Որոնել
Արխիվ
12.05.2019  00:29

Մինասյան. «Արարատ-Արմենիան» հոգեբանորեն վերականգնվել է»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպումից առաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի հոգեբանական վիճակի, առաջիկա հանդիպման և Չեմպիոնների լիգայի դիտարժան խաղերի մասին:
1. Այս անգամ դուք մեկ շաբաթ դադար ունեցաք երկու հանդիպումների միջև: Հաջողվե՞ց թիմին վերականգնվել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։
- Պարապմունքները ցույց են տալիս, որ թիմը հոգեպես վերականգնվել է։ Կարծում եմ, որ սա շատ նորմալ գործընթաց է։ Ես միշտ ասել եմ, որ ֆուտբոլում հնարավոր է և՛ հաղթել, և՛ պարտվել։ Պետք է ուղղակի վերլուծել և շարժվել առաջ։ Իսկ ֆիզիկական վիճակի մասին կարող եմ ասել, որ ֆուտբոլիստներն ավելի ագրեսիվ են պարապմունքների ժամանակ։ Ցանկալի կլինի, որ այս տոնուսն ու դրական տրամադրվածությունը վաղը տեղափոխենք խաղի մեջ:
2. Վաղը կարևոր խաղ է երկու թիմերի համար էլ, և մրցաշարային աղյուսակին նայելով կարելի է ենթադրել, որ երկուսն էլ հաղթանակի համար են խաղալու: Այս հանգամանքից ելնելով, կարո՞ղ ենք ենթադրել, որ ավելի բաց ֆուտբոլ կտեսնենք, թե՞ ոչ, քանի որ ամեն սխալի արժեքն ավելի բարձր է լինելու:
- Նախ ուզում եմ շնորհավորել «Ալաշկերտ»-ին գավաթի հաղթանակի կապակցությամբ։ Հստակ կարող եմ ասել, որ մենք ձգտելու ենք ինչքան հնարավոր է վերև բարձրանալ մրցաշարային աղյուսակում։ Թե ինչպես կստացվի դժվար է ասել, բայց մեր թիմի պլանները չեն փոխվել։ Մենք ցանկացած խաղում ուզում ենք մտնել դաշտ և հաղթել։ Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա։
3. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերը շատ լարված և դրամատիկ ստացվեցին։ Շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը, ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Նախ ուզում եմ նշել, որ շատ լավ է, որ խաղերն այսպես են ավարտվում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ֆուտբոլն անկանխատեսելի է։ Դրանով է հենց ֆուբոլը հետաքրքիր ու դիտարժան, և նման խաղերն են, որ ֆուտբոլը սարքում են համար առաջին սպորտը։
Ինչ վերաբերվում է խաղերին, եթե կարճ ասեմ, երկու դեպքում էլ թիմերն ավելի շատ հաղթել են հոգեբանորեն։ Պարզ է, որ բոլոր թիմերն էլ ունեին նախապես մշակված ռազմավարություն՝ ինչպես սկսեն, ինչպես ավարտեն, խաղի սցենարից ելնելով ինչպես փոխեն խաղը։ Բայց երկու հանդիպումներն էլ նայելով, կարող եմ ասել, որ այն թիմը, որը ցույց տվեց բավարար բնավորություն, այդ թիմն էլ գրանցեց դրական արդյունք։ Նայելով զույգերին, տարբեր խաղաոճերով, բայց գրեթե հավասար թիմեր էին։ Այստեղ միանշանակ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը և իրենց հավատը մեծ դեր ունեին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարձր մակարդակի խաղերում, երբ մեկ խաղը կարող է լինել որոշիչ, թիմի բնավորությունը հաջողության հասնելու և հաղթելու ամենակարևոր գրավականն է։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000