Որոնել
Արխիվ
04.06.2019  17:38

Ըմբշամարտ. Երիտասարդների ԵԱ. Երեք հայ ըմբիշ կիսաեզրափակչում, ևս երկուսը կգոտեմարտեն բրոնզի համար

Իսպանիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Այսօր մինչև 60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը նախ 11-0 հաշվով հաղթեց իսպանացի Էնդի Խուան Սուչին, այնուհետև 8-0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Տամաշ Տյորյոկին: Կիսաեզրափակչում Սահակի մրցակիցը կլինի վրացի Դիեգո Չխիկվաձեն: Նշենք, որ 2018թ.-ի պատանիների օլիմպիական խաղերում Հովհաննիսյանը պարտվել էր հենց Չխիկվաձեին:

Մինչև 67 կգ քաշային կարգում Հայկ Մելիքյանը 8-0 հաշվով հաղթեց սերբ Ալեկսա Իլիչին, այնուհետև 14-5 հաշվով առավելության հասավ ավստրիացի Ակեր Ալ Օբաիդիի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուսաստանցի Աբդուլվախաբ Ասաինովի հետ:

Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մեկը մյուսի հետևից պարտության մատնեց իտալացի Լուիջի Ռինալդիին (9-0), թուրք Իսմայիլ Գյունին (6-1) և վրացի Օտար Աբուլաձեին (8-4) ու նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուս Սերգեյ Ստեպանովի հետ: Վերջինս պայքարից դւորս է թողել Ամոյանի «հին» մրցակիցներից մեկին՝ ադրբեջանցի Ուլվու Գանիզադեին:

Մինչև 82 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի չեմպիոն Կարեն Խաչատրյանը մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով. 11-3 հաշվով պարտության մատնեց իսրայելցի Դավիդ Ժիտոմիրսկուն: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը հունգարացի Իշտվան Տակաշն էր: Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ Խաչատրյանը հաղթում էր 3-0 հաշվով, սակայն վերջում անուշադիր գտնվեց ու 4 միավորանոց հնարք բաց թողելով՝ պարտվեց: Եթե Տակաշը դուրս գա եզրափակիչ, ապա Խաչատրյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մինչև 55 կգ քաշային Գևորգ Սուքիասյանը այսօր սփոփիչ գոտեմարտում 9-8 հաշվով հաղթեց ռումին Կոնստանտին Տուդորին և իրավուքն ստացավ երեկոյան գոտեմարտել բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Զաուր Ալիևը:

Բացի այդ այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը. նրա մրցակիցը կլինի բելառուս Ալեքսանդր Պեչուրենկան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000