Որոնել
Արխիվ
23.05.2019  17:10

Նոր ստադիոն կառուցելու հարցը քննարկվեց կառավարության նիստում

Այսօր՝ մայիսի 23-ին, կայացավ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը բարձրացրեց նոր տադիոն կառուցելու համար տարածք հատկացնելու հարցը, ինչին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Վանեցյան, մենք այդ թեման արդեն մի քանի անգամ քննարկել ենք։ Մարզադաշտ ունենալը շատ կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա մեր երկրում միջազգային խաղեր անցկացնել։ 

Այն պետք է չկառուցվի կանաչապատ տարածքների հաշվին։ Երևանի կենտրոնում տարածք չկա ոչ միայն մարզադաշտի, այլ նաև շենք կառուցելու համար (ժպտում է): Համաչափ զարգացման տրամաբանության մեջ պետք է մտածել, թե ինչ լուծում գտնել։ Հասկանալի է, որ պետք է այն մոտ լինի օդանավակայանին և այլ տարբեր գործոններ։ 

Արդեն մի քանի գաղափարներ քննարկել ենք։ Օրինակ, մարզադաշտը կարող է լինել Հյուսիս-հարավ ճանապարհի հարակից տարածքում։ Կարծում եմ՝ դա լավ գաղափար է առաջին հայացքից, բայց փորձագետները պետք է կարծիք հայտնեն»։

Վարչապետը նշեց, որ պետք է ավելի ինտենսիվ քննարկվի նոր ստադիոն կառուցելու հարցը, որպեսզի վերջնական որոշում լինի վայրն ընտրելու վերաբերյալ։

Արթուր Վանեցյանն ասաց, որ ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել Հայաստանում եղած մարզադաշտերը, որովհետև չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ 

Նրա խոսքով, նոր ստադիոնի շուրջ պետք է լինի մեծ կանաչապատ գոտի՝ այգի։ Ստադիոնը պետք է զբաղեցնի 5-6 հեկտար տարածք, իսկ շրջակա միջավայրում այգի կառուցելու համար անհրաժեշտ է 10-15 հեկտար տարածք։

ՀՖՖ նախագահը խոսեց նաև «Հրազդան» մարզադաշտի մասին՝ ասելով․

«Հրազդանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ահռելի ներդրումներ են անհրաժեշտ։ Դեռ փաստ էլ չէ, որ նույնիսկ այդ ներդրումներից հետո այն կհաջողվի բոլոր չափանիշներին համապատասխանեցնել։

Ամենակարևորն անվտանգության ապահովման խնդիրն է։ Այսինքն, մեքենաների համար մուտքերը պետք է լինեն մի քանի կողմից, երկրպագուների տարհանման դեպքում պետք է այն տեղի ունենա 15-20 րոպեի ընթացքում։ Անհնար է «Հրազդան» մարզադաշտը հարմարեցնել այդ պայմաններին։ 

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում պետք է այն վերանորոգվի և օգտագործվի տեղական խաղեր անցկացնելու համար, որի պահանջարկը նույնպես շատ մեծ է։ Սեփականատիրոջ հետ հանդիպել ենք և զրուցել այդ թեմայով»։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000