Որոնել
Արխիվ
29.06.2019  17:43

Անգուլո Վբեյմար. «Պատրաստ եմ խաղալ Հայաստանի հավաքականում»

Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպանի դիրքը լուրջ համալրման կարիք ունի:  Միգուցե, այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել Հայաստանի առաջնությունում հանդես եկող արտասահմանցիների միջոցով: Մասնավորապես «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Անգուլո Վբեյմարը հաջորդ տարի ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ և պատրաստ է խաղալ Հայաստանի հավաքականում: ArmFootball.com-ի հետ զրույցում 27-ամյա կոլումբացին խոսեց այդ և այլ թեմաների մասին:

- Վնասվածքի պատճառով բաց թողեցիք մրցաշրջանի ավարտը, ապա վիրահատվեցիք: Հիմա Ձեզ ինչպե՞ս եք զգում, ե՞րբ կապաքինվեք:

- Արդեն ավելի լավ եմ զգում: Շուտով կմիանամ թիմին և կմարզվեմ բոլորի հետ:

- Այն պահից, երբ տեղափոխվել եք «Գանձասար», թիմը երբեք առաջնությունում այսքան ցածր տեղում (6-րդ) չէր ավարտել:  Ի՞նչն էր պատճառը:

- Բարձրացավ առաջնության մակարդակը: Նաև որոշ խնդիրներ եղան թիմում: Փոփոխություններ կատարվեցին կազմում, որոշ ֆուտբոլիստներ հեռացան: Մենք էլ չկարողացանք լավ արդյունքի հասնել: Առաջնության վերջում կարողացանք բարելավել մեր արդյունքները, սակայն արդեն ուշ էր։ Մենք միշտ պայքարում էինք մրցաշարային աղյուսակի վերնամասում, բայց վատ է, որ այս անգամ գոնե Եվրոպա լիգայի ուղեգիր չվաստակեցինք:

- Մրցաշրջանի ընթացքում Արմեն Պետրոսյանը փոխարինեց Աշոտ Բարսեղյանին: Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում թիմում:

- Որոշ բաներ փոխվել են, բայց մեծ հաշվով փոխությունները շատ չեն։ Պետրոսյանն ինձ համար լավ մարզիչ է, նա  կարողացավ հոգեբանորեն ուժեղացնել թիմին:  Ֆուտբոլիստներն էլ կարողացան առաջնության վերջնամասում ինչ-որ հաջողություններ գրանցել:

- Իսկ խաղային առումո՞վ:

- Պետրոսյանի ֆուտբոլում ավելի շատ ենք ուշադրություն դարձնում հակագրոհներին և ավելի կոմպակտ ենք խաղում: Այլ զգալի փոփոխությունների մասին դեռ վաղ է խոսել, որովհետև մարզիչը դեռ կարճ ժամանակ է գլխավորում թիմը:

- Նախորդ ամռանը «Գանձասարը» խաղային առումով տպավորիչ ելույթ ունեցավ Եվրոպա լիգայում: Դրանից հետո թիմի մի քանի առաջատար խաղացողների գրավիչ առաջարկներ կատարվեցին և նրանք հեռացան: Դուք նու՞յնպես այլ ակումբից առաջարկ ստացել եք:

- Առաջարկներ ստացել եմ, բայց շատ խոշոր չեն եղել: Ես հիմա «Գանձասարում» եմ և ինձ այստեղ լավ եմ զգում:

- Ի՞նչ է «Գանձասարին» հարկավոր Հայաստանի չեմպիոն դառնալու համար:

- Մենք տեղացի լավ նորեկներ ունենք, որոնք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Լավ ենք նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Երբ մեկնարկում է առաջնությունը, բոլոր թիմերն էլ ասում են, որ պետք է չեմպիոն դառնանք: Մեր թիմի վերաբերյալ միայն մեկ բան կարող եմ ասել. ուժեղ թիմ ունենք և պայքարելու ենք:

- Չորս տարի է հանդես եք գալիս Հայաստանի առաջնությունում և մեկ տարի հետո իրավունք կունենաք խաղալ Հայաստանի հավաքականում: Եթե Հայաստանի հավաքականից առաջարկ ստանաք, կընդունե՞ք:

- Իհարկե, կընդունեմ: Ես ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում: Դա ինձ համար շատ լավ հնարավորություն կլինի:

- Պատրա՞ստ եք այս ամռանը մերժել այլ երկրների ակումբների հնարավոր առաջարկներ, որպեսզի մեկ տարի մնաք այստեղ և 2020 թվականից Հայաստանի անձնագիր ստանաք:

- Եթե անկեղծ, ես հիմա էլ առաջարկ ունեմ արտասահմանից և նույն պայմանները չեն ինչ Հայաստանում, բայց ինձ համար հաճույք է Հայաստանում լինել և խաղալ: Ուրախ կլինեմ, թե  հաջողվի Հայաստանի անձնագիր ստանալ:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000