Որոնել
Արխիվ
19.07.2019  11:55

Հայկական նորաստեղծ ակումբի բարդ ընտրությունն ու նպատակները

Հայաստանում նորաստեղծ ակումբների թվին է միացել «Մասիսը», որի մասին տեղեկությունները շատ քիչ էին: Միայն հայտնի էր, որ հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբում: Ակումբին ավելի լավ ծանոթանալու համար ArmFootball.com-ը զրուցեց «Մասիսի» տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ (լուսանկարում` աջից): Վերջինս հայտնի է նրանով, որը տարիներ առաջ հիմնել էր «Ուրարտու» ակումբը, որին այն ժամանակ ՀՖՖ-ի նոր օրենքները խանգարեցին մասնակցել Բարձրագույն խմբին: Ներկայացնում ենք Ոսկանյանի հետ հարցազրույցից հետո մեզ հայտնի դարձած տեղեկությունները:

Քաղաքն ու մարզադաշտը

«Մասիսը» ներկայացնելու է համանուն քաղաքը: Առաջիկա մրցաշրջանում տնային խաղերն անցկացվելու են Ձորաղբյուրի մարզահամալիրի խաղադաշտում: Մասիսի քաղաքի մարզադաշտն արդեն տրամադրվել է ակումբին, սակայն այն վերանարոգման կարիք ունի: Աշխատանքները դեռ չեն սկսվել:

Ֆինանսավորումը

Այս պահին հենց Ոսկանյանն է ֆինանսավորում, սակայն արդեն կա կազմակերպություն, որը պատրաստվում է ակումբի հովանավորը դառնալ: Միջազգային և նույնիսկ տեղական կազմակերպությունների համար Հայաստանում ակումբ ֆինանսավորելն էժան է համարվում, այդ պատճառով պատրաստ են նման քայլի գնալ:

Մարզիչը

Ներկայումս «Մասիսը» գլխավոր մարզիչ չունի: Ոսկանյանը ցանկանում է, որ նա Պրո կարգի արտոնագիր ունեցող հայ մասնագետ լինի: Տարբերակները շատ չեն և այս պահին քննարկման փուլում են: Այս օրերին թիմին ժամանակավորապես մարզող այլ մասնագետ կա:

Ֆուտբոլիստները

«Մասիսի» ղեկավարը ցանկանում է, որ ակումբը կազմավորված լինի հայերի ու լեգիոներների ճիշտ բաշխումով: Ակումբը կնախընտրի 4-5 բարձրակարգ արտասահմանցիներ հրավիրել, ովքեր իսկապես կգերազանցեն տեղացիներին, այլ ոչ թե գրեթե ամբողջ կազմ լեգիոներ հավաքել:

Օրերս ակումբը հրաժարվել է փորձաշրջան ացնող 6-7 հայ ֆուտբոլիստներից, որոնք որակապես չեն համապատասխանել թիմին: Ոսկանյանն ցավով նշեց, որ հայ գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստներն արդեն թիմեր ունեն և նրանք ստիպված են լինելու հավաքագրել այլ ակումբներում տեղ չգտած խաղացողների: Նշվեց նաև, որ «Մասիսում» ուժեղ դարպասապահ կա, ով հանդես է եկել «Սպարտակում» և «Անժիում»:

Կապը «Երևան» ակումբի հետ

Անկախ այս ծրագրերից, Արթուր Ոսկանյանը կարող է նոր մրցաշրջանը չսկսել «Մասիսում»: Նրան առաջարկ է հետևել ղեկավարել Բարձրագույն խմբի նորեկ «Երևան» ակումբը: Ոսկանյանը նշեց` եթե այդ առաջարկն ավելի հստակեցվի ու կոնկրետ լինի, հնարավոր է նա պայմանագիր կնքի: Այդ դեպքում «Մասիսին» ֆինանսավորող կազմակերպությունն ակումբը ղեկավարելու համար այլ մարդու կնշանակի:

Ուշագրավ է, որ «Երևանի» նախագահ Կարեն Հարությունյանը Ոսկանյանին արդեն լիազորել է զբաղվել թիմի կազմավորմամբ և այլ հարցերով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000