Որոնել
Արխիվ
06.05.2019  11:45

Հայր և որդի Ջուլֆալակյաններին մեղադրում են մարդ ծեծելու մեջ. Արսենը հերքում է

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։ Նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ու նրա որդու, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի միջև: Ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ջուլֆալակյաններն ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

Պարզաբանման համար Armtimes.com-ը հարցազրույց է վերցրել Արսեն Ջուլֆալակյանից, ով հերքել է մարդ ծեծելու վերաբերյալ մեղադրանքը.

 - Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Դուք ու Ձեր հայրը՝ Լեւոն Ջուլֆալակյանը, մարդ եք ծեծել: Ճի՞շտ է:

- Այն, ինչ ասվում է, Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Ձեր հարցին կարող եմ հարցով պատասխանել. ինչպե՞ս կարող է լինել, որ ես ցանկացած պարագայում դեմ եմ ծեծին, ուժ գործադրելուն, 2-րդ, եթե նույնիսկ դրան հասներ, ինչպե՞ս կարող էինք 63 տարեկան մադրուն ես ու հայրս ծեծեինք, 2 հոգով ինչպե՞ս կարող էինք 1 հոգու ծեծել: 3-րդ, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել: Ես ուզում եմ հիմա այդ մարդը խոսի, հարցազրույց է տալիս, ինչ է անում, ասի, հասկանանք՝ ոնց ենք ծեծել, ինչ է եղել, ինչ է ասում: Ուզում եմ հասկանալ նման բան ասելու նրա մոտիվացիան: Նա մեր գործընկերն է, մեզ հետ գործընկերային հարաբերությունների մեջ է: Մեր մեջ եղել է զուտ գործընկերային քննարկում, խոսակցություն: Ոչ մի հարված, բացարձակ ոչ մի հարվածի մասին խոսք լինել չի կարող: Ու էլի եմ կրկնում՝ չեմ պատկերացնում, որ հանկարծ այնպիսի բան լինի, որ ես ու հայրս 2-ով 63-ամյա մարդու... թեկուզ երիտասարդի, կապ չունի, 2 հոգով 1 հոգու ծեծել... առհասարակ ծեծել... ես միշտ կոչ եմ անում ուժ չգործադրել, հիմա ինչպե՞ս կարող է ես ինչ-որ մեկի հանդեպ, այն էլ գործընկերոջ հանդեպ ուժ կիրառեի: Այլ բան է, որ տեղի է ունեցել գործնական լուրջ խոսակցություն, քննարկում, գործի հետ կապված գործնական հարաբերությունների վերաբերյալ: Ուժի կիրառում բացառվում է, չի եղել նման բան:

- Ո՞ւմ մասին է խոսքը:

- Մեր գործընկերոջ՝ Սերգեյ Մխիթարյանի:

- Ըմբշամարտի՞ գործընկեր է:

- Ո՛չ: Մեր բիզնեսի գործընկեր է: Ես հիմա սպասում եմ, որ նա պատասխանի: Այսինքն՝ իր ասածը նա պետք է հիմնավորի, մեկնաբանի, ես սպասում եմ դրան: Հիմա իմացա Ձեզանից, հիմա պետք է սպասենք, հասկանանք, տեսնեմ իրեն նախ, հասկանամ՝ ինչու է նման բաներ ասել, այսինքն՝ նպատակ ունի՞ անվան վրա բիծ քաշի՝ մարդու հեղինակության հետ խաղա, թե՞ ֆինանսական է նրա մղումը: Չգիտեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ պետք է նրա մոտիվացիան հասկանամ:

- Ըստ մամուլի՝ նա վնասվածքներով՝ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» տեղափոխվել է հիվանդանոց ու հաղորդում է տվել: Նշվում է նաեւ, որ Դուք ու Ձեր հայրը ոստիկանությունում բացատրություն եք տվել:

-  Երբ ոստիկանությունից մեզ զանգել զգուշացրել են, որ նման հայտարարություն կա ձեր անունով, գնացել ենք, այն, ինչ Ձեզ եմ ասում, նույնն էլ այնտեղ ենք ասել, որ ինչպես կարող ենք...

- Այսինքն՝ սո՞ւտ է, որ ծեծել եք նրան:

- Ասել է, որ հայր ու տղա ծեծել են, այդպիսի բան չկա: Նրա նկատմամբ ոչ մի հարված, ոչ մի բռնություն չի կիրառվել: Մեր մեջ տեղի է ունեցել գործնական խոսակցություն:

- Այդ խոսակցությունից հետո դուք ընդհանուր հայտարարի եկե՞լ եք ձեր գործնական թեմայով:

- Դեռ ո՛չ, բայց կարծում եմ, որ կգանք, հուսով եմ, որ կգանք:

- Իսկ ոստիկանությունում ձեր բացատրությունից հետո ի՞նչ են ասել:

- Ոչինչ: Բացատրել ենք, որ մեր մեջ բան չի եղել: էլի եմ կրկնում՝ ուզում եմ, որ այդ մարդը բացատրություն տա: Ոստիկանությունից այդ օրն ասել են, որ ահազանգ են ստացել, ես կամավոր հորս հետ գնացել եմ, որպեսզի հասկանանք՝ ինչով է պայմանավորված իր ասածը, ու մինչեւ հիմա, օրը նոր է բացվել ու պարզ չէ՝ ինձ՝ ինչու է նման բան ասել: Ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կգնանք, կտեսնենք իրեն, կհասկանանք, թե ինչ մղումով է այդ ամենն արել:

- Իսկ որտեղի՞ց նա կարող էր այդ վնասվածքները ստանալ, պատկերացում ունե՞ք:

- Ո՛չ, չեմ կարող ասել, չգիտեմ էլ ինչ վնասվածք է:

- Նաեւ կպարզաբանե՞ք՝ ինչ բիզնեսի հետ է կապված:

- Գործնական հարաբերություններ են, սրճարանային բիզնեսում իրար հետ բաժնետեր ենք՝ համասեփականատեր ենք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000