Որոնել
Արխիվ
29.04.2019  15:34

Վանեցյան. «Պետք է քաջություն ունենալ ու երիտասարդացնել մեր հավաքականը» (VIDEO)

Aysor.am-ի հետ հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է հայկական ֆուտբոլի մի շարքը հարցերի։

ԱԱԾ տնօրենի ու ՀՖՖ նախագահի պաշտոնը համատեղելու մասին

«Կարծում եմ՝ համատեղում եմ, ճիշտ չի լինի գնահատականը ես տամ։ Նորմալ կարողանում եմ երկուսն էլ համատեղել: Ֆուտբոլն, իհարկե, ուշադրության կենտրոնում է, ունենք շատ անելիքներ, արդեն իսկ սկսել ենք լուրջ բարեփոխումներ հայկական ֆուտբոլում»։

Հայկական ֆուտբոլի զարգացման մասին

«Ֆուտբոլն, իրականում, շատ զարգանալու տեղ ունի։ Որպես ֆեդերացիայի նախագահ՝ ինձ համար ամենակարևորը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է։ Պետք է կառուցել ֆուտբոլի դպրոցներ, ակադեմիաներ, հատկապես, մարզերում։ Մենք կատարում ենք շատ լուրջ աշխատանքներ։ Այս տարի Հայաստանի մարզերում կառուցվելու է 31 փոքր դաշտ։ Բանակցություններ ենք տարել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ու ստեղծելու ենք ԲԿՄԱ (բանակի կենտրոնական մարզական ակումբ), որը հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին բանակային տարիքը գալու ժամանակ զորակոչվեն ոչ թե սովորական ծառայության, այլ՝ ծառայության հետ զուգահեռ զբաղվեն ֆուտբոլով»:

«Ալաշկերտ» ակումբը Մարտունի տեղափոխելու մասին

«Ցավոք սրտի, Հայաստանում նախկինում տարբեր անձինք սեփականաշնորհել են մեր ֆուտբոլի մարզային դաշտերը։ Այսօր փորձում ենք բանակցել Մարտունիի մարզադաշտի սեփականատիրոջ հետ, որպեսզի կամ գնենք, կամ ինչ-որ մի կերպ վերցնենք մարզադաշտը։ Դրանից հետո «Ալաշկերտի» սեփականատիրոջը մենք խոստացել ենք աջակցություն։ Աջակցությունը կայանում է մոտ 250 միլիոն դրամի մասին»։

Ջիբրալթարի խաղից հետո ՀՖՖ-ին տուգանելու մասին

«Ի սկզբանե ֆեդերացիայի տուգանքը պետք է կազմեր 20 հազար եվրո, ֆեդերացիան տուգանվեց՝ ոչ 20 հազար եվրոյի չափով, եթե չեմ սխալվում, տուգանվեց 5 կամ 6 հազար եվրո։ Գումարը վճարել ենք ֆեդերացիայի միջոցներից»։

Ազգային հավաքականի մասին

«Մենք պետք է զարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, ունենանք շատ ֆուտբոլիստներ։ Այսօր հավաքականը պետք է երիտասարդացնել։ Պետք է քաջություն ունենալ ու երիտասարդացնել մեր հավաքականը։ Մենք պետք է հեղափոխություն կատարենք Հայաստանի ազգային հավաքականում»։

Հավաքականից հեռացված ֆուտբոլիստների մասին

«Ես աշխատում եմ հնարավորինս քիչ միջամտել գլխավոր մարզչի ու մարզչական թիմի ախատանքներին։ Ես չեմ խառնվում այդ հարցերին։ Վետոներ կոնկրետ անձանց վերաբերյալ ֆեդերացիայում չկան»։

Գլխավոր մարզչի մասին

«Մարզիչը կշարունակի դեռ պաշտոնավարել, բայց դա չի նշանակում, որ մարզչի փոփոխություն հնարավոր չէ»։

«Հրազդան» մարզադաշտի մասին

««Հրազդան» մարդադաշտը մեր հաղթանակների մարզադաշտն է, բայց աշխարհը գնում է առաջ, ֆուտբոլն՝ առավել ևս։ Այսօր «Հրազդան» մազադաշտը, անգամ եթե մենք վերանորոգենք, չի համապատասխանելու միջազգային ստանդարտներին։ «Հրազդան» մարզադաշտի վրա որ ծախսենք ահռելի գումարներ, ամեն դեպքում, ՈւԵՖԱ-ի կողմից չի լինելու թույլտվություն այնտեղ միջազգային խաղերի անցկացման համար»։

Նոր մարզադաշտի մասին

«Մարզադաշտ կառուցելը բավականին թանկ հաճույք է, բոլորս հասկանում ենք, որ պետությունը նման գումարներ չի տրամադրելու, ու մենք այսօր բանակցում ենք տարբեր ներդրողների հետ, որպեսզի հրավիրենք Հայաստան ու նրանք կառուցեն մարզադաշտ։ Աշխատանքներ իրականացվում են»։

Աբրահամ Խաշմանյանի կողմից ֆուտբոլիստին ծեծի ենթարկելու մասին

«Դեպքը, որ եղել է, կոնկրետ հաղորդում էր հանցագործության մասին։ Իրավապահները այդ հարցով զբաղվել են, ՀՖՖ-ում եղել են ուսումնասիրություններ։ Մեր աչքից չի վրիպել, կարծում եմ՝ նորմալ ավարտ կունենա այս պատմությունը»։

Արցախում անցկացվելիք CONIFA «Euro cup 2019» ֆուտբոլային առաջնության մասին

«Շատ կարևորում եմ Արցախում նման մրցաշարի անցկացումը։ ՀՖՖ-ն ամեն կերպ կաջակցի այդ մրցաշարի անցկացմանը։ Չեմ բացառում, որ մրցաշարին ներկա կգտնվեմ»։

Կոչ

Լցվեք համբերությամբ, բայց ձեր համբերությունը չենք չարաշահի։ Հավատացեք մեր ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլի պայծառ ապագային։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000