Որոնել
Արխիվ
19.06.2019  16:10

Ֆուտզալ. Իտալիայի ո՞ր կազմի նկատմամբ է ընկերական խաղում հաղթանակ տարել Հայաստանի հավաքականը

Երեկ Իտալիայում կայացած ընկերական խաղում Հայաստանի ֆուտզալի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է տանտերերի ընտրանուն:

Իհարկե, դա խոշոր սենսացիա է, քանի որ Իտալիայի հավաքականը աշխարհի ուժեղագույն ընտրանիներից մեկն է, որը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Վերջին անգամ չեմպիոն է դարձել 2014թ.-ին, եղել է աշխարհի փոխչեմպիոն: Ճիշտ է, Եվրոպաի վերջին առաջնությունում իտալացիները, որոնց կազմում քիչ չեն այլազգի ֆուտբոլիստներ, մասնավորապես՝ բրազիլացիները (սովորական երևույթ ֆուտզալի համար), չեն կարողացել դուրս գալ խմբից, բայց, նույն առաջնությունում հայտնվելը Հայաստանի հավաքականի համար առայժմ հեռու երազանք է, իսկ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին հաղթելը, իսկապես, պատմական է:

Բայց, հանուն արդարության, պետք է նշել, որ Իտալիայի հավաքականը երեկվա խաղում իր հիմնական կազմով չէր հանդես գալիս: Ավելին, Իտալիայի հավաքականի հիմնական կազմի ոչ մի խաղացող երեկ ֆուտզալի դահլիճում չէր: Երեկվա հավաքականը փորձնական կազմ էր, որը հավաքվել էր առաջին անգամ, և, համաձայն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի կրում էր Nazionale di futsal Giovani Esordienti անվանումը, թարգմանաբար՝ «Երիտասարդ նորեկների ազգային հավաքական»:

Թիմը հավաքել էին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեսիո Մուստին և հավաքականների համակարգող, իտալական ֆուտզալի լեգենդ Ռոբերտո Մենիչելլին (նրա գլխավորությամբ է հավաքականը 2014թ.-ին դարձել Եվրոպայի չեմպիոն): Խաղացողներն իսկապես երիտասարդ էին և ներկայացնում էին իտալական ֆուտզալի տաբեր լիգաները՝ Սերիա Ա, Սերիա Ա-2, Սերիա Բ (համեմատության համար՝ հիմնական կազմը կազմված է բացառապես Սերիա Ա-ի առաջատար թիմերի և արտասահմանյան ուժեղ ակումբների խաղացողներով): 

Մասնավորապես, ամենափորձառուն, թիմի դարպասապահն էր՝ Լուիջի Պիետրանջելոն, ով 24 տարեկան է, և Սերիա Ա-ում խաղալու մեծ փորձ ունի: Նա «Կամե Դոսսոնի» երկու դարպասապահներից մեկն է (ոչ հիմնական, բայց կայուն խաղաժամանակով): Փորձառու է նաև երեկվա թիմի ավագը՝ Նիկոլո Բարոնը՝ այս կազմի եզակիցներից մեկը, ով մեծահասակների հավաքականում խաղալու փորձ ունի: Ներկայումս 23-ամյա Բարոնը հանդես է գալիս Սերիա Ա-2-ում (մակարդակով երկրորդ լիգա): Խաղացողների մեծ մասը հանդես է եկել տարբեր տարիքի պատանեկան ու երիտասադական հավաքականներում, բաց ազգային հավաքականում խաղալու փորձ ունի միայն Բարոնը:18-ամյա Իբրահիմ Ղուատիին՝ Սերիա Բ-ում (մակարդակով երրորդ լիգա) հանդես եկող «Ռոմայի» կազմից, իսկական տաղանդ են համարում: Սերիա Ա-ում ընդգրկված թիմերից, բացի Պիետրանջելոյից, կային ևս 4 ֆուտբոլիստ, սակայն Բիսկոսին ու Լուպին հիմնական հանդես են գալիս «Լացիոյի» երիտասարդների կազմում, Վինչենցո Կապինիգրոն էլ՝ «Մետայի» երիտասարդական կազմում: Իսկ ահա 23-ամյա Լորիս դի Գուիդան «Մետայի» հիմնական կազմի խաղացող է: Իտալիայում չափազանց տաղանդավոր են համարում նաև 21-ամյա Ալեսիո Դ՛Էուջենիոյին, իսկ Հայաստանի հավաքականի դարպասը գրաված Ալվիզե Տենդերինին այժմ 23 տարեկան է, և նախկինում խաղացել է Իտալիայի Մ-21 հավաքականում: Ներկայումս խաղում է Սերիա Բ-ում հանդես եկող «Ֆենիչե Վենեցիա» թիմի կազմում:

Ամբողջովին Իտալիայի հավաքականի երեկվա կազմը ունեցել է հետևյալ տեսքը.

Լորենցո Պիետրանջելո, 24 տարեկան, «Կամե Դոսսոն», Սերիա Ա

Էդոարդո Բոտոսսո, 20 տարեկան, «Ֆենիչե Վենեցիա», Սերիա Բ

Ջովանի Պուլվիրենտի, 23 տարեկան, «Սալինիս», Սերիա Ա-2

Նիկոլո Բարոն, 23 տարեկան, «Կարե Չիուպանո», Սերիա Ա-2

Մատեո Բիսկոսի, 21 տարեկան, «Լացիո», երկրորդ կազմ, Սերիա Ա

Անտոնիո Մոլարո, 20 տարեկան, «Բիսկելիե», Սերիա Ա-2

Իբրահիմ Ղուատի, 18 տարեկան, «Ռոմա» Մ19, Սերիա Բ

Լորիս դի Գուիդա, 23 տարեկան, «Մետա», Սերիա Ա

Ալեսիո Դ՛Էուջենիո, 21 տարեկան, «Օլիմպուս Ռոմա», Սերիա Ա-2

Ալվիզե Տենդերինի, 23 տարեկան, «Ֆենիչե Վենեցիա», Սերիա Բ

Էմիլիանո Գաստալդո, 20 տարեկան, «Ռոմա», Սերիա Բ

Յակոպո Լուպի, 20 տարեկան, «Լացիո», երկրորդ կազմ, Սերիա Ա

Վինչենցո Կապինիգրո, 21 տարեկան, «Ֆելդի Էբոլի», երիտասարդական կազմ, Սերիա Ա

Կրիստիան Չերուլլի, 20 տարեկան, «Լիդո դի Օստիա», Սերիա Ա-2

Այսօր Հայաստանի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի այս ընտրանու հետ: Անկախ ամեն ինչից, մեր թիմի հաղթանակը երեկ բացառիկ էր, քանի որ մրցակցի կազմում հանդես էին գալիս եվրոական ուժեղ առաջնությունների խաղացողներ: Այսօր կայանալիք երկրորդ խաղում ևս հաջողություն ցանկանանք մեր թիմին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000