Որոնել
Արխիվ
08.07.2019  13:28

Հայկական ֆուտբոլը ցավալի կորուստ կրեց

80 տարեկան հասակում մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ-ի վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Հովիվյանը ծնվել էր 1938թ.-ի նոյեմբերի 17-ին՝ Սուխումիում: Ֆուտբոլիստի կարիերան սկսել է Քութիայիսիի «Լոկոմոտիվում», 1958թ.-ին տեղափոխվել Երևանի «Սպարտակ»: 1961թ.-ին զորակոչվել էր բանակ և սկսել հանդես գալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում, բայց ՀԽՍՀ-ի իշխանությունների, Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի, կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով և անձամբ Անաստաս Միկոյանի ու մարշալ Հովհաննես Բաղրամյանի միջմատությունից հետո Հովիվյանին թույլ տվեցին ծառայել Հայաստանում և հանդես գալ Երևանի «Սպարտակի» կազմում, որը հետագայում վերանվանվեց և դարձավ Երևանի «Արարատ»: Իր կարիերայի ընթացքում կարճ ժամանակահատվածում հանդես եկավ նաև Մոսկվայի «Սպարտակում», հետո վերադարձավ «Արարատ», իսկ կարիերան ավարտեց 1971թ.-ին՝ Վանաձորի «Լոռիում»: «Արարատի» կազմում, ընդհանուր առմամբ մասնակցել է 298 հանդիպման, դարձել է 62 գոլի հեղինակ:

Որպես մարզիչ աշխատել է Գյումրիի «Շիրակում», «Լոռիում»: 1978թ.-ին մեկնել է Ինդոնեզիա, որտեղ մարզել է տեղի ազգային հավաքականը, հետո առաջնությունում հանդես եկող մի շարք թիմեր: 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ:

Հովիվյանի խաղին ֆուտբոլասերներն ու մասնագետները հիացմունքով էին հետևում՝ նշելով, որ նա ԽՍՀՄ-ում հանդես եկող ֆուտբոլիստների մեջ լավագույն տեխնիկան ուներ: Հանդես գալով հարձակվողի դիրքում՝ Հովիվյանը մի շարք ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել: Հատկապես առանձնանում էր «չոր տերև» տեսակի հարվածով, որի օգնությամբ երեք անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ անկյունայինից կատարած ուղիղ հարվածով:

ArmFootball.com-ը իր աշխատակազմի և ընթերցողների անունցի ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000