Որոնել
Արխիվ
09.06.2019  19:45

Հայաստան – Լիխտենշտեյն. ArmFootball.com-ի գնահատականները

Եվրո-2020-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ: Հատկապես առաջին կեսում հայկական թիմը վերջին տարիների լավագույն խաղերից մեկը ցուցադրեց. արագ, ագրեսիվ, հարձակվողական ֆուտբոլ: Եթե մրցակիցը համեմատաբար ավելի ցածրակարգ չլիներ, Արմեն Գյուլբուդաղյանցի թիմին հաղթանակը շատ ավելի մեծ նվաճում կհամարվեր:


ArmFootball.com-ը 10 բալանող համակարգով ներկայացնում է իր գնահատակնները ֆուտբոլիստներին ու մարզչին:

Արամ Հայրապետյան (5,5) - Առաջին կեսում աշխատանք գրեթե չուներ, իսկ երկրորդում հյուրերը ակտիվացան, և Հայրապետայնի դարպասի մոտ վտանգավոր պահեր առաջացան: Ընդ որում, դրանցի մեծ մասը հենց ինքը՝ Արամն էլ բերում էր իր դարպասին, հետո էլ կամ ինքն էր հերոսաբար փրկում, կամ էլ պաշտպանները: Իր մեղքով հյուրերը ազատ հարվածի իրավունք ստացան մեր դարպասի մոտ: Մի դրվագում ուղղեց Տարոն Ոսկանյանի կոպիտ սխալը: Այնուամենայնիվ, չի կարելի չնշել, որ այդ սխալների մեծ մասն առաջացան նրա վնասվածքի հետ, երբ գնդակը հեռացնելիս անհաջող ընկավ:

Կամո Հովհաննիսյան (7,0) – Այս անգամ հանդես եկավ պաշտպանության ձախ եզրում: Սովորականի պես ակտիվ էր, անընդհատ նետվում էր առաջ, պաշտպանությունում հուսալի էր: Անցումներից հետո փոխանցումները ստիպված կատարում էր ձախ ոտքով, այդ պատճառով այս անգամ նրա փոխանցումները մրցակիցը հեշտ էր վնասազերծում: Վերջում քչերից էր, ով շարունակում էր պահել առաջին կեսի բարձր տեմպը` դիմելով պրեսինգի և համարձակ առաջ նետվելով: Հաջող էին նաև նրա հեռահար փոխանցումները` 6-ից` 4:

Վարազդատ Հարոյան (7,0) - Հուսալի էր պաշտպանության կենտրոնում, բացի այդ խաղի երկրորդ րոպեին փայլուն գոլային փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին՝ ամբողջ կիսադաշտով գնդակն ուղարկելով մրցակցի տուգանային հրապարակ: Ընդհանրապես, նրա առաջին փոխանցումը շատ է բարելավվել «Ուրալում» հանդես գալու տարիներին, և հավաքականում էլ դա մեծ նշանակություն է ունենում: Այս խաղում նա 12 նմանատիպ փոխանցում կատարեց որոնցից 8-ը դիպուկ էին: Հիասքանչ ցուցանիշ:

Տարոն Ոսկանյան (6,0) - Ինչպես ամբողջ պաշտպանությունը, այնպես էլ Ոսկանյանը, առաջին կեսում հանգիստ գործեցին՝ հեշտությամբ վնասազերծելով մրցակցի հարձակվողներին: Սակայն երկրորդ կեսում դարպասապահի անվտսահությունը, կարծես, փոխանցվեց նաև նրանց: Մասնավորապես, Ոսկանյանը մեկ անգամ ուղղեց Հայրապետյանի կոպիտ սխալը՝ փրկելով թիմին, սակայն հետո ինքը սկսեց սխալվել: Երկու կոպիտ սխալ, որից հետո մեկ անգամ հավաքականին փրկեց Հայրապետյանը, մեկ անգամ էլ հյուրերի հարձակվողը շեղ հարվածեց:

Հովհաննես Համբարձումյան (6,5) - Վերադարձավ մեկնարկային կազմ ու իրեն գերազանց դրսևորեց: Շատ գործ չունենալով պաշտպանությունում, հաճախ էր միանում գրոհներին: Մասնակցեց երկրորդ գոլի գրոհին՝ կրնկով կատարած գեղեցիկ փոխանցումով: Երկրորդ կեսում ավելի ակտիվ էր, սուր փոխանցումներ էր կատարում տուգանային հրապարակ, մեկ անգամ էլ ինքն էր մոտ հաջողության հասնելու՝ Մխիթարյանի լավ փոխանցումից հետո, սակայն վրիպեց նպաստավոր դիրքից:

Կառլեն Մկրտչյան (7,0) – Այս ընտրական փուլում առաջին անգամ Գյուլբուդաղյանցը հենակետային գոտին վստահվեց միայն Մկրտչյանին և չսխալվեց: Կառլենը հաջող էր գործում կարճ փոխանցումով թիմի գրոհը զարգացնելիս (90 տոկոս ճշգրտություն), ինչպես նաև մրցակցինը քանդելիս` 14 մենապայքարներից 10-ում հաղթել է: 30-ամյա ֆուտբոլիստը համարձակ էր գնում առաջ, ստանդարտների ժամանակ պայքարում բարձրից փոխանցումների համար և հաճախ հաղթում դրանք: Նաև նկատվեց, որ նա նման ծավալի աշխատանք կարող է կատարել մոտ 70 րոպե: Այդ պատճառով փոխարինվեց:

Պետրոս Ավետիսյան (6,5) – «Արարատ-Արմենիայում» 23-ամյա ֆուտբոլիստն ավելի առաջ քաշված է գործում, ուստի ավելի քիչ սևագործ աշխատանք է կատարում: Հետևաբար ավելի դրական նշան է, որ խաղավերջում նա շարունակում էր թարմ մնալ, չնայած դրան` փոխարինվեց:  Մեկնարկային կազմում իր նորամուտի խաղում Պետրոսը հիմնականում թիմային խաղի դրական մասնիկն էր, որովհետև նրա անհատական վիճակագրությունը (բացի վերոնշյալ շատ աշխատելուց ու վազելուց), բարձր չէ: Նա 8 մենապայքարներից 6-ում պարտվել է: Հետագայում Ավետիսյանն ավելացնելու տեղ ունի, ինչ մասին խաղից հետո նշեց նաև Գյուլբուդաղյանցը:

Հենրիխ Մխիթարյան (8,5) – Յուրահատուկ թեթևություն կար թիմի ավագի գործողություններում: Երևում էր, որ կարոտել է ֆուտբոլը (վերջին անգամ խաղացել էր մայիսի 12-ին): Եթե մրցակիցը Լիխտենշտեյնը չլիներ, այս խաղը կդիտարկվեր որպես հավաքականում նրա լավագույն հանդիպումներից մեկը, եթե ոչ լավագույնը: 82 տոկոս ճշգրտությամբ փոխանցում, որոնցից մեծ մասը դեպի առաջ էին, իսկ 5-ը հեռահար ու դիպուկ: Հենրիխը 8 հարված կատարեց, որոնցից երկուսից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը: Հստակ տպավորություն կար, որ նրանից ընդհանրապես հնարավոր չէ խլել գնդակը: Նաև զգացվեց նրա ֆունկցիոնալ պատրաստության տարբերությունը մյուսներից. մինչև վերջ արագացումներ էր անում ու պրեսինգի դիմում:

Տիգրան Բարսեղյան (7,5) – Անչափ ակտիվ էր ու համարձակ էր խաղում: Նկատվում էր, որ գոլ խփելու ցանկություն ունի և չէր խուսափում առաջին իսկ հնարավորության դեպքում հարվածել: Դա լավ է, սակայն երբ տեղափոխվում էր կենտրոն ու գնդակը հարմարեցնում ձախ ոտքին, աջ եզրից հաճախ ֆուտբոլիստ էր միանում գրոհին ու ազատ լինում, ում փոխանցում կատարելու դեպքում ավելի վտանգավոր պահ կարող էր առաջանալ, բայց հետևում էր հարված: Վերջիվերջո, Տիգրան ջանքերը դրական ավարտվեցին և նա խաղավերջում գոլ խփեց: Նա ընդհանուր 7 հարված կատարեց, տարբեր տեսակի փոխանցումների լավ տոկոս ուներ, ինչպես նաև շատ մենապայքարներ հաղթեց: Բարսեղյանը վերջին ամիսներին հիանալի մարզավիճակում է և հարկավոր է դա օգտագործել հավաքականի շահերին:

Գևորգ Ղազարյան (8,5) – Հավաքականի կազմում իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց: Նախ, նա հաղթական գոլ խփեց լավ բացվելով և գնդակը հիանալի կասեցնելով: Երկրորդ գոլի ժամանակ հենց նրա հարվածը դարպասպահը չկարողացավ որսալ և Կարապետյանը գրավեց դարպասը: Բայց դա նույնիսկ կիսով չափ չի խոսում այն մասին, թե երեկ որքան հիասքանչ էր խաղում Ղազարյանը: Նրա գրեթե բոլոր որոշումները խաղը սրելուն էին ուղղված. խորքից փոխանցումներ, հեռահար փոխանցումներ (9-ից``8-ը դիպուկ), խաբքեր (9-ից` 6), տեղաշարժեր… ամեն ինչ: Հենց նա թիմակցի մոտ շարժում էր տեսնում, անմիջապես փորձում էր գնդակը հասցնել նրան, որքան էլ դա անհնար թվար:

Ալեքսանդր Կարապետյան (7) – Անընդհատ ակտիվ էր և միտված դարպասին: Կարապետյանը յուրաքանչյուր փոխանցում փորձում էր հարվածով և վտանգավոր գրոհով զարգացնել: իր խփած գոլի գոլի ժամանակ օգտագործեց գոլային հոտառությունը` չմնալով խաղից դուրս վիճակում և անմիջապես նետվելով հետ մղված գնդակին: Մյուս դեպքերում եթե նույնպես խուսափեր խաղից դուրս վիճակից, ևս երկու գոլ կխփեր և մեկ գոլային փոխանցում կկատարեր: Բոլոր երեք դեպքերում գոլը չարձանագրվեց:

Էդգար Բաբայան (6,5) – Ավանդաբար ակտիվ էր ձախ եզրում: Ընձեռնված 20 րոպեում հասցրեց 2 հաջող խաբք գրանցել և գոլային փոխանցում կատարել: Հերթական անգամ Բաբայանը ցույց տվեց, որ նրա հետ կարելի է հույս կապել անկախ նրանից մեկնարկային կազմում է, թե փոխարինման է մտնում:

Արտակ Գրիգորյան ու Ռումյան Հովսեփյան (5,5) – Երկուսն էլ փոխարինման մտան կիսապաշտպանությունը թարմացնելու համար: Նրանք շատ ագրեսիվ էին գնդակի համար պայքարում և մի քանի հաջող խլումներ գրանցեցին: Ռումյանի ագրեսիվությունը կարող էր նույնիսկ կարմիր քարտով ավարտվել, սակայն մրցավարը նման քայլի չգնաց մի խաղում, որում մինչև այդ նույնիսկ դեղին չէր ցուց տվել:

Արմեն Գյուլբուդաղյանց (7,5) – Լուրջ հետևություններ և վերլուծություն էր կատարել Լիխտենշտեյնի դեմ նախորդ հանդիպումների համեմատ: Թիմը գտավ և օգտագործեց մրցակցի թույլ տեղը` դեպի կենտրոնական պաշտպանների թիկունք բարձրից կատարված փոխանցումները: Նրա թիմում այնպիսի թեթևություն կար, որը դեռ չէինք տեսել, նույնիսկ Մակեդոնիայի (4:0) դեմ հաղթական խաղում: Միգուցե, պատճառն արագ գոլն էր, սակայն թիմին հենց արագ գոլի առաջադրանք էր տրված: Հաճելի էր տեսնել նաև ֆուտբոլիստների հիանալի համագործակցությունը: Հենց կիսապաշտպանը հայտնվում էր հարձակման կենտրոնում, նրա դիրքն անմիջապես ապահովագրում էին: Ազատ գոտի տեսնող ֆուտբոլիստն ամիջապես այնտեղ էր ներխուժում` վստահ լինելով, որ նրա գոտին կփակեն: Փոխանցումները մեկ հպումով և արագ, եզրերն ակտիվ: Հարձակվողական ֆուտբոլի երեկո էր: Միայն ցավալի էր, որ նա հանուն հաղթական հաշվի փոխարինումներ կատարեց կենտրոնն ուժեղացնելու, այլ ոչ թե շանս տվեց մյուս երիտասարդներին:

Հայաստանի հավաքականն տպավորիչ` 31 հարված կատարեց, որոնցից 14-ը դարպասին: Գնդակին սպասվածի պես տիրեց շատ` 64 տոկոս, ինչպես նաև 12 անկյունային խաղարկեց: Ուշագրավ է, որ մեր թիմը 18 անգամ խախտեց խաղի կանոնները, ինչը գրեթե երկու անգամ շատ է մրցակցից, սակայն այդ ֆոլերը մեծամասամբ տակտիկական էին և տեղին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000