Որոնել
Արխիվ
23.05.2019  21:55

Արմեն Մելիքբեկյան. «Չէինք սպասում «Լոռի» – «Փյունիկ» խաղին, որ նոր սկսեինք քայլեր ձեռնարկել»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լոռի» – «Փյունիկ» խաղում մրցավարական սկանդալին, ինչպես նաև պատմեց արտասահմանցի մրցավարներ հրավիրելու ծրագրերի մասին:

«Լոռի» – «Փյունիկ» խաղի մրցավարը (Արտակ Սիմոնյան-խմբ.) պատժվել է անորոշ ժամանակով, առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը: Պատճառն ակնհայտ 11-մետրնոցը չնշանակելն է: ՀՖՖ-ին ուղղված «Փյունիկի» նամակում նշված էր, որ նրանք մրցավարին մեղադրում են կանխակալության մեջ: Մեզ համար շատ կարևոր է դա պարզել քննության ընթացքում: Եթե սխալը միտումնավոր չէ, մրցավարը կպատժի ըստ կանոնակարգի: Նույնիսկ աշխարհի լավագույն մրցավարները կոպիտ սխալները են թույլ տալիս: Վերջիվերջո Մարադոնան ձեռքով գոլ խփեց, բոլորը տեսան, բացի մրցավարից: Հարկավոր է պարզել կանխակալության մեղադրանքի հիմնավորումը: Դա պարզելու համար կան մեխանիզմներ, խաղերի վերլուծություններ: Նշեմ, որ երկրորդ տուրում նույն Արտակ Սիմոնյանը պատժվել է «Արարատ-Արմենիայի» դեմ սխալ որոշման համար (հիմա նրան մեղադրում են այդ թիմին աջակցում մեջ-խմբ.): Դա կարճ գործընթաց չէ, որ 3-4 որում պարզվի:

Ինչ վերաբերվում է մրցավարին փոխելու «Փյունիկի» նամակին, նշեմ, որ եթե մեկ անգամ անենք դա, բոլորը կուզենան փոխել մրցավարին: Աշխարհում ոչ մի տեղ չկա, որ թիմը կարող է դիմել և մրցավարը կփոխվի: Մենք Հայաստանում շատ մրցավարական բրիգադներ չունենք, փաստացի 5-7 հոգի են, իսկ Արտակ Սիմոնյանը մեր լավագույններից է: Ունենք այն, ինչ ունենք: ՀՖՖ-ն իրեն չի կարող թույլ տալ բոլոր խաղերին արտասահմանցի մրցավարներ հրավիրել, դա շատ թանկ հաճույք է: Գինը չեմ ասի, բայց այն ՈՒԵՖԱ-ի սահմանած սակագներով է:

Այստեղ նաև հոգեբանական գործոն կա, որովհետև հայ մրցավարների վրա ճնշումը շատ մեծ է: Եթե արտասահմանցի մրցավարը նույն սխալն անի, ոչ ոք չի ասի միտումնավոր էր:

Մենք պատրաստվում էինք վերջին երկու տուրերի կարևոր խաղերի համար արտասահմանցի մրցավարներ հրավիրել, սակայն ստացվեց այն ինչ ստացվեց: Կարող եմ նշել, որ լայն համագործակցություն ենք ծրագրել, և այն սկսել ենք դեռ մարտից: Այնպես չէ, որ մենք սպասում էինք «Լոռի» – «Փյունիկ» խաղին, որ նոր սկսեինք ինչ-որ քայլեր ձեռնարկել: Ցավալին այն է, որ մենք բավականաչափ մեծ ռեֆորմներ ենք նախապատրաստել մրցավարական կորպուսում: Պատրաստում ենք 5 երկրների հետ համատեղ մրցավարական համաձայնագիր, որի շրջանակում կարևոր խաղերից մեկ օր առաջ կարող ենք մեր ընտրած այդ հինգ երկրներից մրցավարներ հրավիրել, նրանք էլ` մեզնից: Այդ պրակտիկան կիրառվելու է հաջորդ մրցաշրջանից, փաստաթղթերը պատրաստման փուլում են: Դրանք Հայաստանին մոտ գտնվող երկրներ են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000