Որոնել
Արխիվ
08.05.2019  18:04

ՉԼ. «Այաքսը»՝ անսովոր կարգավիճակում և այլ «Տոտենհեմի» սպասելիքով

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում այսօր «Այաքսն» Աստերդամում կհյուրընկալի «Տոտենհեմին»։ 

Դիմակայության առաջին խաղում լոնդոնցիները մեկ անպատասխան գոլ են բաց թողել, ինչը չնչին առավելություն է «Այաքսի» համար։ Այնուամենայնիվ, «Տոտենհեմի» առջև Պոչետինոն խնդիր է դնելու հաղթել ցանկացած հաշվով, ինչը նվազագույնը թիմին հնարավորություն կտա չպարտվել դիմակայության հիմնական ժամանակում։

Առաջին խաղում ակնհայտ էր, որ «Այաքսը» շատ ավելի գրագետ, սուր ու կրակոտ ֆուտբոլ էր խաղում մրցակցի հարկի տակ։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ «Տոտենհեմն» ուներ մեծ կորուստներ հարձակման գծում։ Խաղին չէին մասնակցում առաջատարներից երկուսը՝ Սոնն ու Քեյնը, իսկ խաղի ընթացքում վնասվածք ստացավ պաշտպան Վերտոնգենը, ում փոխարեն դաշտ մտավ կիսապաշտպան և մարտավարության հարկադրված փոփոխություն եղավ։ Նման ծանր պայմաններում անգլիական ակումբին հաջողվեց չպարտվել ավելի խոշոր հաշվով, ինչը կարելի է փոքրիկ ձեռքբերում համարել։

Նման խաղով «Այաքսը» կարող էր նվազագույնը ևս մեկ գոլ խփել։ Բավական է հիշել Ներեսի հարվածը, որից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը։

Սպասվում է, որ պատասխան խաղում երկրպագուները կտեսնեն լիովին այլ «Տոտենհեմի»։ Առաջին դրական նորությունը թիմի համար այն է, որ շարք է վերադարձել վերջին շրջանում հարձակման գլխավոր գործող անձը հանդիսացող Սոն-Հին Մինը։ Նա ունիվերսալ է, մանևրում է տարբեր եզրերում, կենտրոնում և կտրուկության հաշվին միշտ լարվածության մեջ է պահում մրցակցի պաշտպաններին։ Ամենայն հավանականությամբ, Պոչետինոն հենց նրան դաշտ դուրս կբերի Լյորենտեի փոխարեն, ով առաջին խաղում դաշտում էր, բայց չկարողացավ որևէ օգուտ տալ թիմին։

«Տոտենհեմն» ունի նաև կենտրոնական պաշտպանի կորուստ։ Խաղին չի կարող մասնակցել Դավինսոն Սանչեսը, ում համարժեք փոխարինել հնարավոր է։ Պաշտպանության կենտրոնում Պոչետինոն կարող է օգտագործել Վերտոնգեն-Ալդերվեյրելդ զույգին, ինչն ամենահավանականն է։ Եթե Սանչեսը վնասվածք ստացած չլիներ՝ միգուցե մարզիչն օգտագործեր 3 պաշտպանով մարտավարությունը, ինչը տեսանելի էր անցած հանդիպման մեկնարկում։ Մեծ ցանկության դեպքում մարզիչը կարող է ընտրել նույն տակտիկան՝ երրորդ պաշտպանի դիրքը վստահելով Դայերին, բայց թիմին անհրաժեշտ է առաջ շարժվել ու գոլ հեղինակել, իսկ պաշտպանության կենտրոնը հագեցնելը կարող է ավելորդ համարվել։ Երբ թիմը հետ բերի կորցրածը՝ հնարավոր է՝ թիմն անցնի այդ տարբերակին։

Խաղին հնարավոր է չմասնակցեն նաև Էրիկ Լամելան ու Սերժ Օրյեն։ Նրանք պահեստային ֆուտբոլիստ են համարվում, բայց, հաշվի առնելով, որ թիմի պահեստային նստարանն այնքան էլ երկար չէ՝ նրանք կարող էին օգուտ տալ թիմին երրորդ խաղակեսում։

«Այաքսի» կազմում խաղին չեն մասնակցի Բանդեն ու Էյտինգը, բայց դա լուրջ կորուստ չէ հոլանդական ակումբի համար։ Լուրջ կարող է համարվել Դավիդ Ներեսի բացակայությունը, ով վնասել է ձեռքը, բայց հավանական է, որ վերջինս հասցնի ապաքինվել ու մասնակցել նշանակալի մրցավեճին։

Տեն Հագի թիմն արդեն հասցրել է զարմացնել, հիացնել շատերին, իսկ այսօր պետք է կատարի վերջին քայլը դեպի եզրափակիչ։ Թիմում ձևավորված հիանալի մթնոլորտը, արդեն կայացած աստղերի ներկայությունը, երկրորդ երիտասարդությունն ապրող փորձառուների համադրությունը ստեղծում են յուրահատուկ կոլորիտ, մեկ օրգանիզմ, որին հետևելը չեզոք երկրպագուների համար միայն հաճույք է։ Թիմը չի վախենում մեծ ուժերով առաջ շարժվելուց, պաշտպանությունից կարճ փոխանցումներով դուրս գալուց, տարբեր ճաշակի և ոճի կոմբինացիաներ իրացնելուց ու դիրքային փոփոխություններ կատարելուց։ Տպավորություն է ստեղծվում,թե նրանք կառավարվում են համակարգչի օգնությամբ։ Արդեն տեսել ենք, թե ինչպիսի խնդիրների են բախվում բոլոր թիմերն «Այաքսի» հետ մրցելիս։

Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ներկայիս «Այաքսը» կարողանում հաշիվ պահել կամ արդյո՞ք կարողանում է։ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի պատասխան խաղերում թիմը պայքարել է կորցրածը հետ բերելու համար, իսկ հիմա եկել է ժամանակը պահպանել, զարգացնել ձեռք բերածը։ Դեռ չենք տեսել ամստերդամցիներին նման իրավիճակում, ինչն ավելացնում է անկանխատեսելիության գործոնը։

Ֆուտբոլային աշխարհի գլխավոր ինտրիգն այժմ այն է՝ արդյո՞ք կլինի անգլիական եզափակիչ, թե կանցնի «Այաքսն» ու խաղաոճերով նման թիմերը կբախվեն միմյանց։ Երկու դեպքում էլ չափազանց դժվար է կանխագուշակել՝ ով կդառնա գավաթակիր։ Հաշվի առնելով «Լիվերպուլի» սխրանքը «Բարսելոնայի» հետ երեկվա խաղում՝ չեմպիոնության ցանկացած արդյունք կարելի է սենսացիոն համարել։

Գուշակեք, թե որ թիմը դուրս կգա հաջորդ փուլ քվեարկության միջոցով կայքի աջ հատվածում՝ ՀԱՐՑՈՒՄ բաժնում։  

Ջիվան Օհանյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000