Որոնել
Արխիվ
18.07.2019  00:43

Ոսկանյան. «Հավաքականի ֆուտբոլիստը դաշտում պետք է մեռնի, ինչպես՝ պատերազմում»

Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության B խմբի 2-րդ տուրում Հայաստանի ընտրանին «Հանրապետական» ստադիոնում մրցեց Իտալիայի հավաքականի հետ ու պարտվեց՝ 0-4։ Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը։

«Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր մարզադաշտում էին և մինչև վերջ ոգևորում էին մեր տղաներին։ Շնորհակալություն, միևնույն ժամանակ՝ ներողություն։ 

Ես տղաներին միշտ ասել եմ, որ իրենցից շատ եմ հավատում նրանց։ Նրանք կարողանում են խաղալ, բայց գալիս է մի պահ, երբ այնպիսի սխալներ են թույլ տալիս, որ ծիծաղելի է։ 

Գիտեի, որ նրանց համար հոգեբանորեն դժվար է լինելու նման ահեղ մրցակիցների հետ խաղալը։ Հոգեբանական ճնշում կա մեր ֆուտբոլիստների վրա։ Նրանք սխալից հետո շատ ուշ են վերականգնվում։

Նրանք խաղացին Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերի հետ նախապատրաստական փուլում և կարողացան պայքարել հավասարը հավասարի հետ, բայց առաջնությունում՝ չստացվեց։

Անցած խաղում՝ Իապանիայի հետ, տղաներն ավելի կաշկանդված էին։ Այս խաղում նրանք ավելի համարձակ էին ու կարողանում էին վերահսկել գնդակը։ Տղաներին ասել էի, որ պետք է արժանի պայքար մղել, իսկ հաշվի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։

Պորտուգալիայի հետ հաջորդ խաղում մեր ֆուտբոլիստները պետք է ավելի շատ հավատան իրենց ուժերին։ Ես նույնպես խաղացել եմ Հայաստանի հավաքականում և, կարող եմ ասել, որ հավաքականի ֆուտբոլիստը դաշտում պետք է մեռնի, ինչպես՝ պատերազմում։ Այո՛, պարտվել ենք, բայց պետք է տղամարդկություն ունենանք և վերջին խաղում ցույց տանք այն, ինչ կարող ենք։

Եթե մինչև առանջությունն ընկերական խաղերում մրցեինք թույլ մրցակիցների հետ ու ջախջախեինք՝ չէր ավելանա վստահությունը։ Մենք խաղացինք «Ալաշկերտի» և «Լոռիի» հետ, որպեսզի տղաները հասկանան, որ կարող են պայքարել ցանկացած մրցակցի հետ։ Նրանցից շատերը դեռ շանս չունեն խաղալ Բարձրագույն խմբում, բայց հավաքվեցին և խաղացին Բարձրագույն խմբի դեմ։ Կարող եմ տալ ֆուտբոլիստների անուններ, որոնք կարող են խաղալ Բարձրագույն խմբում և վստահություն ձեռք բերել։ Օրինակ՝ Արսեն Եղիազարյանը, ով այսօր խաղում է նման հարձակվողների դեմ, Նարեկ Գրիգորյան, Սերգեյ Մկրտչյան, Գրենիկ Պետրոսյան․․․ Ինչու՞ չխաղան․․․ Ես առաջին անգամ Բարձրագույն խմբում խաղացել եմ 16 տարեկան հասակում՝ 1996 թվականին։ Ամեն թիմում խաղում էին նման երիտասարդ 5-6 ֆուտբոլիստներ։ Այսօր կա՞ այդ առաջնությունում գեթ մեկ 19 տարեկան, ով հիմնական կազմի խաղացող է։ Չկա, և մեր առաջնության մակարդակը տեսնում ենք»,- Ոսկանյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000