Որոնել
Արխիվ
21.04.2019  21:50

Վարդան Մինասյան. «Բուգուհիի վնասվածքը համախմբեց ֆուտբոլիստներին»

Հայաստանի Գավաթի խաղարկության «Ալաշկերտի» դեմ հանդիպումից առաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի էմոցիոնալ և հոգեբանական վիճակի, Լուիս Օգանայի ցուցաբերած խաղի և Ժան-Ժակ Բուգուհիի վնասվածքի մասին։

- Ինչպե՞ս կգնահատեք թիմի էմոցիոնալ և հոգեբանական վիճակը բավականին բարդ խաղից հետո, որն ընթացավ եղանակային անբարենպաստ պայմաններում: Պատրա՞ստ է թիմը Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին:

- Նախ մինչև հարցին անցնելն ուզում եմ շնորհավորել բոլորիս Սուրբ Զատիկը, շատ կարևոր տոն է բոլոր քրիստոնյաներիս համար և իմ ամենասիրած տոներից մեկն է:

Ինչ վերաբերվում է հարցին, ասեմ, որ միշտ հաղթանակից հետո թիմը ավելի բարձր տրամադրվածությամբ է հանդես գալիս: Հուսով եմ առաջիկա խաղի ժամանակ ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց բոլոր հնարավորությունները, թարմ ուժերով և նման բարձր տրամադրվածությամբ կգրանցեն դրական արդյունք:

- Լուիս Օգանան առաջին անգամ հանդես եկավ հիմնական կազմում: Ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլիստի մարզավիճակը: Արդարացրե՞ց Ձեր սպասումները:

- Անկեղծ ասած չէի սպասում, որ երկու գոլի հեղինակ կդառնա, բայց նա շատ լավ ֆուտբոլիստ է և իր աշխատասիրությամբ լավ մարզավիճակ է ձեռք բերել: Միանշանակ կարող եմ ասել, որ Լուիսը խաղում է մոտիվացված և միշտ լավ է մարզվում պարապմունքներին:

- Մեկ անգամ չէ, որ նշել եք, որ թիմը կայացման փուլում է: Ի՞նչ եք կարծում, փոխվե՞լ է իրավիճակը:

- Կամաց-կամաց ֆուտբոլիստները սկսում են ծանոթանալ թիմի մոտեցումներին և սկզբունքներին: Ուզում եմ նշել, որ բացի խաղային սկզբունքներից, շատ կարևոր դեր ունեն մարզիչ-ֆուտբոլիստ սկզբունքները: Կարծում եմ, որ այս պարագայում թիմում մեծ պրոգրես կա և ֆուտբոլիստները հասցրել են ընտելանալ մեր աշխատելաոճին: Բայց դեռ ժամանակ է պետք լիակատար արդյունքի հասնելու համար, քանի որ տարվա սկզբից թիմի կազմը գրեթե 50%-ով փոխվել է՝ տասնմեկ ֆուտբոլիստ գնացել է թիմից և վեց նոր ֆուտբոլիստ եկել: Սա նշանակում է, որ պրոցեսը շարունակական է:

- Երեկ պաշտոնական հայտարարությամբ նշեցինք Ժան-Ժակ Բուգուհիի վնասվածքի մասին: Ինչքանո՞վ է սա կորուստ թիմի համար, և արդյո՞ք կարող ենք ասել, որ այս պատահարը համախմբեց թիմին:

- Տեսնելով թիմի ցուցադրածը նախորդ խաղից առաջ և խաղի ընթացքում, կարծում եմ Բուգուհիի դեպքն ունեցավ որոշակի ազդեցություն թիմի վրա և կարելի է ասել նաև համախմբեց ֆուտբոլիստներին: Ցանկացած ֆուտբոլիստի կորուստ մեզ համար շատ ցավալի է: Հույս ունեմ շուտ կապաքինվի և կրկին օգուտ կտա մեր թիմին:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000