Որոնել
Արխիվ
26.04.2019  19:33

Էդգար Մանուչարյան. «Անգլիայի ու Ֆրանսիայի դեմ մենք ֆավորիտ էինք, բոլորի հետ կարելի է խաղալ»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ներկա էր Երևանի մետրոպոլիտենում կայացած «ֆուտբոլային գնացքի» միջոցառմանը: Դրանից հետո նա պատասխանեց ArmFootball.com-ի ու այլ լրատվաիջոցների հարցերին:

- Երևանում նախանշված Մ19 Եվրոպայի առաջնությունը կարծես թե կամաց-կամաց տոնի ենք վերածում: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

-Իմ կարծիքով, սա անպայման պետք էր, որ ամբողջ աշխարհը տեսնի ու հասկանա` մենք շատ ենք կարևորում Հայաստանում առաջին անգամ կայանալքի այս առաջնությունը: Հաճելի էր հանդիպել հավաքականի նախկին խաղընկերներին, տարեց ֆուտբոլիստներին, մարզիչներին և զրուցել նրանց հետ: Հաճելի մթնոլորտ է: Ցանկանում եմ, որ 19 տարեկանների հավաքականը լավ հանդես գա, որովհետև դա ոչ միայն նրանց համար է կարևոր, այլև նաև մեր հայկական ֆուտբոլի: Եթե Աստված տա ու մեր թիմը հաջող հանդես գա, պատանի ֆուտբոլիստները ավելի շատ կուզենան ֆուտբոլով զբաղվել, կտրվել փողոցից և հաջողությունների հասնել: Դա շատ եմ կարևորում:

- Հասցրե՞լ եք խոսել Մ19 հավաքականի հետ:

- Ճիշտն ասած՝ դեռ ոչ, բայց քիչ հետո կզրուցենք:

- Ի՞նչ խորհուդրներ եք տալու:

- Ամեն մարդ խորհուրդն իր ձևով է ընկալում ու հասկանում: Ինձ թվում է` նրանք լավ հասկանում են, որ շատ կարևոր առաջնություն է և պետք է ամեն ինչ անեն, իրենց առավելագույնը ցուցադրեն, լավ հանդես գան:

- Հայաստանի հեղինակության համար որքանո՞վ է կարևոր նման միջոցառում անցկացնելը:

- Շատ կարևոր է լավ միջոցառում անցկացնել, որպեսզի բոլորը միայն լավը խոսեն Հայաստանի, ֆուտբոլի ու ժողովրդի մասին: Դրա համար լավ կազմակերպումն ավելի կարևոր է, քան հենց մրցաշարը:

- Գնալո՞ւ եք խաղերը դիտելու:

- Եթե այստեղ լինեմ, անպայման:

-Նախորդ անգամ, երբ Հայաստանի Մ19 հավաքականը եզրափակիչ փուլ էր մտել, դուք թիմի կազմում էիք: Դա ի՞նչ տվեց Ձեզ այդ ժամանակ ու ի՞նչ կարող է տալ ներկայիս ֆուտբոլիստներին:

- Առաջին անգամ մենք եզրափակիչ փուլ մտանք և  այնպիսի ֆուտբոլիստների դեմ էինք խաղում, ովքեր միայն թոփ-ակումբներում են հանդես գալիս և երկար տարիներ մեկնարկային կազմում են եղել: Մեծ փորձ ձեռք բերեցինք: Եղել են պահեր, երբ Ֆրանսիայի ու Անգլիայի դեմ ենք խաղացել, բայց հենց մենք էինք ֆավորիտը: Իրոք այդպես է եղել: Դրանից մեզ շատ լավ ենք զգացել, հասկացել, որ բոլորի հետ կարելի է խաղալ: Պարզապես պետք է ջանասիրաբար աշխատել, մեկը մյուսի համար խաղալ: Արդյունքը դա է:

-Կարո՞ղ է այս առաջնությունը նաև օգնել, որ մեր ֆուտբոլիստները երևան արտասահմանյան սկաուտներին, որ ճանապարհ բացվի դեպի Եվրոպա:

- Միանշանակ, բոլոր ակումբների սկաուտներն էլ առաջի հերթին դիտում են մինչև 17, 19, 21 տարեկանների հավաքականներին: Նրանք չեն նայելու «Բանանցի» կամ «Փյունիկի» խաղը: Իսկապես, եթե ինչ-որ մեկը շատ լավ հանդես գա, ես ավելի քան վստահ եմ, որ նրան կհրավիրեն թոփ-ակումբներ:

- Իսկ այդ սկաուտների ուշադրությունը չի՞ կարող խանգարել մեր ֆուտբոլիստներին: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:

- Ես չեմ կարող ամեն մեկի անունից խոսել: Ճիշտն ասած, ժամանակին ես չէի սիրում այդպիսի ուշադրության կենտրունում լինել: Նույնիսկ, երբ մեր տանից որևէ մեկը գալիս նայում էր, ինձ մի քիչ լարված էի զգում: Սիրում եմ ազատություն, որ խաղից առաջ շատ չմտածեմ: Ես այդպիսին եմ, բայց կարող է մյուս ֆուտբոլիստն ուրիշ ձև է:

- Որպես 2005 թվականի եզրափակիչ փուլ մտած հավաքականի անդամ ու արդյունավետ ֆուտբոլիստ՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր հաջողության գաղտնիքը: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց նման արդյունքի հասնել, որը դեռ չենք կրկնել:

- Ճիշտն ասած՝ ես ինձնով շատ քիչ եմ արել: Ինձ թվում է՝ Աստված է ինձ ամեն ինչ տվել: Իմ առավելագույնից աշխատել եմ երևի 30 տոկոսով, իսկ մնացածն իմ տաղանդի շնորհիվ եմ կարողացել ֆուտբոլ խաղալ:

- Մեր ներկայիս պատանեկան հավաքականում կա՞ն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր օժտված ու աշխատասեր:

- Ճիշտն ասած` նրանց խաղը չեմ տեսել: Դրա համար կոնկրետ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Առաջնությունը ցույց կտա: Խոսելով չէ, պետք է գործով ցույց տաս:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000