Որոնել
Արխիվ
29.05.2019  19:32

Սկանդալային եզրափակիչը, Մխիթարյանի նշանակությունն ու ծանրագույն հարվածն ՈւԵՖԱ-ին

Այսօր՝ մայիսի 29-ին, կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, որը սպասված էր շատ երկրպագուների կողմից։

Իհարկե, շատերը հույս ունեին, որ հանդիպմանը կհետևեն մարզադաշտից, այդ թվում նաև արտերկրում բնակվող հայ ֆուտբոլասերները, բայց մեծ մասի սպասելիքները չարդարացան։ Տպավորություն է ստեղծվում, որ «Արսենալի» և «Չելսիի» այն երկրպագուները, ովքեր կարողացել են հասնել Բաքու և եզրափակչի տոմս ձեռք բերել՝ պետք է հերոսի կոչում ստանան։ Երկրպագուները ֆուտբոլի անբաժան մասն են, բայց մրցաշրջանի կարևորագույն խաղում նրանց կարծիքը, հարմարավետությունն ու այլ հանգամանքներ անտեսվել են։

Այնուամենայնիվ, դրանից չի կորում դիմակայության հանդեպ հետաքրքրությունն աշխարհի տարբեր կետերում։ Դասական լոնդոնյան դիմակայություն, որին ականատես ենք լինում առնվազն տարին 2 անգամ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք կանխատեսումներ անել՝ հիմնվելով նախորդ հանդիպումների վրա ու ուսումնասիրելով վիճակագրությունը։

Սա երկու թիմերի համար էլ մրցաշրջանի կարևորագույն խաղն է։ «Արսենալը» հանդիպմանը մոտեցել է մի շարք կորուստներով։ Խաղին չեն մասնակցի պաշտպաններ Մավրոպանոսը, Բելերինը և Հոլդինգը, կիսապաշտպաններ Սուարեսը, Մխիթարյանը և Ռեմսին։ Այս ֆուտբոլիստների բացակայությունը միանշանակ լուրջ ազդեցություն կունենա «զինագործների» խաղի վրա։

Չենք անդրադառնա Մխիթարյանի բացակայության պատճառներին, որովհետև դա արդեն բավականին «ծեծված» թեմա է և բոլորը շատ լավ հասկանում են պատճառները, բայց Ադրբեջանից կարծիքներ հնչեցին, որ Հենրիխն այնքան էլ կարևոր ֆուտբոլիստ չէ «Արսենալի» համար ու նրա բացակայությունը չի ազդի խաղի վրա։ Ֆուտբոլից հասկացող որևէ անձնավորություն չի կարող համաձայն լինել այս կարծիքի հետ։ Եթե նույնիսկ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է լինում՝ Էմերին կարողանում է առավել հանգիստ զգալ՝ մտածելով, որ ունի խաղը հզորացնելու ունիվերսալ տարբերակ։ Հայտնի է, որ Հենրիխը կարողանում է հաջող գործել դաշտի յուրաքանչյուր հատվածում։ Նրան տեսնում ենք ենթահարձակվողի դիրքում, աջ և ձախ եզրերում, երբեմն եզրային և նույնիսկ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հենրիխը պաշտպանության կենտրոն նահանջում է հիմնականում «Արսենալի» անկյունայինների խաղարկման ժամանակ այն դեպքում, երբ ինքը չէ իրացնողը։ Նա տիրապետում է գրագետ փոխանցումների, կտրուկության, հասուն խաղի ու կարողանում է դաշտի տարբեր հատվածներում կարգավորել թիմի խաղը։ Այդպիսի ֆուտբոլիստին նույնիսկ պահեստայինների նստարանին ունենալը հսկայական առավելություն է ցանկացած թիմի համար։ Այժմ Էմերին խաղը հզորացնեու շատ ավելի քիչ տարբերակներ ունի, ու, եթե ամեն ինչ չգնա մարզչի ծրագրածով՝ չկա այն խաղացողը, ով կարող է մտնել դաշտ ու ցանկացած դիրք հզորացնել։ Չի բացառվում, որ Մխիթարյանը հայտնվեր նաև մեկնարկային կազմում՝ տեղ զբաղեցնելով եզրում։ Նա արդեն ԵԼ-ն հաղթելու փորձ ունի և հայ երկրպագուները գիտեն, թե կարևոր հանդիպումներում ինչպես է կարողանում տրամադրվել։ Բավական է հիշել եզրափակչում «Այաքսի» դարպասը խփած գեղեցիկ գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Փորձառու, հաղթանակի համը զգացած ու վարպետությունը չկորցրած խաղացողի բացակայությունը քաղաքական պատճառով մեծ քննարկում առաջացրեց համաշխարհային ֆուտբոլային հանրության շրջանակում և ամեն մի քննադատություն կարծես ծանրագույն հարված է ՈւԵՖԱ-ի և Ադրբեջանի հեղինակությունը, որոնք ամեն կերպ փորձում էին իրավիճակը մեղմել, բայց այն ավելի է թեժանում։

Սկանդալային եզրափակչում Ռեմսիի բացակությունը նույնպես ազդեցություն կունենա «զինագործների» խաղի վրա, որովհետև ուելսցին հանդիսանում է թիմի առաջատարներից մեկը։ Բելերինը նույնպես հիմնական կազմի ֆուտբոլիստ է համարվում, բայց նա վաղուց է վնասվածք ստացել և «Արսենալն» առանց նրա սովորել է խաղալ։

Սարին «Չելսիում» ապացուցելու շատ բան ունի, բայց այս հանդիպումն ավելի շատ կյանքի ու մահու պայքար է լինելու հենց «Արսենալի» համար։ Թիմը մրցաշրջանի սկզբից նպատակ ուներ վերադառնալ Չեմպիոնների լիգա ու ԱՊԼ-ի ամբողջ մրցաշրջանում վատ չէր խաղում։ Թվում էր, թե քառյակում «Արսենալն» անպայման կհայտնվի, բայց մրցաշրջանի վերջում թիմը սարսափելի տեսք ուներ։ Նրանք պարտվում կամ միավորներ էին կորցնում անսպասելի իրավիճակներում ու առաջնությունն ավարտեցին քառյակից դուրս, ինչը հիասթափություն էր երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզչի համար։ Այժմ միակ հույսը մնացել է ԵԼ-ն և Էմերին, ով առաջնությունը հաղթելու հսկայական փորձ ունի, իր սաներին տրամադրելու բազմաթիվ տարբերակներ կունենա։ Եթե թիմին հաջողվի հաղթել, ապա Էմերիին կարելի է անվանել Եվրոպա լիգայի տիրակալը։

Ֆուտբոլիստների համար մոտիվացիա է նաև Մխիթարյանի բացակայությունը։ Շատ խաղացողներ բացահայտ նշեցին, որ հաղթելու են և այն նվիրեն Հենրիխին։ Հավաստի տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստները ցանկանում են մարզմանը մասնակցել Հենրիխի մարզաշապիկով, իսկ հանիպման ընթացքում գոլը և հաղթանակը երկրպագուները, ֆուտբոլիստները բացահայտ պետք է նվիրեին 30-ամյա կիսապաշտպանին, բայց ՈւԵՖԱ-ն հորդորեց զերծ մնալ նման ակցիաներից, հավանաբար, մտածելով ադրբեջանցիների նյարդային համակարգի կայունության մասին։

Եթե վտանգ է սպառնում ակցիա իրականոցնողներին, Մխիթարյան վանկարկողներին, ապա ի՞նչ կլիներ, երբ անձամբ Հենրիխն այնտեղ լիներ, գոլ խփեր ու բարձրացներ հայոց եռագույնն Ադրբեջանի սրտում։ Իսկ եթե անվտանգությունից ելնելով չէր ՈւԵՖԱ-ի նման հայտարարությունը, ապա անհասկանալի է, թե ինչու պետք է արգելվի վանկարկել այն ֆուտբոլիստի անունը, ով թիմի անդամ է հանդիսանում։ Չէ՞ որ դա յուրաքանչյուր երկրպագուի իրավունքն է։ Չէ՞ որ ՈւԵՖԱ-ն այնքան էր հայտարարել սպորտի ու քաղաքականության տարանջատման մասին, որ շատերը նույնիսկ հոգնել էին այդ արտահայտություններից։ Իսկ հիմա ի՞նչ եղավ։

Կազմակերպությունը շատ լավ հասկանում է, որ նման դեպքում իրավիճակը չեն կարող վերահսկել ու կլինեն մասսայական անկարգություններ, վիճաբանություններ և ծեծկրտուք։

«Չելսին» նույնպես վնասվածքների հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Հանդիպմանը կարող է չմասնակցել Նգոլո Կանտեն։ Նրա ներկայությունը խաղին հարցականի տակ է, որովհետև աշխարհի չեմպիոնը խնդիր ունի ծնկի հատվածում։ Դաշտ դուրս չեն գա պաշտպան Ռուդիգերը, կիսապաշտպաններ Հադսոն-Օդոին, Լոֆտուս-Չիկը և վան Գինկելը։ Բոլոր ֆուտբոլիստները, բացի վերջինից, կարող էին զգալիորեն հզորացնել թիմը և նրանց բացակայությունը մեծ կորուստ է «կապույտների» համար։

Բացի վնասվածքներից, հիմքեր կան ենթադրելու, որ թիմի ներսում անառողջ մթնոլորտ է տիրում։ Երեկ մարզման ժամանակ վիճաբանեցին Դվիդ Լուիսն ու Գոնսալո Իգուայինը, Սարին ինչ-որ բանից բարկացած հեռացավ մարզումից և այլն։ Այդ իրավիճակը կարող է ազդել խաղի արդյունքի վրա։

Մի շարք ֆուտբոլիստներ բացակայում են «Չելսիի» կազմից, բայց դաշտում է լինելու առաջատարը, ումից պետք է առավելագույնս զգուշանա «Արսենալը»։ Էդեն Ազարը, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հնարավորություն ունի թիմի հետ վերջին տիտղոսը նվաճել։ Նրա խաղը հիացմունք է առաջացնում։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ազարի համար ավելի նպաստավոր է, երբ չի ստանում ազատ տարածություն։ Կարողանում է բարդ իրավիճակներից ֆանտաստիկ դուրս գալ, շատ փոքր տարածության մեջ շրջանցել մրցակիցներին, գտնել օպտիմալ տարբերակ։ Նա հաճախ սխալվում է պարզագույն իրավիճակներում, երբ ոչ ոք չի խանգարում և ազատ տարածությունը շատ է։ Իհարկե, սա չի նշանակում, որ «Արսենալը» միտումնավոր պետք է վերահսկողություն չսահմանի Ազարի նկատմամբ։ Շատ դժվար է գտնել բելգիացու թույլ կողմն ու կարողանալ նրան զրկել գնդակից։ Դա լրջագույն խնդիր է Էմերիի համար, որը լուծման հրատապ անհրաժեշտություն ունի։

Երկու թիմերում էլ շատ են խնդիրները, բայց սա յուրահատուկ հնարավորություն է թիմերի համար մրցաշրջանը հաջող դարձնել նվաճած տիտղոսով։ Բնականաբար, ակնկալիքները շատ մեծ են երկրպագուների կողմից, ինչը կփորձեն արդարացնել ֆուտբոլիստները։

 

Ջիվան Օհանյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000