինել պաշտպանությունում, գործել կենտրոնացած և սառնասիրտ գտնվել գոլային պահերի իրացման ժամանակ:

FCSB կամ «Ստյաուա»

«Ալաշկերտի» մրցակիցը երկրորդ փուլում ամենևին էլ Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբը չէ, համենայն դեպս, իրավաբանորեն: «Ֆուտբոլային Ակումբ Ստյաուա Բուխարեստը» ոչ թե Ռումինիայի 26-ակի չեմպիոն է, այլ՝ 5-ակի: Իրավաբանորեն: Իսկ թե երբ է հիմնադրվել, նույնիսկ իրավաբանորեն, դժվար է ասել:

1947թ.-ին հիմնադրված «Ստյաուան» համարվել է ռումինական բանակի սպորտային ակումբի ֆուտբլային թիմը, սակայն 2003թ.-ին առանցնացել է այդ սպորտային ակումբից՝ «Ստյաուա» ՖԱ անվանմամբ: Հաջորդ 16 տարիների ընթացքում (մինչ օրս) ռումինական բանակի սպորտային ակումբը և դրանից առանձնացած ֆուտբոլային ակումբը դատական քաշքշուկների մեջ են: Ռումինական բանակին սկզբում հաջողվեց ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջիջի Բեկալիից խլել թիմի անունը, այդ պատճառով «Ստյաուան» դարձավ FCSB («Ֆուտբոլային Ակումբ Ստյաուա Բուխարեստ»), իսկ օրեր առաջ նաև ակումբի տիտղոսների մեծ մասը: Մի խոսքով, իրավիճակը խառն է, բայց դա միայն իրավաբանական դաշտում:

Իսկ ֆուտբոլային խաղադաշտում ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հասկանալի: «Ստյաուան» (եկեք, ի վերջո, մի կողմ դնենք բոլոր այդ իրավաբանական ձևականությունները և մոռանանք ռումինական բանակը) Ռումինիայի փոխչեմպիոնն է` համալրված փորձառու ռումին ֆուտբոլիստներով և որակյալ լեգիոներներով: Նախորդ մրցաշրջանից հետո փոխվել է թիմի գլխավոր մարզիչը. Միխայ Տեխային փոխարինել է Բոգդան Անդոնեն: Դարպասապահ Կրիստիան Բալգարդեանը Ռումինիայի հավաքականի թեկնածու է (հաճախ հրավիրվում է, բայց միայն մեկ հանդիպման է մասնակցել): Թիմի ավագ Միհայ Պինցիլին Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ է, բայց վերջին մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով: 

«Ստյաուան» առաջին հերթին առանձնանում է չափազանց ուժեղ հարձակման գծով. ամենաարդյունավետը ֆրանսիացի Հարլեմ Գնոհերենեն է (15 գոլ նախորդ մրցաշրջանում), սակայն վերջինս վնասվածք ունի և «Ալաշկերտի» հետ չի խաղալու: 30-ամյա Յոան Հորան կարող է փոխարինել թիմի լավագույն ռմբարկուին, նախորդ մրցաշրջանում նա 14 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Չափազանց վտանգավոր են եզրային հարձակվողները՝ 20-ամյա Դեննիս Մանը (33 խաղ 9 գոլ) և 21-ամյա Ֆլորինել Կոմանը (35 խաղ, 11 գոլ): Երկուսն էլ Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ են, Եվրոպայի այս տարվա առաջնության կիսաեզրափակչի մասնակից: Հարձակողական քառյակը իդեալական տեսք է ստանում, երբ կենտրոնական հարձակվողի թիկունքում գործում է Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆլորիան Տանասեն:

Խաշմանյանի թիմը, առաջին հերթին պետք է ուշադիր խաղա պաշտպանությունում, փորձի կապել մրցակցի եզրերը, հնարավորինս նվազագույնի հասցնի մրցակցի եզրային անցումները: Կոմանը, Մանը և Տանասեն կարող են գլխապտույտ առաջացնել մեր թիմի պաշտպանների մոտ իրենց տեղաշարժերով: Գնդակը վերահսկելը կարևոր պայման է այս խնդիրը լուծելու համար, սակայն որքանով դա կհաջողվի, դժվար է ասել:

«Յաբլոնեց»

Չեխիայի առաջնության 4-րդ թիմը շատ փորձառու կազմ ունի. թիմում ընդգրկված չեխ ֆուտբոլիստների մեծ մասը խաղացել է կամ խաղում է Չեխիայի տարբեր տարիքային ազգային հավաքականներում: Ամենահայտնին Տոմաշ Հյուբշմանն է (58 հանդիպում Չեխիայի հավաքականի կազմում), ով 2004-2014թթ.-ին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», 8 անգամ դարձել Ուկրաինայի չեմպիոն: «Շախտյորում» եղել է Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը: Հենակետային կիսապաշտպան 37 տարեկան հասակում է շարունակում է մնալ «Յաբլոնեցի» հիմնական կազմի խաղացող:

Նախորդ մրցաշրջանից հետո «Յաբլոնեցը» մի շարք կորուստներ է կրել. առաջատարներից մեկը ՝ Միխալ Տրավնիկը և հիմնական պաշտպան Դավիդ Լիշկան տեղափոխվել են Պրահայի «Սպարտա», ևս երկու պաշտպան՝ Տոմաշ Հոլեշը և Դավիդ Հովորկան համալրել է Պրահայի «Սլավիայի» կազմը, տաղանդավոր Լուկաշ Մասոպուստը մեկնել էր Պրահա դեռևս ձմռանը: Փոխարենը, «Յաբլոնեցը» կարողացել է ձեռք բերել  Ուկրաինայի հավաքականի թեկնածու Անդրեյ Ցուրիկովին, ինչպես նաև կազմում լավագույն ռմբարկուներ Մարտին Դոլեժալին և Յան Խրամոստային (ժամանակին համարվում էր իր սերնդի ամենատաղադնավոր ֆուտբոլիստներից մեկը): Բացի այդ, վարձավճարով ձեռք են բերվել Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Յան Սիկորան, 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Յան Մատուշեկը և 27-ամյա եզրային պաշտպան Յան Յուգաշը, բոլորն էլ՝ Պրահայի «Սլավիայից»: Սիկորան և Մատուշեկը արդեն հասցրել են դառնալ թիմի հիմնական կազմի խաղացողներ՝ իրենց ներդրումն ունենալով Չեխիայի առաջնության առաջին տուրում «Բոհեմիանսի» նկատմամբ տարած հաղթանակում (Մատուշեկը դուբլի հեղինակ է դարձել), իսկ ահա Յուգաշը վնասվածք ունի:

Տարխանովի թիմը պետք է փորձի օգտվել այն փաստից, որ «Յաբլոնեցի» կազմը, նախորդ մրցաշրջանի համեմատ էական փոփոխություններ է կրել, հատկապես՝ պաշտպանությունը:  Միևնույն ժամանակ, առջևի գծում չեխերը կարող են շատ վտանգավոր լինել, այնպես որ, «Փյունիկը» չպետք է կրկնի «Շկուպիի» հետ թույլ տված պաշտպանության սխալները:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000