Որոնել
Արխիվ
23.05.2019  20:19

Մելիքբեկյան. «Հայաստանում առաջին անգամ փորձում ենք վաճառել հեռարձակումների իրավունքները»

ՀՖՖ-ի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանեց «Բանանցի» համասեփականատեր Ջևան Չելոյանցին, ով նշել էր, որ Հայաստանի առաջնության խաղացանկը կազմված է ի շահ ակումբներից մեկի:  

«Բացարձակ համաձայն չեմ: Մենք պահպանել ենք ՈՒԵՖԱ-ի պահանջած և մեր կանոնակարգով սահմանված խաղերի միջև 72 ժամի տարբերությունը: Նրանք դա մի փոքր շահարկում են` չասելով ամեն ինչ: Մենք նամակ ենք գրել ակումբներին` տեղյակ պահելով, որ սկսում ենք փորձնականորեն համագործակցությունն ինտերնետ հեռարձակողների հետ: Նշել ենք, որ այդ իրավունքների վաճառքի դեպքում խաղերի ժամերը պետք է համապատասխանեցնենք մեդիային: Սիմվոլիկ  վճարումներ ենք արել ակումբներին` 1 միլիոն դրամ և խոստացել, որ եթե համագործակցությունը հաջող ստացվի, այդ վճարումները կավելանան: Հայաստանում առաջին անգամ փորձում ենք վաճառել հեռարձակումների իրավունքները և նյութականացնել մեր «ապրանքը»` առաջնությունը: Խնդրել ենք ըմբռնումով մոտենալ, քանզի կարող ենք հարմարվել հեռարձակողների ցանկությանը: Չառարկելով այդ նամակին, ակումբները հետո շահարկում են դա, ես չեմ հասկանում:

Բացի այդ, ես ասել եմ, որ այս առաջնությունը վատ ժառանգություն է, որը մենք ստացել ենք: Իմ պատկերացրած կանոնակարգն այլ կլիներ: Մյուս մրցաշրջանից ձևաչափը կփոխվի, կստանանք ակումբների առաջարկները, կքննարկենք և արդեն հաջորդ տարի այդ գործընթացն ավելի վերահսկելի կլինի: Շատերը բողոքում են, որ խաղերը շատ են, բայց մենք չէինք կարող ՀՖՖ գալուց հետո փոխել մրցաշարը, որն արդեն սկսվել էր: Ես կարծում եմ, որ հաջորդ առաջնությունում, երբ 10 թիմ կլինի, երեք շրջանը բավական է, գումարած գավաթի խաղերը:

Ես երկար ժամանակ մտածում էի պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին, որում ակումբներն ինքնուրույն կկառավարեին իրենց մրցաշարը: Բայց հիմա ասեք` միթե միմյանց այսպես մեղադրող ակումբները կարող են միասին լիգա ստեղծել: ՀՖՖ-ի համար Հայաստանի առաջնությունը մեծ ծախս է, եթե այդ լիգան լիներ, մենք այդ գումարները չէինք ծախսի:

Ներկայումս տարբեր ընկերությունների հետ բանակցությունների մեջ ենք նաև առաջնության անունը վաճառելու շուրջ, որից հետո ակումբները կկարողանան գումարի մաս ստանալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000