Որոնել
Արխիվ
22.07.2019  18:32

Վարդան Մինասյան. «Թերագնահատման մասին ավելորդ է անգամ խոսել»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի` «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ տնային հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել:

Մրցակցի մասին

«Նախ նշեմ, որ մեր թիմն ամբողջովին` ֆիզիկապես և հոգեբանորեն վերականգնվել է ԱԻԿ-ի դեմ խաղից հետո: Երկու խաղերի սցենարը հաշվի առնելով, կար մի փոքր ափսոսանքի զգացողություն:

Ուսումնասիրել ենք վաղվա մրցակցին: Ցանկացած թիմ ունի իր ուժեղ և թույլ կողմերը: «Լինկոլնը» շատ աշխատասեր թիմ է: Նրանք 90 րոպե աշխատում են, երբեք թևաթափ չեն լինում, գլուխները չեն կախում: Թերագնահատման մասին ավելորդ է անգամ խոսել: Թղթի վրա կա ֆավորիտ, բայց, եթե ինչ-որ պահի թերագնահատենք մրցակցին, դա շատ վատ հետևանքներ կունենա: Հուսով եմ` մեր թիմը պրոֆեսիոնալ է և նման խնդիր չի ունենա:

Առանց վնասվածքների

«Փառք Աստծո, մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: 23 ֆուտբոլիստներից կընտրենք 18-ին: Հուսով եմ` այն խնդիրները, որոնք ունեցանք ԱԻԿ-ի դեմ պատասխան խաղից առաջ, այս անգամ չեն լինի: Դա խառնեց մեր ծրագրերը (նկատի ունի Լուիս Օգանային վիզա չտամադրելը-խմբ.)»:

Հարձակման ուղղությամբ աշխատանքը

«Հարձակման գծում թիմի խաղի բարելավումն այնքան սխեմայից չէ կախված, որքան՝ համագործակցությունից: Ֆուտբոլում կան չգրված օրենքներ: Ֆուտբոլիստները պետք է զգան միմյանց, իսկ դա ժամանակ է պահանջում: Մենք այս շաբաթվա ընթացքում ավելի շատ հենց հարձակման վրա ենք ուշադրություն դարձրել: Մեր առջևի գծի ֆուտբոլիստները բավական լավն են և կարծում եմ` շուտ կսկսեն միմյանց հասկանալ»:

Երրորդ փուլում վրացական «Սաբուրտալոյի» կամ Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղալու վիճակահանության մասին

«Իսկապես չէի ցանկանա այդ մասին խոսել: Իմ և, հուսով եմ, ամբողջ թիմի մտքերը Ջիբրալթարի ակումբի մասին են»:

Մ19 հավաքականում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Նարեկ Ալավերդյանի ու Արամ Քոլոզյանի ելույթների մասին

«Ցավոք, ժամանակի սղության պատճառով չեմ հասցրել դիտել խաղերը, բայց տեղեկություն ունեմ նրանց ելույթների մասին: Մեր երկրորդ թիմի մարզչից մշտապես հարցնում եմ, թե ինչպես են խաղում: Լավ կարծիքներ լսեցի Ալավերդյանի մասին, հատկապես, որ նա դեռ 17 տարեկան է:

19 տարեկանների հավաքականի համար դժվար էր, որովհետև մրցակիցները շատ ուժեղ էին: Մեր հավաքականի ֆուտբոլիստներն ավելի շատ իրենց համար պետք է խաղային, որովհետև Երևանում շատ եվրոպական ակումբների ներկայացուցիչներ կային և հետևում էին բոլորի ելույթներին»:

Ժիրայր Շաղոյանի և նրան կարգապահական պատճառով Մ19 հավաքական չհրավիրելու մասին

««Արարատ-Արմենիայում» նրա հետ նման խնդիր չի եղել: Բայց ցանկացած թիմում, որտեղ 20-ից ավելի ֆուտբոլիստներ կան, միշտ խնդիրներ լինում են: Թող ոչ ոք գլուխ չգովի, որ նրա թիմում խնդիրներ չեն լինում: Հայաստանի Մ19 հավաքականի մարզիչը կամ տնօրենը շատ ճիշտ որոշում են կայացրել՝ չհրավիրելով կարգապահական խախտում թույլ տված ֆուտբոլիստին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000